Մեր թերթի նախորդ համարներից մեկում տպագրված «Եվրադատարանից սպասվող հերթական վճիռը» վերնագրով հոդվածում ներկայացրել էինք «Մաժեստիկ» ՍՊԸ-ի գործունեության վերաբերյալ աղմկահարույց փաստեր, որոնք մեզ տրամադրել էր այդ ընկերության նախկին տնօրեն Արամ Դավթյանի քույրը` Հասմիկ Դավթյանը:
Վերջինս չի դադարում պայքարել Ա. Դավթյանի անմեղությունն ապացուցելու համար, ավելին` բոլոր շահագրգիռ մարմիններին տրամադրում է «Մաժեստիկ» ՍՊԸ-ի անօրինական գործունեության վերաբերյալ փաստեր, ըստ որոնց` այդ ընկերությունը պետությանը խոշոր չափի վնասներ է հասցրել, քանի որ թաքցրել է բնօգտագործման իրական հսկայական ծավալները` պետական մարմիններին փոքր ծավալներ ներկայացնելով: Հիշեցնենք, որ «Մաժեստիկ» ՍՊԸ-ն զբաղվում է խճի արդյունահանմամբ, նրա հիմնադիրն ու սեփականատերը Արամայիս Բեգլարյանն է: Ինչեւէ, 2011թ. սեպտեմբեր ամսին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի ՔՎ Կենտրոնական քննչական բաժնի ավագ քննիչ Հ. Սարգսյանի վարույթում գտնվող այս գործի շրջանակներում քրեական գործ հարուցելու որոշում է կայացվել: «Արամ Դավթյանին որպես մեղադրյալ ներգրավել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Մաժեստիկ» ՍՊԸ-ի տնօրեն, իր կարգադրիչ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ եւ իր օգտին օգտագործելու նպատակով իրեն վստահված գույքից 2007թ. ընթացքում առանձնապես խոշոր չափերի` 19.544.800 ՀՀ դրամ գումարի հափշտակություն է կատարել` «Մաժեստիկ» ՍՊԸ-ի համար առաջացնելով ծանր հետեւանքներ»,- արձանագրված է Կենտրոնական քննչական բաժնի ավագ քննիչ Հ. Սարգսյանի որոշման մեջ: Արամ Դավթյանը ձերբակալված է եւ մեկ ամսից ավելի գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Քույրը` Հ. Դավթյանն, ասում է` «Այս կոռումպացված համակարգում բոլորը սպասարկում են «Մաժեստիկ» ՍՊԸ-ի սեփականատիրոջ շահը: Իմ բոլոր բողոք-դիմումները վերահսկող դատախազ Ա. Բեգինյանի սեղանի վրա «քնում» են: Պարզից էլ պարզ է, որ նա ընկերության սեփականատիրոջ պատվերն է կատարում: Երբ քննիչը գնացել եւ եղբորս` Արամին տեղեկացրել է, որ գործն այլեւս ավարտված է` եղբայրս միջնորդություն է ներկայացրել` միանշանակ պնդելով, որ չի ընդունում մեղադրանքը: Բնականաբար, քննիչը մերժել է, իսկ Արամը օրեր առաջ ստացել է մերժումը»: Համաձայն օրենքի` Ա. Դավթյանը երկու օրվա ընթացքում իրավունք ուներ մեղադրանքը բողոքարկելու վերահսկող դատախազին` Ա. Բեգինյանին: Դեկտեմբերի 7-ին Հ. Դավթյանն Ա. Դավթյանի բողոքը ներկայացրել է վերահսկող դատախազ Ա. Բեգինյանին: «Ասում է` ես բողոք չեմ ընդունում: Ասում եմ` ինչպե՞ս, պրն Բեգինյան, դուք օրե՞նք եք խախտում, արագացված կարգով ուղարկում եք դատարան, որ պրծնե՞ք էս գործից: Ասում է` հա, լավ եմ անում, գործն արդեն ուղարկել ենք դատարան: Ասում եմ` դուք իրավունք չունեիք դատարան ուղարկելու, երկու օրվա ընթացքում Արամն իրավունք ուներ բողոքարկելու: Ասում է` չեմ ընդունում, տար շպրտի արկղը, դուրս եկեք, ես արդեն զզվում եմ ձեզնից: Մեկ ա` ես էդ բողոքին բանի տեղ չեմ դնելու: Ես վստահեցնում եմ, որ այդ կոռումպացված պաշտոնյան կատարում է հիմնադիրի պատվերը»,- ասում է Հ. Դավթյանը` հավելելով, որ յուրաքանչյուր խոսքի համար պատասխանատվություն է կրում եւ կարող է փաստերով ապացուցել: Հ. Դավթյանի հավաստմամբ` ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղղված իր դիմում-բողոքներն ուղարկվել են Ա. Բեգինյանին, որտեղ նա մանրամասնորեն ներկայացրել է «Մաժեստիկ» ՍՊԸ-ի ապօրինությունների վերաբերյալ փաստեր, սակայն վերահսկող դատախազը հարկ չի համարել այդ փաստերի ուսումնասիրությամբ զբաղվել: «Այդ փաստաթղթերում ապացույցներով ներկայացված են «Մաժեստիկ» ՍՊԸ-ի հիմնադիրի ծավալների թաքցման փաստերը: Բեգինյանը ծածկում, թաքցնում է, եւ այս հանցագործության իրական կատարողին նա չի բացահայտում: Ես եզրակացնում եմ, որ նա փաստերը կոծկելով` կատարում է «Մաժեստիկի» սեփականատիրոջ պատվերը: Բնօգտագործման եռամսյակային հաշվեկշիռներն ուսումնասիրելուց հետո Գլխավոր դատախազությունն ընդունեց, որ` այո, եղել է անօրինականություն: Փաստաթղթերով ապացուցվել է, որ սեփականատեր Ա. Բեգլարյանն արդյունահանել է 27.000 խմ խիճ, բայց ներկայացրել է, իբր արդյունահանել է ընդամենը 10խմ: Քանի որ 1 խմ-ն արժե 4000 դրամ` ծախսերը ոչ թե կազմում են 44.000 մլն դրամ, ինչպես քննիչն է մեղադրականում ներկայացրել, այլ` 100 մլն դրամից ավելի: Այս փաստը եթե բացահայտվի` կպարզվի, որ հափշտակողը ոչ թե Արամն է, այլ` սեփականատերը»,- պարզաբանում է Հ. Դավթյանը` հավելելով, որ Գլխավոր դատախազն այս գործի ուսումնասիրության հանձնարարականը տվել է Ա. Բեգինյանին, սակայն վերջինս շահագրգռված է Ա Դավթյանին զոհաբերելով «Մաժեստիկ» ՍՊԸ-ի սեփականատիրոջը գործից «չոր» դուրս հանելու հարցում: Հ. Դավթյանի մոտ են գտնվում փաստաթղթեր, ըստ որոնց` «Մաժեստիկի» սեփականատեր Ա. Բեգլարյանը թաքցրել է բնօգտագործման ծավալները` պետությանը խոշոր չափի վնաս հասցնելով։
Ա. Դավթյանի բողոքն` ուղղված գլխավոր դատախազին
Քանի որ «Նուբարաշենի» մեկուսարանում պահվող Ա. Դավթյանի դիմում-բողոքները, որպես կանոն, «քնում» են վերահսկող դատախազ Ա. Բեգինյանի սեղանին, ուստի նրա խնդրանքով, սակայն որոշ կրճատումներով տպագրում ենք Ա. Դավթյանի բողոքն` ուղղված Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին.
«2003-2008թթ աշխատել եմ որպես «Մաժեստիկ» ՍՊԸ տնօրեն եւ «Հազարավարդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ դատական ատյաններում: Նշված հիմնարկների հիմնադիրն է Ա. Բեգլարյանը: Այս երկու ընկերությունների սեփականատիրոջ` օրենքով սահմանված իրենց իրավունքների չարաշահման արդյունքում, հարկային տեսչության կողմից առաջադրվեց հարկային պարտավորություններ «Հազարավարդ» ՍՊԸ-ի մասով 124մլն-ից ավելի, իսկ «Մաժեստիկի» մասով` 50մլն-ից ավելի: Հարկերից խուսափելու նպատակով որոշվեց քրեական վարույթն իրականացնող մարմինների միջոցով հարկերը վերագրել ինձ, սեփականատիրոջ օրենքով սահմանված պարտավորություններն ինձ վերագրելու միջոցով: «Հազարավարդի» մասով փորձը անհաջող անցավ, իսկ «Մաժեստիկի» մասով անօրինական քրեական գործ հարուցվեց եւ 2008թ.-ին ինձ ապօրինի կալանավորեցին: Քրգործի շրջանակներում հասցրեցին ինձնից շորթել 1000.000 դրամ, սակայն հարկերն ինձ վերագրել չհաջողվեց, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ` վերացվեցին իմ նկատմամբ անօրինական հարկեր սահմանող բոլոր ակտերը: Վերը նշված հանցագործության վերաբերյալ դիմել եմ Գլխավոր դատախազին, գործն ուղարկվել է Կենտրոնի դատախազություն, որտեղ էլ` հանցագործությունը թաքցվել է: Այնուհետեւ հարկերից խուսափելը որոշվեց իրականացնել այն հիմքով, իբր 2007թ.-ին ես տնօրեն չեմ եղել, հետեւաբար` հարկային պարտավորություններ սահմանող թիվ 1031159 ակտը, որտեղ ես հանդես եմ եկել որպես տնօրեն, պետք է անվավեր ճանաչվի: Այդ հիմքով էլ հայցադիմում ներկայացվեց ՀՀ վարչական դատարան` թիվ 1031159 ստուգման ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Վերը նշված հանցագործության կազմակերպումն իր վրա վերցրեց Կենտրոնի դատախազությունը` դատախազ Ա. Բեգինյանի գլխավորությամբ, ում ցուցմունքով էլ ՀՀ ոստիկանության կենտրոնականի բաժնի քննիչ Հ. Սարգսյանը մեկ տարի շարունակ ինձ սպառնում եւ շանտաժի էր ենթարկում, որպեսզի ես Վարչական դատարանում սուտ ցուցմունք տամ, իբր ես տնօրեն չեմ եղել: Իսկ երբ ես քննիչին ներկայացրի ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը, որտեղ նույն ստուգման ակտի հիման վրա հարուցված քրգործով հաստատվել է իմ տնօրեն լինելու փաստը, քննիչը բարձրագույն ատյանի որոշումն անվանեց անմակարդակ եւ շարունակեց իր շանտաժը: Քանի որ ես հրաժարվեցի դատարանում սուտ ցուցմունք տալուց` մշակվեց հարկերից խուսափելու նոր սցենար: Որոշեց իմիտացիա ստեղծել, իբր ես «Մաժեստիկ» ՍՊԸ-ից հափշտակել եմ սկզբում 40 մլն, հետո 19 մլն-ի չափով գումար, այնուհետեւ այդ հափշտակումն ամրագրել օրինական ուժի մեջ մտած դատավճռով, ինչի հիման վրա էլ արհեստականորեն ՍՊԸ-ի համար կստեղծվի վնասներ, որն էլ հնարավորություն կընձեռի հարկային պարտավորությունները հաշվանցելու, կամ արհեստականորեն գերավճար առաջացնելու: Իսկ որպես հափշտակում` դատախազ Ա. Բեգինյանի մշակած սխեմայով որոշվեց ինձ վերագրել գոյություն չունեցող գումարներ, իսկ «Մաժեստիկ» ՍՊԸ-ի իրական գումարների մասին տեղեկությունները թաքցնել: Դատախազ Ա. Բեգինյանի ջանքերով մշակվեց այսպիսի սցենար. Իբր ինչ-որ անհայտ անձ 2006թ.-ին «Մաժեստիկ» ՍՊԸ-ից ստացել է 8.250.000 դրամ կանխավճար, որից 8.160.000 դրամը ծախսել է 2007թ.-ի ՍՊԸ-ի կատարած ծախսերը վճարելու համար, այդ պատճառով 2007թ.-ին ՍՊԸ-ին վճարվել է նույնքան պակաս գումար, ինչի արդյունքում 2007թ.-ին ավելացել է 8166.000դրամ, որը ես յուրացրել եմ: Եվ քանի որ ՍՊԸ-ն իր գործունեության ընթացքում երբեք ի վիճակի չէր նման կանխավճար տրամադրելու` հանցակիցները 2005-ի հաշվեկշռի պասիվի կուտակված շահույթ տողում ավելացրին 10մլն դրամ, թվի ձախ կողմից 1 ավելացնելու միջոցով, որից հետո այդ 10մլն դրամը որպես կուտակված շահույթ տեղափոխվեց 2006թ. եւ ձեւակերպվեց որպես կանխավճար եւ պատվիրատուների պարտք: Դատախազ Ա. Բեգինյանի ցուցումով ինձ վերագրվեց նաեւ պատվիրատուների 2005-2007թթ. եղած պարտքերը` կեղծելով, իբր այդ պատվիրատուները 2007-ին բոլոր գումարները կանխիկ վճարել են: (Ա. Դավթյանն իր բողոքի մեջ մանրամասն ապացուցում է իր անմեղությունը, որը շատ ծավալուն է եւ հնարավոր չէ ամբողջությամբ տպագրել)».-Լ.Ս.: «Հարգելի Գլխավոր դատախազ, պահանջում եւ միջնորդում եմ վերացնել ՀՀ ոստիկանության Երեւանի Կենտրոնական քննչական բաժնի քննիչ Հ. Սարգսյանի 28-11.2011-ի որոշումը, քանի որ որոշումը պատճառաբանված չէ. Պահանջում եմ կարճել թիվ 13102311 քրգործի վարույթը եւ հարուցել նոր քրեական գործ` բյուջեից գումար հափշտակելու, կեղծիքներ կատարելու եւ հանցանքը թաքցնելու առթիվ: Իսկ դատախազ Ա. Բեգինյանին եւ քննիչ Հ. Սարգսյանին պարտավորեցնել տարրական թվաբանությունը սովորելու` բացատրելով, որ ստի ոտքը կարճ է, իսկ բյուջեից հափշտակում կատարելու համար պետք է պատասխանատվություն կրեն հափշտակողները»: