Աղբահանության վճարը թանկացավ

09/12/2011

Երեւանի քաղաքի ավագանին` քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ դեկտեմբերի 9-ին հրավիրված արտահերթ նիստում կողմ է քվեարկել նաեւ Երեւանում աղբահանությունը կազմակերպելու համար տեղական վճարների 2012թ. դրույքաչափերը սահմանելու մասին որոշմանը: Ըստ այդմ, Երեւանում 2012թ. աղբահանությունը կազմակերպելու համար ավագանու որոշմամբ սահմանվել են աղբահանության վճարի հետեւյալ դրույքաչափերը. 1) կենցաղային աղբի համար բնակվող յուրաքանչյուր բնակչի համար` ամսական 200 ՀՀ դրամ, 2) ոչ կենցաղային եւ խոշոր եզրաչափի աղբի համար ըստ ծավալի` 1 խորանարդ մետր աղբի համար` ամսական 2500 ՀՀ դրամ, 3) Երեւան քաղաքում շինարարական եւ խոշոր եզրաչափի մեկ խորանարդ մետր աղբի հավաքման եւ փոխադրման թույլտվության համար տեղական վճարի 2012թ. դրույքաչափը սահմանել 500 դրամ:

Մինչ օրս կենցաղային աղբի համար Երեւանի յուրաքանչյուր բնակիչ վճարում էր ամսական 100 դրամ: Որոշ համայնքներում` 150 դրամ: Ինչ խոսք, նույնիսկ 200 դրամ վճարն է քիչ` նորմալ աղբահանություն իրականացնելու համար: Բայց դա արվում է այն դեպքում, երբ սպասարկման, աղբահեռացման համակարգի որակն է բարձրացվում: Եվ, ուրեմն, ի՞նչ է արել քաղաքապետարանը Երեւանում աղբահանության սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ, որ գին է բարձրացնում: Ոչ միջազգային կարգի որեւէ աղբահանությամբ զբաղվող օպերատոր-ընկերություն է հրավիրվել, որպեսզի ճիշտ կազմակերպի աղբահանությունը, ոչ էլ որեւէ նոր տեխնիկա է ներկրվել Հայաստան: Բացի այդ, արտագաղթի պատճառով շատ-շատերն են հեռացել Հայաստանից, մասնավորապես` Երեւանից (գրեթե բոլոր բնակելի շենքերում բազմաթիվ բնակարաններ դատարկ են), եւ սոցիալական այս ծանր պայմանների պատճառով` շատ-շատերն այլեւս չեն կարող իրենց այնքան շռայլություն թույլ տալ, որ մեծ քանակությամբ աղբ «արտադրեն»: Այսինքն` աղբի քանակը, ինքնըստինքյան, նվազել է: Միգուցե ավելի ճիշտ կլիներ մտածել Հայաստան` միջազգային կարգի որեւէ ընկերություն բերելու մասին: Ավելի ճիշտ` պետք է հասկանալ, թե ինչո՞ւ աղբահանությամբ զբաղվող միջազգային կարգի ընկերությունները չեն կարողանում մուտք գործել Հայաստան, այն դեպքում, երբ այն խոշոր եկամտաբերություն ապահովող բիզնես է ողջ աշխարհում: Բազմաթիվ օպերատոր-ընկերություններ են փորձել մուտք գործել Հայաստան, նույնիսկ մտադրություններ են հայտնել աղբավերամշակման գործարաններ հիմնելու մասին, բայց որոշ խնդիրներ պարզելուց հետո այդ ընկերությունները ուղղակի «փախել» են ՀՀ-ից: Բանը նրանում է, որ ՀՀ-ում աղբավայրերը սեփականաշնորհված են այս կամ այն անհատների կողմից, որոնք «դեւի» պես նստած են աղբյուրին` ոչ իրենք են մշակում կամ աղբահանությամբ զբաղվում, ոչ թողնում են, որ ուրիշները դրանով զբաղվեն: Ապացույցը` բոլոր աղբավայրերը, որոնց արձակած վնասակար նյութերն ամեն օր թունավորում են մեզ: Միջազգային որոշ օպերատորներ, երբ փորձել են ներդրումային դաշտը եւ աղբավայրերը ուսումնասիրել` բիզնես ներդրումներ կատարելու համար, աղբավայրերի սեփականատերերն ու քաղաքային իշխանությունների տարբեր չինովնիկներ նրանցից մեծ «փայ»` մեծ մասնաբաժին են ուզել` առանց որեւէ ներդրում կատարելու: Այնքան, որ այդ ընկերություններն անիմաստ են համարել ՀՀ-ում նման գործ ձեռնարկելը: Իհարկե, այս հարցը միայն Երեւանի քաղաքապետի ուժերով հնարավոր չէ լուծել, բայց քաղաքապետը գոնե պետք է խնդրի էությունը հասկանալով` մինչեւ որոշ խնդիրներ չլուծի` բնակչության վզին եւս մեկ թանկացում չփաթաթի, առավել եւս` առանց որակական որեւէ փոփոխության նախադրյալի: Որքան էլ խոսես աղբահանության սպասարկման որակի բարձրացման մասին, միեւնույն է, եթե քայլեր չձեռնարկես, դա լինելու է զուտ որպես բարի ցանկություն կամ պոպուլիստական բնույթի հայտարարություն:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