Մշակութային սկանդալ

09/12/2011

Երեկ ՊԵԿ աշխատակիցները բերման են ենթարկել «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարությունյանին: Նախնական տեղեկություններով, Հարությունյանը մեղադրվում է «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ-ում տեղի ունեցած չարաշահումների համար: Ըստ henaran.am-ի, սակայն, այն ժամանակահատվածում, երբ տեղի են ունեցել այդ չարաշահումները, ընկերությունը ղեկավարել է Սեւակ Արծրունին: Վերջինս համակարգել է աշխատանքը` մինչեւ 2010թ. սեպտեմբերի 23-ը, երբ գրավոր հրաժարվել է, եւ աշխատանքների ղեկավարումը ստանձնել է Նարեկ Հարությունյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 250 (չարամտորեն խուսափել հարկեր վճարելուց) եւ 190 (փողերի լվացում) հոդվածներով: «Դա շանտաժ է, անհիմն ու ոչ հավաստի տեղեկություններ: Այս պահին ես ՊԵԿ-ում եմ, եւ շուտով ինձ, կենտրոնի փոխտնօրենին եւ հաշվապահին կտանեն դատարան խափանման միջոցը որոշելու: Եվ գիտեք ցավալին որն է, այսօր իմ հոր քառասունքն է, թույլ չեն տվել նույնիսկ մասնակցելու»,- կայքի հետ զրույցում երեկ ասել է Ն. Հարությունյանը: Նրա խոսքով` իրենք այդ չարաշահումների կապակցությամբ բողոքել էին, եւ գործը քննության փուլում է: «Ամեն ինչը կեղծ ցուցումների հիման վրա է»,- ասել է նա: