Պետք է արտադրենք այն, ինչ չի արտադրում Չինաստանը։ Այս միտքը ժամանակին արտահայտել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Իհարկե, թե՛ այն ժամանակ, թե՛ այսօր դժվար է գտնել որեւէ ապրանք, որը չինացիները չեն արտադրում։ Եվ դա նկատի ունենալով՝ գալիս էինք մի տխուր եզրակացության. ուրեմն մենք ոչինչ չպետք է արտադրենք։
Այնպես որ, զարմանալի չէր, որ այդ փիլիսոփայությունը սահուն մոռացվեց։
Սակայն երեկ կրկին հիշեցինք դրա մասին, քանի որ այն նոր երանգներ է ստացել. կարելի է արտադրել որոշ բաներ, որոնք Չինաստանը չի արտադրում, սակայն ավելի շուտ դա կանեն չինացիները՝ մեր իսկ երկրում։
Օրերս Երեւանում կայացավ հայ-չինական գործարար համաժողով՝ 11 չինացի եւ 39 հայ գործարարների մասնակցությամբ։ Համաժողովը կազմակերպվել էր Զարգացման հայկական գործակալության կողմից։ Իսկ երեկ հայ-չինական տնտեսական համագործակցության թեմայով լրագրողների հետ հանդիպել էին չինական պատվիրակության ղեկավար, Huahe International ընկերության նախագահ Լյու Չուանյաուն, Հայաստանում Չինաստանի առեւտրային ներկայացուցչության խորհրդական Գուան Գանգը եւ ԶՀԳ տնօրեն Ռոբերտ Հարությունյանը։
Գուան Գանգը նշել է, որ Չինաստանը Հայաստանի երկրորդ առեւտրային գործընկերն է։ Ռ. Հարությունյանն էլ ավելացրել է, որ 2010թ.-ի Շանհայի ցուցահանդեսից հետո հայկական ընկերությունները սկսել են արտահանում իրականացնել Չինաստան: Ըստ նրա` կարծրատիպ կա, որ շատ դժվար է մտնել չինական շուկա, սակայն բոլոր նախադրյալները կան, որ արտահանվող հայկական ապրանքների շրջանառությունը ապագայում կավելանա:
Վիճակագրությունը, սակայն, փոքր-ինչ այլ պատկեր է արտացոլում։ Ճիշտ է, առեւտրի ծավալներով Չինաստանը երկրորդ տեղում է՝ Ռուսաստանից հետո, սակայն դա գործընկերություն համարել դժվար է, քանի որ առեւտուրը գրեթե միակողմանի է։ Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին չինական ծագման ապրանքների ներմուծումը Հայաստան կազմել է 331.2 միլիոն դոլար, իսկ Հայաստանից Չինաստան արտահանումը՝ ընդամենը 9,8 մլն դոլար։ Ընդ որում, եթե չինական ներմուծումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է, ապա հայկական ապրանքների արտահանումը կրճատվել է 59.6%-ով։ Այնպես որ, Շանհայի ցուցահանդեսը կարծես հակառակ ազդեցություն է ունեցել մեր արտահանման վրա։
Նշենք նաեւ, որ Հայաստանից Չինաստան արտահանվում է հիմնականում հանքահումքային արտադրանք՝ պղնձային կոնցենտրատներ, մարմար, տարբեր քարեր եւ այլն։ Մինչդեռ Չինաստանից ներմուծվում է հիմնականում էլեկտրոնիկա եւ կենցաղային տեխնիկա։ Ռ. Հարությունյանը երեկ կարծիք է հայտնել, որ ապագայում այդ պատկերը կփոխվի՝ կարտահանվի պատրաստի եւ կիսապատրաստի արտադրանք:
Իսկ ի՞նչ կարելի է արտահանել Հայաստանից Չինաստան։ Իհարկե, կոնյակ։ Համենայնդեպս, չինացիներին դա է դուր եկել։ Գ. Գանգը նշել է, որ չինական շուկան մեծ պոտենցիալ ունի հայկական կոնյակի իրացման համար։ «Հայկական կոնյակը հայտնի է ողջ աշխարհում։ Եվ հայերը, եւ չինացիները սիրում են թունդ խմիչքներ, այնպես որ, կարծում եմ՝ հայկական կոնյակը կարող է բավական պահանջված դառնալ չինացի սպառողների կողմից»,- ասել է նա։ Դե, դա զարմանալի չէ, քանի որ Գանգն ու իր չինացի գործընկերները արդեն հասցրել էին փորձել հայկական կոնյակի համը։ Նրանց դուր է եկել։
