Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ակտիվանում են ներիշխանական ինտրիգները: Իսկ իշխանության գլխավոր ինտրիգը կոալիցիոն երկու խոշոր ուժերի` Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ առկա կոնֆլիկտն է, որը սկիզբ է առել անցած տարի աշնանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտնի «50+1» հայտարարությունից, եւ բացառված չէ, որ կշարունակվի մինչեւ ընտրություններ:
Այս ընթացքում Գ.Ծառուկյանը ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի ճնշմամբ մի քանի անգամ բացահայտ ու կուլիսային, գրավոր եւ բանավոր հավատարմության երդումներ է տվել կոալիցիային։ Սակայն ակնհայտ է, որ դրանք բավարար չեն, եւ Ս.Սարգսյանին անհրաժեշտ է, որ ԲՀԿ-ն ավելի համոզիչ կերպով ապացուցի իր հավատարմությունը: Ընդ որում, ՀՀԿ-ն պատրաստ է ԲՀԿ-ին թողնել իշխանական ռեսուրսներից օգտվելու ֆորմալ եւ ոչ ֆորմալ հնարավորությունները, եթե այդ կուսակցությունն իրեն հավատարիմ լինի: Բայց քանի որ ԲՀԿ-ն ամբողջությամբ ինքնուրույն կառույց չէ, իշխանական շրջանակներում նրա հավատարմության հետ կապված առայժմ վստահություն չկա: Եվ հենց սա է պատճառը, որ ներկոալիցիոն ինտրիգների մասին վկայող այլ թեմաներին զուգահեռ` պարբերաբար շրջանառության մեջ է դրվում խորհրդարանական ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու թեման: Նույնիսկ հրապարակումներ կան, թե արդեն ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միասնական համամասնական ընտրացուցակն է ձեւավորվում: Երեկ, սակայն, թե ՀՀԿ-ից եւ թե ԲՀԿ-ից հերքել են, որ նման քննարկումներ են ընթացել կամ ընթանում, եւ որ այդ խոսակցություններն ընդամենը մամուլում տարածված բամբասանքներ են:
Խորհրդարանական ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու շուրջ քննարկումներ, անշուշտ, կան, առնվազն դեռեւս այդ վարկածը վերջնականապես չեն բացառում այդ ուժերից ոչ մեկը: Եվ դա տեղի է ունենում ոչ միայն մամուլում, այլ, ըստ տարբեր տեղեկությունների, նաեւ այդ երկու կուսակցությունների ղեկավարների կամ ղեկավար անդամների միջեւ: Պարզապես այն դեռ իր հանգրվանին չի հասել: Ասում են, թե Գ.Ծառուկյանը չի համաձայնում այդ տարբերակին, եւ դեռեւս ցանկանում է ընտրություններին առանձին մասնակցել: Սակայն որոշ տեղեկությունների համաձայն` ընտրություններին միասին մասնակցելու վերջնական որոշում դեռ չի կայացրել նաեւ Ս.Սարգսյանը, քանի որ ՀՀԿ-ի համար այդ տարբերակն ունի ոչ միայն առավելություններ, այլ նաեւ կարող է պարունակել որոշակի վտանգներ: Առավելությունն այն է, որ Ս.Սարգսյանն այդպիսով հնարավորինս վերահսկողություն կունենա ԲՀԿ-ի նկատմամբ: Բացի այդ, ավելի մեծ հնարավորություն կունենա միասնական ցուցակի` ԲՀԿ-ի մասնաբաժնում եւս իր համար ցանկալի մարդկանց ներգրավելու հարցում: Իսկ առանձին գնալու դեպքում ԲՀԿ-ն ինքնուրույն լինելու ավելի մեծ հնարավորություն կունենա, ինչը նախագահական ընտրություններին ընդառաջ` ՀՀԿ-ի համար կարող է անցանկալի հետեւանքներ ունենալ: Ամեն դեպքում, իշխանությունները պարբերաբար ճնշումներ են կիրառում ԲՀԿ-ի նկատմամբ, հետո դա թուլացնում են: Դրա վերջին դրսեւորումն էլ այդ կուսակցության անդամների եւ համակիրների ձերբակալություններն էին թմրանյութեր օգտագործելու եւ պահելու կասկածանքով: Նախօրեին նրանցից մեկին ազատ արձակեցին: Հիշեցնենք, որ նախօրեին խափանման միջոցը փոխելու միջոցով ազատ է արձակվել Մասիսի քաղաքապետարանի աշխատակից ԲՀԿ-ական Արթուր Ղազարյանը: Իրավիճակն այնպիսին է, որ այսօր այս երկու կուսակցություններից էլ միանշանակ չեն կարող հայտարարել` խորհրդարանական ընտրություններին առանձին, թե միասին են մասնակցելու, որովհետեւ դեռ հստակ կողմնորոշում չունեն: Երեկ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե կոալիցիոն կուսակցություններն այս պահին համագործակցում են եւ կհամագործակցեն նաեւ առաջիկա ընտրություններին: «Մնացածը` առանձի՞ն կգնանք, թե՞ միեւնույն ցուցակով կգնանք, սա ընդամենը ձեւն է, որ պիտի նայվի այդ ժամանակահատվածի պահանջարկին»,- ասել է նա:
ԲՀԿ-ից Վարդան Բոստանջյանը նույնպես չի բացառել, որ ընտրություններին կարող են համագործակցել: «Եթե երկրի շահերը ենթադրում են ու պահանջում են նման բան, ուրեմն բոլոր պարագաներում բոլոր քաղաքական ուժերի տրամադրվածությունն ու նպատակը պետք է լինի դա: Ելնելով այդպիսի իմպերատիվից, այսինքն` երկրի շահերից` ես կարողանում եմ տեսնել դրա հավանականությունը»,- երեկ հայտարարել է Վ.Բոստանջյանը:
Ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու ՀՀԿ-ի համար մտահոգիչ հեռանկարն այն է, որ կոալիցիոն կուսակցությունները թեեւ այդպիսով իրենց ուժերը կմիավորեն, սակայն ընդդիմության հետ պայքարում կներկայանան որպես մեկ բեւեռ: ՀՀԿ-ում մեծ են հատկապես ՀԱԿ-ի հետ կապված մտահոգությունները։ Եվ, իշխող կուսակցությունում էլ դեռ երկմտում են` թե ԲՀԿ-ին ստիպե՞ն մտնի միասնական ցուցակ, թե՞ թողնեն առանձին, որ այս կուսակցությունը որոշակի ընդդիմադիր կեցվածք ընդունի, եւ այդպիսով կարողանան գոնե կիսել ընդդիմադիր եւ չկողմնորոշված ընտրողների քվեները: ՀՀԿ-ում մտածում են, որ հակառակ դեպքում դրանք բաժին կհասնեն ՀԱԿ-ին, եւ եթե վերջինս կարողացավ իրենց նախատեսածից ավելի տեղեր ստանալ խորհրդարանում, դա գլխացավանք կդառնա իշխանությունների համար: Եթե ՀԱԿ-ը խորհրդարան բերի իր կուսակցությունների ղեկավարներին կամ ակտիվ գործիչներին, ովքեր բավականին թրծված են, կարող է խաթարել իշխանությունների խորհրդարանական գործունեությունը: Ինչը երբեմն մեղմ դրսեւորումներով անում են «Ժառանգություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունները: Երբեմն նրանց օգնության է հասնում ՀՀԿ-ից նեղացած ԲՀԿ-ն: Եվ ինչին վերջին անգամ ականատես եղանք նախօրեին, երբ քիչ էր մնում տապալվեր 2012թ. բյուջեի ընդունումը, երբ մի կերպ հնարավոր էր եղել ապահովել ընդամենը 66 «կողմ»: ԲՀԿ-ի պատգամավորների մեծ մասը ներկա չէին քվեարկությանը: Չէին եկել նաեւ ՀՀԿ-ի այն պատգամավորները, ովքեր արդեն գլխի են ընկել, որ հաջորդ խորհրդարանը փակ է իրենց առաջ, եւ այդպիսով իշխանություններին իրենց դժգոհությունն էին արտահայտել: Նախկինում էլ ԲՀԿ-ի շնորհիվ հնարավոր է եղել տապալել որոշ օրինագծերի ընդունումը: Նրանք պարզապես չեն մասնակցել քվեարկությանը: Եվ գալիք ընտրություններից հետո եթե ՀԱԿ-ի ծանր հրետանին մտնի խորհրդարան, իշխանություններն այսպիսի կազմով կընկրկեն: Իսկ եթե ավելացնենք «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների հայտնի անդամներին, ովքեր նույնպես բավական փորձառու են քաղաքական պայքարում, ապա իշխանական խմբակցություններին ծանր օրեր են սպասվում: Առաջիկա ընտրություններին «Ազատ Դեմոկրատների» եւ «Ժառանգության» հնարավոր համագործակցության եւ խորհրդարանում մանդատներ ստանալու հեռանկարով մտահոգ է նաեւ խորհրդարանական իշխանությունը: Եվ այս պայմաններում, ըստ խորհրդարանական կուլիսային քննարկումների, Ս.Սարգսյանը կփորձի ընտրել այն տարբերակը, որ ԲՀԿ-ին պահի առավելագույն հսկողության տակ: Առայժմ ընդամենը հայտնի չէ այն` դա կլինի միասնակա՞ն, թե՞ առանձին մասնակցելու տարբերակներով: Իշխանությունը մտածում է այս անգամ խորհրդարան բերել այնպիսի դեմքերի, ովքեր կկարողանան ավելի մեծ «որակ» ապահովել, որպեսզի կարողանան դիմակայել խորհրդարանական ընդդիմությանը, որը, ինչպես կանխատեսվում է, ավելի ազդեցիկ կլինի: Իզուր չէ, որ այս անգամ խորհրդարանում միայն կոճակ սեղմել կարողացող գործարարների փոխարեն` իշխանությունները մտադիր են մտցնել իրենց իսկ խոսքերով` «ծանր հրետանուն». խոսքը Խոսրով Հարությունյանի, Վազգեն Մանուկյանի եւ նման մի քանի այլ գործիչների անունների մասին է, որոնք, ամենայն հավանականությամբ, կհայտնվեն ՀՀԿ ցուցակում: