«Առաջին հերթին ուզում եմ ասել, որ այս հարցին մենք կանդրադառնանք, երբ շտաբի աշխատանքների վերաբերյալ ՀՀԿ գործադիր մարմինը եւ խորհուրդը որոշում կայացնեն: Դեռեւս այդպիսի որոշում մենք չունենք»,- երեկ ԱԺ-ում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե ինքը մասնակցո՞ւմ է կուսակցության շտաբի ձեւավորման աշխատանքներին: Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ գրասենյակում փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի եւ ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանի հետ շտաբի հետ կապված աշխատանքային հանդիպում էր ունեցել: Երեկվա հայտարարությամբ Տ.Սարգսյանը կարծես թե ակնարկում էր, որ ՀՀԿ շտաբի հետ կապված Հ.Աբրահամյանի այդ հանդիպումը ՀՀԿ որոշումների շրջանակներից դուրս է, քանի որ ԳՄ-ն եւ խորհուրդը դեռ որոշում չեն կայացրել: