«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999» եւ «Միսիս գլոբ 2009» տիտղոսակիր Գոհար Հարությունյանը գեղեցկության էտալոն է համարում Անջելինա Ջոլիին, Շարլիզ Թերոնին, շատ է հավանում նաեւ Քիմ Քարդաշյանին: Նա յուրաքանչյուր կնոջ մեջ գեղեցկություն է փնտրում: Ըստ bravo.am-ի` Գոհարը գեղեցկության սրահներում շատ քիչ է լինում, հայելու առջեւ էլ ժամերով չի կանգնում, առօրյայում նախընտրում է հարմարավետ հագուստ եւ «Chanel» օծանելիք, իսկ կյանքի ամենամեծ հաղթանակը համարում է սեփական ընտանիքը:
– Ինչպե՞ս առաջին անգամ հայտնվեցիր գեղեցկության մրցույթի բեմում:
– Դա շատ շուտ էր` 13 տարի առաջ: Ցուրտ ու մութ տարիներից հետո հետաքրքիր նորություն էր ինձ համար: Ամեն ինչ շատ անսպասելի էր. բարդույթներով ու անինքնավստահ եմ մեծացել, ինձ համար ամեն փուլն ու քայլը անակնկալ է եղել: Առաջին անգամ հաղթել եմ դպրոցի շրջանավարտների միջեւ գեղեցկության մրցույթի ժամանակ, մինչ այդ միգուցե ծանոթ էլ չէի, որ նման մրցույթներ կան:
– Իսկ ինչպե՞ս քեզ հասանելի դարձավ այդ հետաքրքիր նորությունը:
– Ինձ ոչ ոք չի օգնել, կողմնակի անձինք եւ՛ քաջալերում էին, եւ՛ փորձում էին կանխել իմ այդ քայլը: Մայրիկս բացարձակ անտարբեր էր, չէր ուզում միջամտել, քանի որ դրական կամ բացասական ազդեցությունն իրեն վախեցնում էր. հայրս շուտ է մահացել, եւ իր վրա էր ողջ պատասխանատվությունը, աշխատում էր ձեռնպահ մնալ այդ հարցում: Այն ամենին, ինչ ունեմ, ինքնուրույն եմ հասել:
– Ի՞նչ նշանակություն ունեին այդ մրցույթները քեզ համար:
– Պարզապես խաղ էին: Մինչեւ հիմա դրանք ինձ համար մնացել են որպես մի մոլուցք, կիրք: Ոչ մի անգամ չեմ հուզվել, անգամ հաղթելուց կամ պարտվելուց, պարզապես այդ ընթացքն ու ձգտումն ինձ համար շատ հետաքրքիր էր: Կյանքում կոմպլեքսավորված էի, բայց սիրում էի բեմը, երեւի, դա էլ օգնում էր, որ հաղթահարեի բարդույթներս: Երբեմն, շպարի տակ կարմրում էի, ու որպեսզի միայնակ բեմ դուրս գալիս կարմրությունս չերեւա, մտածում էի` պետք է շպարս մուգ լինի:
– Ի՞նչ տվեցին քեզ տիտղոսներդ:
– Ես երջանիկ աստղի տակ ծնված մարդ եմ, տիտղոսներս ինձ շատ բան են տվել: Ամեն քայլ, որ արվել է` Միացյալ Նահանգներ գնալը, մոդելի կարիերան, ճանապարհորդությունները, ուսումը, դրանց շնորհիվ է:
– Եթե հիմա նույն տարիքում լինեիր, կմասնակցեի՞ր գեղեցկության մրցույթներին:
– Անպայման: Մեր ժամանակ չկային դիզայներներ, մենք զրկված ենք եղել այն հնարավորություններից, որոնք կան այսօր: Հիմա մասնակիցը մեծ հնարավորություն ունի հագուստի ընտրության, ինչպես նաեւ դիմահարդարման հարցում: Ես 17 տարեկանում ինչպես դիմահարդարվեցի, այդպես էլ մրցույթի ժամանակ բեմ բարձրացա:
– Հաղթանակներդ հեշտությա՞մբ են տրվել:
– Ոչ: Շատ դեպքեր են եղել, որոնց մասին չեմ էլ ուզում խոսել, որոնք իմ կարծիքով` շոու-բիզնեսում շատերի հետ եղած կլինեն: Բայց շատ ուրախ եմ, որ այդ տարիներին ոտքս քարին չի դիպչել, առանց խորհրդատուի բոլոր քայլերս ճիշտ եմ արել: Իմ մրցույթներից միայն դրականն եմ քաղել:
– Երբեւէ մտածե՞լ ես` ինչո՞ւ հենց ես:
– «Միսիս գլոբ 2009»-ից առաջ մրցույթի երիտասարդ լուսանկարիչը բոլորին հավաքեց ու ասաց, որ միշտ հաղթում է այն աղջիկը, որը շատ չի կարեւորում մրցույթն ու հաղթանակը: Իհարկե, այդպես չի կարող լինել, բայց երբ բեմ էի բարձրացել, ուրախությունից թռվռում էի: Ինձ համար դա ոչ թե հաղթանակի մասին մտածելու առիթ էր, այլ երջանկություն. երեխաս 8 ամսական էր, թվում էր` կյանքս ավարտվել է, էլ չի լինելու բեմ, չի լինելու այդ ամենը, բայց ես կրկին բեմում եմ` գեղեցիկ մարմնով ու զգեստով: Ինձ համար շատ երջանիկ պահ էր, բեմն իմն էր: Երբեք չեմ մտածել հաղթանակի մասին, անգամ պարտվելու ժամանակ: Կա մարդ, ում բեմն ու շպարը չեն սազում, իմ կարծիքով` ես բեմի մարդ եմ:
– Ի՞նչ է պետք աղջկան` գեղեցկության մրցույթի մասնակցելու համար:
– Գեղեցկուհին առաջին հերթին պետք է ունենա ժպիտ ու հմայք, այդ 90-60-90 ստանդարտներին ես չեմ հավատում, կարեւորը բարի եւ երեխաների համար օրինակելի լինելն է: Նա իրավունք չունի ինչ-որ տեղ նստել ծխախոտը ձեռքին ու ոտքը ոտքին գցածգ Ես դեմ չեմ, չեմ ասում, թե մոդելները պետք է չծխեն, բայց ինձ համար գեղեցկուհին պետք է իր ներկայությամբ մարդկանց հաճելի լինի: Գնահատում եմ ներքին գեղեցկությունը: Մրցույթների ժամանակ հանդիպել եմ գեղեցկուհիների, որոնց արտաքին տվյալներն այդքան էլ տպավորիչ չեն, բայց իրենց պահվածքով, խոսելաձեւով ստիպում են մտածել, որ հասարակ չէ, ծնված է գեղեցկուհի լինելու համար:
– Ամուսինդ ինչպե՞ս է վերաբերվում կարիերայիդ, տիտղոսներիդ:
– Իր համար մեծ հպարտություն է այդ ամենը: «Միսիս գլոբ 2009»-ի ժամանակ ինքն է ինձ քաջալերել, հովանավորել, որ մասնակցեմ: Կողքիս է եղել, վերջում էլ, երբ արդեն հաղթել էինք, եռագույնն ուզում էր ուսերիս գցել: Ամուսինս շատ հայրենասեր է, եթե, օրինակ` Բրազիլիան ներկայացնեի, բնականաբար, չէր թողնի մասնակցել:
– Իսկ ինչպե՞ս ծանոթացաք:
– Մեզ ծանոթացրել են մեր ընդհանուր ընկերները: Նա Ռուսաստանից է, մայրը ռուս է, փոքր տարիքից ասել է, որ հայ կին է ունենալու: Հայաստանում իրեն տարբեր աղջիկների հետ են փորձել ծանոթացնել, հերթական «զոհը» ես էի:
– Երկու աղջիկ ունես: Կցանկանա՞ս նրանց էլ տեսնել գեղեցկության մրցույթներում:
– Ինձ թվում է` մեծ աղջիկս` Մելինեն, տվյալներ ունի: Խոսքը արտաքինի մասին չէ. նա սիրում է առաջինը լինել, հագուստներ եւ այլն: Գեղեցիկ քայլվածքն անգամ ժառանգաբար է փոխանցվում: Դեմ եմ մանկական մրցույթներին. երեխան շատ փխրուն հոգեբանություն ունի, եղել է, որ ժյուրիի կազմում եմ եղել ու տեսել, թե ինչպես են բեմի ետեւում արտասվում: Աղջիկներիս մրցույթներից ոչինչ չեմ պատմել, նրանք իմ թագերն էլ չեն տեսել:
– Ի՞նչ է ընտանիքը քեզ համար:
– Ամենանվիրական գործն է, ամենամնայունը: Ամեն ինչ կմոռացվի, կանցնի, իսկ երեխաները կբազմանան սերնդեսերունդ: Երկար ժամանակ տանից դուրս չեմ եկել, երեխաներով եմ զբաղվել, բայց երբեք չեմ զղջա դրա համար: Ուզում եմ` ընտանիքս մեծանա. մտածում եմ երրորդ բալիկի մասին: Յուրաքանչյուր աղջկա համար կարեւորն այս կյանքում ճիշտ ընտրություն կատարելն ու լավ ընտանիք ունենալն է: Ես իմ բոլոր հաղթանակներից հետո, երբ գլուխս դնում էի բարձին, ինքս ինձ ասում էի` ոչինչ չունեմ: Դա, իհարկե, փոխվեց ամուսնությունից հետո:
– Արտերկրում ընդունված է, որ գեղեցկուհուն հրավիրում են հաղորդումներ վարելու կամ ֆիլմերում նկարահանվելու, դու նման առաջարկներ ստացե՞լ ես:
– Ֆիլմերի առաջարկներ Միացյալ Նահանգներում եմ ստացել, բայց իմ վիզան ինձ թույլ չէր տալիս նման գործունեությամբ զբաղվել, ստիպված մի քանի ֆիլմերից հրաժարվեցի: Հիմա մի հաղորդման վրա ենք աշխատում, մանրամասներ դեռ չեմ կարող հայտնել:
bravo.am