Թուրքերը զայրացել են

21/11/2005

Թունիսում ՄԱԿ-ի հովանու ներքո անցնող Տեղեկատվական հասարակության համաշխարհային 2-րդ գագաթաժողովում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նվաճումների մասին Անդրանիկ Մարգարյանի ելույթն առաջացրել է գագաթաժողովում Թուրքիայի պատվիրակության խիստ զայրույթը: «Հայ մասնագետները գագաթաժողովի ինչպես ժնեւյան, այնպես էլ թունիսյան փուլերում շահել են գլխավոր մրցանակ. «Էլ-գիտություն» անվանակարգում՝ «Արեւի եղանակի կանխատեսում», «Էլ-մշակույթ» անվանակարգում՝ «Արամ Խաչատրյան. Կյանքն ու գործը» սկավառակների, ինչպես նաեւ հատուկ դիպլոմ «Էլ-կրթություն» անվանակարգում՝ «Հայոց մեծ եղեռն 1915-1923» սկավառակի համար»,- հայտարարել է Անդրանիկ Մարգարյանը: Վերջին մրցանակի մասին վարչապետի հայտարարությունն էլ զայրացրել է Թուրքիայի պատվիրակությանը: Հազիվ էր վարչապետը հասցրել ավարտել ելույթը, երբ դահլիճից ձայն է խնդրել Թուրքիայի պատվիրակը: «Պարոն նախագահ, ես ցանկանում եմ մեր ափսոսանքը հայտնել. դժբախտաբար, մի բան կա, որ երբեք չի փոխվում: Կրկին, այսպես կոչված «հայկական գենոցիդի» հարցը բարձրացվեց այս պատկառելի վեհաժողովում: Մենք չենք ընդունում նման որեւէ գենոցիդի գոյություն, ոչ էլ դրա հիշատակումը»,- վրդովված հայտարարել է Թուրքիայի պատվիրակը: