Բուժիչ նամակներ

09/12/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Երկարակյաց բուժարարը

Մոտենում է 2012 թվականը, որի նիշերի գումարը հավասար է հինգի, 5-ը` Արեգակի համաստեղության ամենախոշոր մոլորակի` Լուսնթագի թիվն է։ Ըստ չինական օրացույցի` Սեւ Ջրային Վիշապի տարին կսկսվի 23.01.2012թ. Նորալուսնից հետո (ժամը 11-անց 40 րոպեից)։ Հնագույն ժամանակներից Լուսնթագի խորհրդանիշ է համարվել հզոր Կաղնու ծառը։

Հին հայերը «վիշապակերպ» քարե արձաններ են դրել բարձր, անմատչելի լեռներում, սառնորակ ջրերի մոտ եւ որպես հզորության խորհրդանիշ` կաղնու ծառեր տնկել։ Այդպիսի ծառերից մեկը Վարդան Մամիկոնյանն էր տնկել, որը տապալվեց 21-րդ դարի 70-ականներին։

Կաղնին անտառի նահապետն է եւ ըստ ավանդույթի` ծառի պտուղներից պատրաստված ապարանջանը հաջողություն կբերի այն ընտանիքներին, որտեղ տան «գլուխը» տղամարդն է։ Կաղինները պետք է շարել կարմիր բրդե թելի վրա, իսկ դրանց քանակությունը հինգի բաժանելիս պետք է ստացվի ընտանիքի անդամների թվին համապատասխանող նիշ։

Հավաքեք 25 կամ 52 հատ կաղնու տերեւ, այդ թվերը համապատասխանում են 2012թ. ծածկագրին, դրեք առանց ջրի անոթի մեջ եւ պահպանեք ողջ տարին։ Հավաքելիս խնդրեք, որ այդ փնջի տերեւները ձեր տուն բարեկեցություն բերեն։ Կան այլ հավատալիքներ.

– Եթե բռնեք օդում ճախրող տերեւը, ապա ձմռանը չեք հիվանդանա,

– Խաչաձեւ կապված երկու ճյուղերը կպահպանեն տան շեմը չար ուժերից,

– Պատուհանին դրված կաղինները նույնպես ունեն պաշտպանիչ «ուժ»,

– Կեղեւի փոքրիկ կտորը կպահպանի անախորժություններից, կավելացնի ուժերը եւ կենսունակությունը։

Հայաստանի բնական պայմաններում հանդիպում են կաղնու մի քանի տեսակներ, մշակության մեջ ամենուրեք տարածված է Կաղնի ամառայինը` Quercus robur։

Սյունիքում ծովի մակերեւույթից մինչեւ 1100 մ բարձրության վրա հանդիպում է Կաղնի արաքսյան, որի բարձրությունը 8-15 մ է, բնի տրամագիծը` 0,2-0,5 մ։ Ավելի մեծ տարածում ունեն Կաղնի արեւելյանը (20-25 եւ 1-1,5 մ) եւ Կաղնի վրացականը (մինչեւ 40 եւ 1,5 մ)։ Կաղնի արեւելյանը աճում է` մինչեւ 2600, իսկ վրացականը` 1400 մ բարձրության վրա։ Վրացական կաղնին ապրում է միջինը 500-1000 տարի, Մամիկոնյանի կաղնին 1500 տարեկան էր, Ակնաղբյուրի հնաբնակները տեսել են այն։

Առավել ուսումնասիրված է` Quercus robur տեսակը։ Կեղեւը ծածկված է խոր ճաքերով, հաստությունը հասնում է 10 սմ, տերեւները` խոր բլթակավոր, հերթադիր, կոթունը` կարճ, իգական ծաղիկները տեղակայված են տերեւածոցերում, արականները` բարակ կատվիկների մեջ, ծաղկում է ապրիլի վերջից, պտղաբերում սեպտեմբեր-հոկտեմբերին։

Կեղեւը պարունակում է թթուներ (էլլագի, գալլի), որոնք գտնվում են ազատ վիճակում, 10-20 տոկոս գալետանին, 0,4 տոկոս կախետինային տանին, ֆլավոններ, մինչեւ 6 տոկոս խեժ եւ պեկտին, լորձ, օսլա, հանքանյութեր։

Կաղինը պարունակում է 40 տոկոս օսլա, 5-8 տոկոս դաբաղանյութ, 5 տոկոս ճարպ, շաքար, եթերային յուղ, սպիտակուց, եւ այլն։

Կաղինը մթերելիս պետք է արագ չորացնել, որպեսզի չբորբոսնի։ Կեղեւը կիրառվում է գիտական բժշկության մեջ ստոմատիտի, ֆարինգիտի, անգինայի դեպքում` ողողումների համար, ներքին արյունահոսությունների, թունավորումների, լյարդի հիվանդությունների, կոլիտի, միզապարկի բորբոքման, դժվար բուժվող վերքերի դեպքում։ Չափաբաժինները ճիշտ պահպանելու դեպքում կաղնու պատրաստուկները գործնականում հակացուցում չունեն, սակայն խորհուրդ չի տրվում խմեցնել երեխաներին։ Կաղնու կեղեւը վաճառվում է դեղատներում, պահպանման ժամկետը 5 տարի է։

Բուժում է կաղինը

Հյութ. Նոր հասունացող կանաչ կաղինի հյութը խառնեք մեղրի հետ (1։1)։ Խմեք 2-3 ճ/գ, օրը 3 անգամ, սնվելուց 1 ժամ առաջ` միզապարկի բորբոքման, նեւրոզի, անեմիայի դեպքում։

Փոշիացրած կաղին. Հասունացած, ծառից քաղված կաղինը մաքրեք կեղեւից, բովեք ջեռոցում` մինչեւ սկսի կարմրել, փոշիացրեք։ Հումքի 1 թ/գ-ն պատրաստեք ինչպես լուծվող սուրճը` 200 մլ եռջրով։

– Խմեք 100-ական մլ, օրը 2-3 անգամ, սնվելուց առաջ` շաքարային դիաբետի, կոլիտի, միզապարկի բորբոքման, առատ դաշտանի դեպքում։ «Սուրճը» խմեք 1 ամիս, ընդմիջեք 20-30 օր։

Թոքախտի դեպքում. 1 թ/գ փոշին թրմեք 100 մլ եռջրով, խմեք 1 ճ/գ, ճաշից առաջ, կաթի հետ։

Պանկրեատիտ. Չորացրեք, բովեք եւ աղացեք կաղինների վրայի կոթուններին կպած «գլխարկը»։ Հումքի 1 ճ/գ-ն 3 ժամ թրմեք 200 մլ եռջրով։ Քամեք։ Առաջին օրը խմեք 1 թ/գ, հետզհետե հասցրեք 2 ճ/գ, օգտագործեք սնվելուց կես ժամ առաջ, օրը 3 անգամ։

Ճողվածք. Խառնեք 1-ական թ/գ կաղինը, կեղեւը, տերեւը, 10 րոպե եփեք 200 մլ խաղողի կարմիր գինու մեջ։ Քամեք։ Դրեք թրջոցներ։

Պառկելախոց. Մաքրեք կաղինը կեղեւից, աղացեք, լցրեք ապակե տարայի մեջ, վրայից ավելացրեք գոլ ձիթապտղի յուղ (40-50 աստիճան) այնպես, որ 1 սմ բարձր մնա հումքից։ Թրմեք մութ տեղում, պարբերաբար խառնեք փայտե գդալով, 40 օրից քամեք երկտակ թանզիֆով։ Մշակեք վերքերը։

Արեւահարում. 20 տոկոսանոց եփուկով մշակեք մաշկը, 1 ժամվա ընթացքում 5-10 անգամ փոխեք թրջոցը։

Օգտակար խառնուրդ տղամարդկանց համար

Մաքրած, բոված, աղացած կաղինը խառնեք ձիթապտղի յուղի եւ մեղրի հետ (2։1։1)։ Կերեք օրվա ընթացքում։

Զգուշացում. Կանաչ կաղինը պարունակում է թունավոր նյութ, որը չեզոքացվում է ջերմային մշակման ժամանակ։

Բուժում է կաղնու կեղեւը

Անգինա- Խառնեք մանրացրած եղեսպակի խոտը, լորենու ծաղիկը, կաղնու կեղեւը (7։5։1), 60 գ հումքը 20 րոպե պահեք ջրային բաղնիքի վրա (մինչեւ եռալը) 800 մլ ջրում, հովանալուց հետո քամեք։ Կատարեք ողողումներ օրվա ընթացքում։

12-մատնյա աղիի բորբոքում- Խառնեք փոշիացրած (հավասար քանակի) եղեսպակի, սրոհունդի խոտերը, կաղնու կեղեւը։ Հումքի 1 ճ/գ-ն 45 րոպե թրմեք ջերմապահում` 200 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 60-70 մլ, օրը 3 անգամ, սնվելուց հետո։

Վահանաձեւ գեղձ- 1ճ/գ կաղնու կեղեւը 30 րոպե եփեք 200 մլ ջրում։ Քամեք։ Դրեք թրջոց քնելուց առաջ։ Շարունակեք 2-3 շաբաթ։

Դիսբակտերիոզ- 1 ճ/գ կաղնու կեղեւը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրով։ Քամեք։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 3-4 անգամ։

Ալերգիկ ցան, սննդային թունավորում- Կաղնու կեղեւը 10 րոպե եռացրեք ջրի մեջ (1։5), թրմեք 40 րոպե, քամեք։ 200 մլ եփուկին ավելացրեք 1 թ/գ 40 տոկոսանոց ակնամոմի ոգեթուրմ։ Օրը 1-2 անգամ մշակեք վնասված հատվածները, շարունակեք 10-15 օր։

Թութք- Խառնեք չորացրած, մանրացրած կաղնու կեղեւը, երիցուկի ծաղիկը, եղեսպակի խոտը (5։3։1)։ Հումքի 1 ճ/գ-ն 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք, խմեք 100 մլ` քնելուց առաջ։

Վարիկոզ- Խառնեք չորացրած, մանրացրած վաղենակի, երիցուկի, մանուշակ եռագույնի ծաղիկները, ձիաձետի եւ հազարատերեւուկի խոտերը, կաղնու կեղեւը (2։2։1։1։1։1)։ 2 ճ/գ երկու ժամ թրմեք ջերմապահում` 400 մլ եռջրով։ Քամեք։ Լվացեք տրոֆիկ խոցերը, դրեք թրջոց։

Երիզորդի վիժում. Կաղնու կեղեւը 4 ժամ թրմեք եռջրի մեջ (1։20)։ Քամեք։ Խմեք 5-ական մլ, օրը 2 անգամ, սնվելուց 1 ժամ առաջ։ Շարունակեք 4-5 օր։

Մազերի թեփի դեմ.

– 1 ճ/գ կաղնու կեղեւի եփուկը (1։10) խառնեք 1 թ/գ մեղրի հետ, շփեք մազարմատները, 1 ժամից լվացեք։

– Խառնեք կաղնու կեղեւը, սոխի կճեպը (1։10), 100 գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք, շփեք մազարմատները, 30 րոպեից լվացեք մազերը։