Ռ. Հարությունյանն էլ ավելացրել է, որ այս պահին հայկական երեք ընկերություններ արդեն իսկ կոնյակ են արտահանում Չինաստան՝ Երեւանի կոնյակի գործարանը, «Նոյը» եւ «Հայասի Գրուպը»։ ԶՀԳ տնօրենը նշել է նաեւ, որ արտահանումը մեծացնելու համար անհրաժեշտ է հզոր մարկետինգային ծրագիր, եւ բացի այդ՝ պետք է լուծել ծավալների հարցը՝ չինական շուկայում արժանի ներկայացվածություն ունենալու համար։ Ավելացնենք, որ սրանից օրեր առաջ հայկական կոնյակի՝ Չինաստան արտահանման հեռանկարները քննարկվել էին նաեւ ՀՀԿ տնտեսական կոնֆերանսի ընթացքում, իսկ ԵԿԳ տնօրենը նշել էր, որ մեկուկես տարվա վերլուծությունից հետո հասկացան՝ Հայաստանի հզորությունները փոքր են չինական շուկայի համար։
Ինչեւէ, անցնենք առաջ, քանի որ կոնյակից եւ ընդհանրապես առեւտրից ոչ պակաս չափով չինացիներին հետաքրքրում են նաեւ Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները։ Գ. Գանգը հիշեցրել է, որ այստեղ շատ շինարարական աշխատանքներ են կատարվել չինական ընկերությունների կողմից, եւ ավելացրել, որ իրենք ներդրումների համար մեծ հնարավորություններ են տեսնում։ Տեղեկացնենք, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Չինաստանի ներդրումները Հայաստանի տնտեսությունում 1998-2011 թթ. կազմել են 1,3 մլրդ դոլար: Տպավորիչ թիվ է, սակայն չինացիները մտադիր չեն այսքանով սահմանափակվել։ Ըստ Լու Չուանյուի, երեւանյան հանդիպումների ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության, լեռնահանքային արդյունաբերության, վերականգնվող էներգետիկայի, դեղագործության ոլորտներում կոնկրետ ծրագրեր իրականացնելու, Երեւանում առեւտրային կենտրոն եւ հյուրանոց կառուցելու հարցեր: Նախատեսվում է նաեւ աշխատանքներ իրականացնել Հայաստան-Չինաստան ուղիղ օդային կապ հաստատելու ուղղությամբ: Չինական պատվիրակության ղեկավարը նաեւ պարզաբանել է, թե հատկապես ինչն է հետաքրքրել չին գործարարներին. պարզվում է, նրանց ոգեւորել է այն հանգամանքը, որ Հայաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ, ինչպես նաեւ՝ ազատ մուտք դեպի ԱՊՀ շուկաներ։ Կարճ ասած՝ չինական տնտեսությունը փորձելու է աշխարհի շուկաները նվաճելու իր ծրագրի մասնակից դարձնել նաեւ Հայաստանին։ Ինչ խոսք, եթե ոգեւորությունը վերածվի կոնկրետ գործունեության՝ մենք դրանից միայն կշահենք։ Նշենք, սակայն, որ չինական խոշորամասշտաբ ներդրումները, տնտեսական օգուտից բացի` պարունակում են նաեւ որոշակի ռիսկեր։ Այլ երկրներում ներդրումներ անելով՝ Չինաստանն անուղղակիորեն փորձում է լուծել նաեւ իր գլխավոր խնդիրը՝ աշխատուժի բավականին մեծ ավելցուկը։ Այսինքն՝ արտասահմանում գործող չինական ընկերություններում աշխատում են հիմնականում չինացիներ։ Դրա օրինակը մենք տեսել ենք Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի շինարարության ժամանակ, որտեղ աշխատում էին մեծ թվով չինացիներ։ Իսկ թե խոշորամասշտաբ ներդրումների արդյունքում չինական աշխատուժի ներհոսքը ինչպես կազդի տեղի աշխատաշուկայի վրա, ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում, առանց ժամանակից առաջ ընկնելու՝ հիշեցնենք, որ երկու երնեկ մի տեղ չի լինում։