«Մարտի 1» հասարակական կազմակերպության նախագահ Ալլա Հովհաննիսյանը, ում որդին` Տիգրան Խաչատրյանը, 2008թ. մարտի 1-ին Երեւանի կենտրոնում սպանված 10 զոհերից մեկն է, զոհերի ծնողների անունից բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: «Թերթերից տեղեկացանք, որ «Ժառանգություն» կուսակցությունը դիմել է կառավարությանը` առաջարկելով 2012թ. բյուջեի նախագծով գումար հատկացնել մարտի 1-ի զոհերի ընտանիքներին: Կառավարությունը մերժել է առաջարկը` պատճառաբանելով, որ մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններում պետական մարմինների գործողությունների ոչ իրավաչափությունն ապացուցված փաստ չէ: Այն, որ այս իշխանություններն ամեն ինչ անելու են սպանությունները կոծկելու համար` մենք վաղուց գիտենք: Երեքուկես տարի ձգելով բացահայտման գործընթացը, դուք մի նպատակ եք հետապնդել` փակել մարտի 1-ի էջը: Բայց մեզ զայրացրել է այն, որ դուք անգամ հրաժարվում եք ձեր իսկ պաշտոնական փաստաթղթերից ու հայտարարություններից: ԱԺ նորընծա նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած մարտի 1-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովն իշխանության այդ գործողություններին տվել է «ոչ իրավաչափ» գնահատական: Հիմա արդեն հրաժարվե՞լ եք այդ գնահատականից, որ տվել էիք հենց ինքներդ: Մարտի 1-ին մեր որդիները կյանքից զրկվել են հենց պետական մարմինների կողմից արձակված ապօրինի հրամանների հետեւանքով: Ավելին` երեք հոգի սպանվել են «Չերյոմուխա-7» հատուկ միջոցի կիրառումից, որն արգելված զինատեսակ է: Իշխանության գործողությունների ոչ իրավաչափությունն արձանագրված է նաեւ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի զեկույցում, որում նշված է. «2008թ. մարտի 1-ին ուժի կիրառումը եղել է անհամաչափ, իսկ 10 մահվան դեպքերի հետաքննությունը` ոչ արդյունավետ»:
Այսքանից հետո ասել` «ոչ իրավաչափությունը ապացուցված փաստ չէ», նշանակում է` ծաղրել ոչ միայն զոհերի ընտանիքներին, այլ ծաղրի առարկա դարձնել ձեր իսկ կառավարությանը, արհամարհել ձեր ստանձնած պարտավորությունները եվրոպական կառույցների առջեւ: Մենք գտնում ենք, որ ձեր մերժման պատճառը վրեժխնդրությունն է: Պատճառաբանեք ձեր մերժումը եւ քողարկվեք այլ կերպ, զոհերի ընտանիքներին չվիրավորելու ու ավելի չբորբոքելու համար: Հարգեք վերջապես ձեր երկրի քաղաքացիներին` անկախ նրանց քաղաքական հայացքներից»,- ասված է նամակում: