Դավանենք համամարդկային արժեքներ՝ սնվենք խորովածով

09/12/2011 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Աշխարհի բոլոր լրատվամիջոցները գրում են Մերկուրիի հարեւանությամբ գտնվող հնարավոր այլմոլորակային տիեզերանավի մասին: Իսկ տիեզերանավը լուսանկարել է, պատկերացրեք, ամենեւին ոչ Գագիկ Շամշյանը, այլ NASA-ի STEREO տիեզերանավին տեղադրված տեսախցիկը: Եվ մինչ ՆԱՍԱ-ի գիտնականները Տիեզերքում բանական արարածների են փնտրում, մինչ ՌԴ Գիտությունների ակադեմիայի Կիրառական աստղագիտության ինստիտուտի տնօրեն Անդրեյ Ֆինկելշտեյնը վստահեցնում է, թե 25 տարի անց Երկիր մոլորակի բնակիչները կհանդիպեն այլմոլորակայիններին եւ կսեղմեն նրանց ձեռքը, Հայաստանում նման հեռանկարները ոչ մեկին չեն ուրախացնում: Եվ դրա համար կան բոլոր նախադրյալները:

Նոյեմբերի 22-29-ը Ինդոնեզիայում, ավելի կոնկրետ` Բալի կղզում, տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հերթական նստաշրջանը: Հենց այնտեղ էլ Հայաստանին հասցվել են ճակատագրական, կարելի է ասել` հերթական հարվածները. ա) ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնախումբը մերժել է մեր կողմից ներկայացված ոչ նյութական երկու արժեք ճանաչել հայկական` Վարդավառն ու աշուղական սիրավեպը: Հասկանալի է, որ մեր կյանքում դրանից բացարձակ ոչինչ չի փոխվելու: Մեզանից շատերը, խոստովանենք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մերժվելուց հետո իմացան, որ Հայաստանը աշուղական սիրավեպի հայրենիքն է: Եվ, չի բացառվում, տխրեցին: բ) Մինչ օրս հայերիս համար հայկական կերակրատեսակ համարվող հարիսան ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչեց որպես թուրքական ազգային կերակրատեսակ` Քեշքեշ անունով: Հասկանալի է, որ այսքանից հետո կյանքը գրեթե կորցնում է իր հմայքը: Արդեն ամեն հայի համար Անթալիայում հանգստանալուն համարժեք կընկալվի թուրքական ծագման հարիսա պատրաստելը: Եվ օդում կախված է մնում անպատասխան հարցը` իսկ ո՞ւր է նայում ինդոնեզահայ համայնքը, երբ Բալի կղզում նման հակահայկական որոշումներ են ընդունվում: Ի դեպ, ըստ Հայկական Հանրագիտարանի` հայերն Ինդոնեզիայում հայտնվել են դեռեւս 17-րդ դարում: Ավելին, անգամ 1747 թ.-ին, ըստ նույն աղբյուրի, հոլանդացիները տեղի հայերին հատուկ հրովարտակով շնորհել են եվրոպացիներին հավասար «ազատ քաղաքացու» իրավունք: Երբեք չէի մտածի, որ այս կամ այն ճաշատեսակի ծագումը կարող է այդքան սկզբունքային լինել: Անգամ կասկածի տակ կարելի է առնել` որքանով լուրջ կազմակերպություն է ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Եթե այս կազմակերպության նպատակներից մեկը «միջմշակութային երկխոսության օժանդակման միջոցով կրթության, գիտության, մշակույթի, կապի եւ տեղեկատվական դաշտի զարգացումն» է, ապա կազմակերպության հնարավորությունները ակնհայտորեն գերագնահատված են: Դա պարզ երեւում է Հայաստանի, մեր մշակութային արժեքների հանդեպ վերաբերմունքից: Ի վերջո, Ջուղայի հայկական գերեզմաններում խաչքարերը ջարդուփշուր եղան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ու մեր աչքի առաջ: Իսկ տակավին անցած տարվա նոյեմբերին էր` նույն այս կազմակերպությունն ընդունեց Հայաստանի հայտը եւ հայկական խաչքարը ճանաչեց որպես «ոչ նյութական մշակութային արժեք»: Ջուղայի գերեզմանատան խաչքարերն իրո՛ք վերածվեցին ոչ նյութական արժեքի` մնալով լուսանկարներում եւ գիտական հետազոտություններում: Իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշացած եւ դեկլարատիվ հայտարարությունները, կազմակերպության փորձագետների դառնացած հոգոցները կործանված խաչքարերն ամբողջացնելու զորություն, պարզվում է, չունեն:

Սակայն այս ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեզ ամենեւին հարկավոր չէր լինի, եթե մեր ինքնությունը պահպանելու գիտակցություն եւ ցանկություն ունենայինք: Մենք գիտենք, որ մեր պետական լեզուն հայերենն է: Շրջենք մայրաքաղաքի փողոցներով եւ կարդանք սրճարանների ու մասնավոր հաստատությունների անվանումները. դրանք, որպես կանոն, լատինատառ են: Փորձեին թուրքերը ՅՈՒՆԵՍԿՕ-ում հաստատել տալ Աստղիկ, Հասմիկ, Նարեկ, Տիգրան անունները` որպես թուրքական ծագում ունեցող անուններ, հայերս իրար կխառնվեինք: Բայց նայեք ձեր շուրջն ու տեսեք` ինչ անուններ են դնում հայերն իրենց երեխաներին` Նատալի, Մոնիկա, Էլեն, Ալեն, Մաքս, Է՛լիզըբեթ (հենց ա՛յս շեշտադրությամբ):

Եթե թուրքերը փորձեին ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով պնդել, որ 19-րդ դարում կառուցված Աֆրիկյանների տան ճարտարապետը թուրք է, կամ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը ամենեւին էլ Վարպետի նախագծով չէ, եւ տան ճակատի զարդաքանդակներն էլ ամենեւին հայկական չեն, մամուլն ու հեռուստատեսությունը կողողվեր հակաթուրքական, հայրենասիրական ելույթներով ու հոդվածներով: Իսկ Ռաֆայել Իսրայելյանի տունն արդեն հավասարեցված է հողին: Աֆրիկյանների տունը ինքներս մեզնից փրկելու համար դիմադրական շարժում է ձեւավորվել:

Շրջենք մեր սիրելի հայրենիքով` միջնադարյան քանի՞ եկեղեցի է ավերակ դարձել: Ի՞նչ վիճակում են Գոշավանքը, Մակարավանքը, Ջուխտակ վանքը, Մշկավանքը: Գրեթե ավերակներ են: Իսկ դեպի Նոր Նորք բարձրացող ճանապարհին վեր են հառնում միջնադարյան ամրոցների նախագծերով ռեստորաններ, հարսանյաց սրահներ ու ակումբներ: Հասկանալի է` արմատների կանչն էգ

Ինչ վերաբերում է հարիսայի ծագմանը, ապա ինքներս մեզ կորցնելու ճանապարհին ամենեւին հարիսայի ծագումնաբանության համար չէ, որ պետք է պայքարենք: Առավել եւս, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նկատել է, որ հարիսան, հայերից բացի, բնորոշ է հավասարապես թե՛ արաբներին, թե՛ հնդիկներին, թե՛ թուրքերին:

Հայերս հարիսան պատրաստում ենք ոչ այն պատճառով, որ հայկական է, այլ նույն հիմնավորմամբ, ինչ հիմնավորմամբ պատրաստում ենք բորշչը, ուզբեկական փլավը կամ պելմենին. որովհետեւ համեղ է:

Նրանից, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն գորգը հաստատել է որպես ադրբեջանական արժեք, ամենեւին չեն նսեմանում մեր գորգագործության ավանդույթները: Այն, որ հարիսան համարվում է թուրքական ծագման արժեք, ոչինչ չի փոխում. այն դարձյալ համեղ է, երբ կարագ շատ են գցում: Թող որ` նորզելանդական:

Հ.Գ. Հետաքրքիր է, Նոր Զելանդիան չի՞ դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին` կարագը ազգային արժեք ճանաչելու խնդրանքով: