Դպրոցի տնօրենի անչափահաս որդին՝ ընդդեմ թերթի

09/12/2011

Դեկտեմբերի 8-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն Սուսան Նազարյանի անչափահաս որդու` Տիգրան Տերտերյանի` ընդդեմ «168 Ժամ» թերթի եւ լրագրող Մարինե Մարտիրոսյանի դատական նիստը: Այս անգամ դատական նիստին ներկա էր նաեւ Տ. Տերտերյանի հայրը` Համլետ Տերտերյանը, ով դատական նիստը սկսելուց առաջ որոշ ռեպլիկներ բաց թողեց Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի մասին մեր հրապարակումների կապակցությամբ: Հիշեցնենք, որ Ս. Նազարյանի որդին թերթից պահանջել է հերքել մեր կողմից հրապարակված տեղեկատվությունը, որում ասվել է. «Ըստ Էջմիածնի բնակիչների` օրեր առաջ դպրոցի նախկին տնօրինուհու որդին այրել է փաստաթղթային արխիվը»: Տնօրինուհու որդին վիրավորվել է այս տողերից եւ իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար թերթից պահանջել է 2 մլն դրամ: «168 Ժամը» իբրեւ ապացույց դատարանին էր ներկայացրել բնակիչների հետ զրույցի ձայնագրությունը, որում բառացիորեն ասվում է. «Ամբողջ քաղաքը 3-4 օր խոսում էր, որ տղան է այրել, մասնավորապես, տնօրենը փոխել էր այն վեդոմոստները, քննական թերթիկներն այլ գնահատականներով է տվել` կա՛մ բարձրացրած, կա՛մ իջեցված` նայած, թե ով ինչ վերաբերմունք է դրսեւորել նրա նկատմամբ: Դպրոցի աշակերտներից, ուսուցիչներից դուրս եկավ, որ տղան արխիվ է վառել, որովհետեւ հրդեհը բռնկվել էր այն սենյակում, որտեղ պահվում է դպրոցի փաստաթղթային արխիվը»: Հիշեցնենք, որ ընդդեմ «168 Ժամի» նախորդ դատական նիստը հետաձգվել էր այն պատճառով, որ հայցվոր կողմի փաստաբան Գեւորգ Գեւորգյանը տեխնիկական պատճառներով չէր կարողացել լսել թերթի կողմից դատարան ներկայացված ապացույց-ձայնագրությունները եւ ժամանակ էր խնդրել դրանց ծանոթանալու համար: Դեկտեմբերի 8-ին, դատական նիստից առաջ հայցվոր կողմի փաստաբան Գ. Գեւորգյանին առաջարկեցինք լսել ձայնագրությունը` դատական նիստը եւս մեկ անգամ այդ պատճառաբանությամբ ավելորդ չհետաձգելու համար, սակայն, որքան էլ տարօրինակ էր, նա հրաժարվեց: Չնայած դրան, դատական նիստի ընթացքում «168 Ժամ» թերթի լրագրող Մարինե Մարտիրոսյանը միացրեց ձայնագրությունը, որում Էջմիածնի բնակիչ Սիրեն Եղիազարյանը ասել էր, որ համաձայն քաղաքում տարածված լուրերի` Էջմիածնի նախկին տնօրինուհու որդին այրել է դպրոցի փաստաթղթային արխիվը: Բացի այդ, պատասխանող կողմի` թերթի փաստաբան Անահիտ Հակոբյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց, ըստ որի` Էջմիածնի 3 բնակիչներ պատրաստակամություն են հայտնել դատարանում հաստատել Սիրեն Եղիազարյանի խոսքերը: Դատարանը, սակայն, ընդունեց միայն մեկ վկայի` Ս. Եղիազարյանի հարցաքննության միջնորդությունը: Հայցվոր կողմի փաստաբանը վկաների միջնորդության մասին նշեց. «Ոնց հասկացա, իմ հասկանալով` չեն վկայելու, որ իրենք անձամբ էդ դեպքին տեղյակ են, իրենք հաստատելու են, որ իրե՞նք էլ լսել են անորոշ ինչ-որ անձանցից, թե՞անմիջական վկա են»: Այս ռեպլիկին ի պատասխան` «168 Ժամի» փաստաբանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ այդ բնակիչները դատարանում հաղորդելու են իրենց լսածները: Հայցվոր կողմի փաստաբանը շարունակ հարցնում էր` «անմիջական ականատեսնե՞ր են»: Նշենք, որ թերթի վիճահարույց հոդվածում, որից «վիրավորվել» եւ թերթին դատի է տվել դպրոցի նախկին տնօրինուհու անչափահաս որդին, որեւէ փաստի մասին խոսք չկար, այսինքն` թերթը չէր հայտնել համոզմունք, այլ ընդամենը մեջբերել էր Էջմիածնի բնակիչների խոսքերը, որոնք պատրաստ են եւս մեկ անգամ հաստատել իրենց լսած լուրը: Մինչդեռ հայցվորի փաստաբանը խնդիրը, կարծես, մոռանում է` պահանջելով, որ թերթը ապացուցի փաստաթղթային արխիվն այրված լինելու հանգամանքը, ավելին` ականատեսներ բերի, որոնք կվկայեն այդ մասին: Այսինքն` նա թերթի առջեւ դնում է իրավապահ մարմինների գործառույթ, որոնց խնդիրն է` բացահայտել դպրոցում տեղի ունեցածը: Այս հանգամանքը նկատեց նաեւ դատավոր Արայիկ Մելքումյանը` նշելով, թե պատասխանող կողմը ներկայացրել է ձայնագրությունը եւ փաստել իր գրածը: «Այսինքն` այդ բնակիչներն ի հայտ եկան եւ նույնիսկ պատրաստ են վկայություն տալու, այսինքն` այն, ինչ լրագրողն իր հոդվածում նշել է, այսօր ապացուցում է: Հիմա Դուք շարունակո՞ւմ եք հայցադիմումը պնդել»,- հայցվոր կողմին հարցրեց դատավորը: Հայցվոր կողմի փաստաբան Գ. Գեւորգյանը պատասխանեց. «Այո՛, հարգելի դատարան, մեր հայցվոր կողմի համար անհրաժեշտություն կա պարզելու, թե ով է նման հայտարարություն կամ լուրեր տարածել կամ ասել նման տեղեկություններ»: Գ. Գեւորգյանը շարունակեց պնդել իր խոսքերը` դատարանից խնդրելով իրենց ժամանակ տալ ձայնագրությունը կրկին լսելու համար եւ նշանակել եւս մեկ նախնական նիստ: Ի դեպ, դատական նիստին հնչած ձայնագրությունը (Էջմիածնի բնակիչ Սիրեն Եղիազարյանի խոսքերը) տեղադրվել է «Առավոտ» օրաթերթի էլեկտրոնային տարբերակում` «Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրինուհին դեռ պատիվ է պահանջում» վերնագրով հոդվածում (դեկտեմբերի 8, ժամը 19:05): Այդպիսով` հայցվոր կողմը բավականաչափ ժամանակ ունի ձայնագրությունը լսել մինչ հաջորդ դատական նիստը, որը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին, ժամը 15:15-ին:

Հիշեցնենք, որ «168 Ժամ» թերթի դեմ դատական հայց էր ներկայացրել նաեւ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն Սուսան Նազարյանը` իր «պատիվն ու արժանապատվությունը» վիրավորելու համար: Վերջինս եւս թերթից պահանջել էր 2 մլն դրամ: Նոյեմբերի 15-ի նիստին, սակայն, դատարանն ընդունեց պատասխանող կողմի փաստաբան Անահիտ Հակոբյանի միջնորդությունը` Ս. Նազարյանի գործի վարույթը կասեցնելով մինչեւ նրա դեմ հարուցված քրգործի նախաքննության ավարտը: Հիշեցնենք նաեւ, որ նախկին տնօրինուհու դեմ քրգործ հարուցելու որոշումը հիմնված է նրա կողմից դպրոցի աշակերտներից ոմանց նկատմամբ բռնություն գործադրելու եւ հայհոյալից խոսքերի համար: 2011թ. ապրիլի 30-ին ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվել էին Ս. Նազարյանի լիազորությունները տնօրենի պաշտոնում, ինչի համար հիմք էին հանդիսացել դպրոցում անցկացված տեսչական ստուգումները:

«168 ԺԱՄ»