Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել է մասնակցելու այսօր կայանալիք Եվրոպական երկրների ու կառավարությունների ղեկավարների գագաթաժողովին: Հրավերի մասին Մարտենսը հայտարարել է ԵԺԿ կոնգրեսի առաջին լիագումար նիստում ունեցած ելույթի ընթացքում: «Այսօրվանից Դուք Ձեզ կարող եք համարել Եվրոպական ժողովրդական կուսակցության մեծ ընտանիքի անդամ»,- դիմելով ՀՀ նախագահին` ասել է նա ու ելույթից հետո նրան է փոխանցել գագաթաժողովին մասնակցելու հրավերը: Վիլֆրիդ Մարտենսն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի ձեռքբերումներին, կարեւորել Հայաստանի նախագահի մասնակցությունը Կոնգրեսին: Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում է Ֆրանսիայի Մարսել քաղաքում, որտեղ մեկնել է մասնակցելու ԵԺԿ 20-րդ կոնգրեսին: