Երկրպագուների Առաջին հայկական ճակատ (FAF) շարժման ներկայացուցիչները երեկ «Հրազդան» մարզադաշտի փրկության համար երթ էին կազմակերպել, որի ընթացքում հանդիպել են նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ:
Նրանք իրենց դժգոհությունն են արտահայտել «Հրազդան» մարզադաշտի տարածքում հնարավոր բարձրահարկ շինության կառուցման վերաբերյալ: Հիշեցնենք, որ «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր, Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ Աշոտ Աղաբաբյանը ցանկանում է մարզադաշտի տարածքում գործող տոնավաճառը քանդել եւ տեղում առեւտրի կենտրոն կառուցել, այսինքն` կապիտալ շինություն, ինչն անթույլատրելի է համարել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` իր տված փորձագիտական եզրակացությունում, քանի որ տոնավաճառը գործում է մարզադաշտի տարհանման գոտում: Այսինքն` ֆուտբոլային հանդիպումների ժամանակ այս տարածքն անհրաժեշտ է մարզասերների ժամանման եւ մեկնման համար: Իսկ մարզադաշտում տեղավորվում է ավելի քան 70.000 մարդ:
Մինչ այդ, FAF-ը հանդես էր եկել բաց-նամակով, որում ասվում էր. «Դիմում ենք Ձեզ` խնդրելով եւ պահանջելով, որպեսզի վերականգնվի «Հրազդան» մարզադաշտի համալիրում առկա ընդհանուր օգտագործման խնդրո առարկա հողատարածքի (1,047 հա) գործառնական նշանակությունը` խառը կառուցապատվողից սպորտայինի, ինչպես նաեւ` անվավեր ճանաչվի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տաղավարային տոնավաճառի եւ հարակից մարզումային դաշտերի տարածքում (1,047 հա) մինչեւ 20,0 մ բարձրությամբ շինության կառուցման համար: Խնդրում եւ պահանջում ենք, որպեսզի «Հրազդան» մարզադաշտը կրկին ընդգրկվի Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում»: Երեկ երթի մասնակիցներին ՀՖՖ նախագահը հավաստիացրել է, որ անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մարզադաշտը չտուժի, եւ հնարավոր լինի այնտեղ միջազգային ֆուտբոլային հանդիպումներ անցկացնել: Լրատվամիջոցներից մեկի հարցին, թե արդյոք Ռուբեն Հայրապետյանը չի՞ վախենում խնդիրներ ունենալ իր կուսակից Աշոտ Աղաբաբյանի դեմ դուրս գալով` ՀՖՖ նախագահը պատասխանել է. «Ես երբ որ ծնվել եմ, իմ ծնողներն առաջինը իմ վախն են հանել: Ես չեմ վախենում: Աշոտ Աղաբաբյանն էլ է այս երկրի մարդ: Նրան պետք է ճիշտ մատուցել իրավիճակը: Սերունդները կդատապարտեն այս կառույցը կործանողներին: Նման մարզադաշտ կառուցելու համար 500-600 մլն դոլար է պետք, իսկ նման գումարներ մեր պետությունը չունի: Այժմ կարելի է մարզադաշտը 10-15մլն դոլարով վերանորոգել եւ անցկացնել միջազգային խաղեր: Ինձ քիչ է անհանգստացնում, թե ո՞ւմ սեփականությունն է այն: Պետք է այն ծառայի իր նպատակին»,- հայտարարել է Ռ. Հայրապետյանը: Նա հույս է հայտնել, որ մարզադաշտի հարեւանությամբ առեւտրի կենտրոն չի կառուցվի. «Ես ամեն ինչ անելու եմ, մինչեւ անգամ` էքսկավատորի տակ պառկելը»: ՀՖՖ նախագահը երթի մասնակիցներին նաեւ տեղեկացրել է. «Քիչ առաջ զրուցել եմ Երեւանի քաղաքապետի հետ, եւ նա նշեց, որ նման որոշում քաղաքապետարանը չի կայացրել: Չեմ կարծում, որ կլինի նման որոշում: Օգոստոսին եղել է նախագիծ, եւ ՈՒԵՖԱ-ից մենք նամակ ենք ստացել այն մասին, որ եթե «Հրազդանի» տարհանման գոտում նման շինություն կառուցվի, ապա կարգելվի այնտեղ որեւէ հանդիպում անցկացնելը»: FAF-ի անդամները երեկ երթով շարժվել են դեպի Երեւանի քաղաքապետարան: Շարժման մի քանի անդամներին ընդունել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Վերջինս երթի մասնակիցներին ասել է, որ մտահոգվելու կարիք չկա, քանի որ մարզադաշտի տնօրինությունը քաղաքապետարան դեռ չի դիմել նման նախագծի առաջարկությամբ: Նաեւ նշել է, որ եթե նման դիմում լինի, ապա ինքը հաշվի կառնի հասարակության, հատկապես ֆուտբոլասերների կարծիքը: