Նույն երգը

08/12/2011

«ԵԱՀԿ-ն պետք է քննարկի Ղարաբաղի հարցով բանակցությունների խորացման հնարավորությունը` համագործակցության եւ առաջընթացի հասնելու համար»,- երեկ հայտարարել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկյավիչուսը` ելույթ ունենալով Լիտվայում ընթացող ԵԱՀԿ ԱԳ Նախարարների խորհրդի նիստում: Նույն նիստում ելույթ է ունեցել նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` հայտարարելով. «Ադրբեջանը պատրաստ է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան անհրաժեշտ զիջումների գնալ, ինքնորոշման շրջանակներում»: Ընդգծելով Ադրբեջանի կարեւոր դերը տարածաշրջանի ապագան կառուցելու գործում` Մամեդյարովը ներկաներին հիշեցրել է իր երկիրը Եվրոպայի հետ կապող բազմաթիվ ծրագրերի մասին` նշելով, որ անհրաժեշտ է Ադրբեջանի անվտանգությունը դիտարկել եվրոպական անվտանգության համատեքստում: Հնչեցնելով այդ` բազմիցս կրկնված խոսքերը` Մամեդյարովը մատնանշել է «մեծ սպառնալիքը»` ի դեմս ղարաբաղյան հակամարտության: «Խաղաղ բանակցությունները շատ կարեւոր փուլում են: Ստատուս-քվոյի պահպանումը սպառնալիք է տարածաշրջանի անվտանգության համար»,- ասել է նա` Հայաստանին մեղադրելով մադրիդյան նորացված սկզբունքները չընդունելու մեջ: Մամեդյարովը հայտարարել է, թե բանակցությունների հետագա առաջընթացը պայմանավորված է ստատուս-քվոն փոխելու Հայաստանի ցանկությամբ: Այնուհետեւ Ադրբեջանի արտգործնախարարը Հայաստանին մեղադրել է ռազմական բյուջեի ավելացման մեջ, բնականաբար, ոչինչ չասելով Հայաստանի պետական բյուջեն գերազանցող սեփական ռազմական բյուջեի աճի մասին: