Ինչո՞ւ ԲՀԿ-ին կրծքանշան չտվեցին

09/12/2011

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) վերջին համագումարին, «Ա1+»-ի հետ զրույցում ասել է, թե այս պահին որեւէ կուսակցություն չի ստացել ԵԺԿ անդամագրություն, քանի որ այդ հարցը քննարկվելու է 2012թ. փետրվարին կայանալիք ԵԺԿ նախագահության նիստում: Ն. Զոհրաբյանն ասել է, թե Մարսելից վերադառնալուց հետո պաշտոնական նամակ է ուղարկել Վիլֆրեդ Մարտենսին` խնդրելով հստակեցնել իրենց կուսակցության անդամակցության հարցը: «Անկախ իրենց վերաբերմունքից, մեր կուսակցության համար եվրաինտեգրացիան մնում է կարեւորագույն գերակայություններից մեկը: Եվրաինտեգրացիայի մասով մենք խնդիր չենք տեսնում մեր կուսակցության ծրագրային դրույթներն իրականացնելիս` ԵԺԿ հետ համագործակցությամբ, թե առանց այդ»,- նշել է նա: Հարցին, թե` արդյո՞ք ԵԺԿ-ին անդամագրվելու մասին չի վկայում Հայաստանի երեք կուսակցությունների առաջնորդներին հանձնված կրծքանշանները, Ն. Զոհրաբյանը պատասխանել է. «Վիլֆրեդ Մարտենսը մեր ներկայությամբ կրծքանշան հանձնել է միայն ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին: Համագումարից հետո միգուցե «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը եւս մոտեցել է ու ստացել է: Եթե ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւս մոտենար պարոն Մարտենսին, նա էլ կստանար, քանի որ վերջինս իր ելույթում հայտարարեց, որ պատեհ առիթով կհանձնի կրծքանշաններ նաեւ մյուս 2 կուսակցությունների ղեկավարներին` ՕԵԿ-ին ու «Ժառանգությանը»: