Ինչպես Ղարաբաղի՞ համար

09/12/2011

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի կարծիքով` Ջավախքի համար «մենք պետք է պայքարենք այնպես, ինչպես պայքարել ու պայքարում ենք Ղարաբաղի համար»: Նրա խոսքով` Ջավախքի հայաթափումը կործանարար կլինի Հայաստանի համար, քանի որ այդպիսով Հայաստանը կկորցնի իր հյուսիսային «դարպասը»: Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վրաստան կատարած այցին, Շ. Թորոսյանն ասել է, թե այն արդեն իսկ որոշակի առաջընթաց էր եւ «հույս է առաջացնում վիրահայության խնդիրների լուծման համար»: «Մենք բազմիցս ասել ենք, թե ինչպես պետք է լուծել այդ խնդիրները: Նախագահական պաշտոնական հանդիպումների ժամանակ նախ դրանք պետք է դարձնել օրակարգային թեմա: Հայ-վրացական հարաբերությունները պետք է ջերմ լինեն, բայց պետք է հասկանալ, որ առանց վիրահայության իրավունքները պաշտպանելու` չեն կարող նման հարաբերություններ զարգանալ»,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը: Նրա խոսքով` ընթացիկ տարին Ջավախքի հայության համար որոշ ձեռքբերումների տարի էր, հատկապես սոցիալ-տնտեսական եւ ճանապարհաշինության բնագավառում, քանի որ 2011թ. ավարտվեցին Ջավախքի գլխավոր մայրուղու վերականգնման աշխատանքները, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ Ջավախքը կապել Հայաստանի եւ Վրաստանի մայրաքաղաքի հետ: