Երեկ խորհրդարանում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ Կառավարության պատասխանատվության մասին» հարցապնդումը, որով ՀՅԴ-ն ՀՀ նախագահին ԱԺ-ի կողմից առաջարկում է քննարկել ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: «Մեր կառավարությունը չունի առագաստանավ, հետեւաբար չգիտի, թե ո՞ր ճանապարհով է գնում, կառավարությունն իր գործողություններում չունի հստակություն, թե ինչի՞ց է մեզ պաշտպանում, եւ ո՞ւր է մեզ տանում»,- հայտարարել է Ա. Ռուստամյանը` ավելացնելով, թե ակնհայտ հակասություններ կան 2008թ. կառավարության կողմից ԱԺ հավանությանն արժանացած ծրագրի, կառավարության ոչ ադեկվատ գործողությունների եւ 4 տարի անց արձանագրած արդյունքների միջեւ: «Մենք առաջարկում ենք ԱԺ մեծամասնությանը, եկեք դիմենք Սահմանադրական դատարան, որպեսզի դատարանը մեկնաբանի այս հարցը: ՈՒստի դատարան դիմելու համար օգնեք մեզ հավաքենք 27 պատգամավորների ստորագրությունները: Բոլոր հիմքերը կան պնդելու, որ կառավարությունը` ԱԺ օժանդակությամբ, չի կատարում իր սահմանադրական պարտավորությունները: Առաջարկում ենք ՀՀ նախագահին քննարկել կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը»,- եզրափակել է նա: Կառավարությանն անվստահություն հայտնելու ցանկացած նախաձեռնություն առաջին հայացքից միայն ողջունելի է, քանի որ եթե ՀՀ կառավարությանը որեւէ բան կարելի է հայտնել, ապա դա միայն անվստահությունն է: Սակայն, երբ այդ մասին խոսում է ՀՅԴ-ն, մեղմ ասած, պետք է վերապահումով մոտենալ դրան, քանի որ հայտնի չէ, թե ում շահն է այն սպասարկում այս կամ այն քայլը կատարելիս: «Ընդդիմադիր» դիրքերից հանդես եկող այս կուսակցությունն ընդամենը երկու օր առաջ հերթական անգամ ու վերջնականապես ապացուցեց, որ ընդդիմադիր է այնքան ժամանակ, քանի դեռ այդպիսին լինելու պահանջ է ստանում իշխանությունից: ԱԺ նախագահի ու փոխնախագահի ընտրություններում ՀՅԴ-ն միաձայն կողմ քվեարկեց ՀՀԿ-ի թեկնածուներին եւ հաջորդ օրը անվստահություն է հայտնում նույն ՀՀԿ-ի կառավարությանը կամ վարչապետին (կառավարության` կոալիցիոն լինելու մասին պնդումներն այս դեպքում լուրջ չեն կարող լինել): Եթե որեւէ մեկը կարող է քաղաքական տրամաբանություն կամ հիմնավորում գտնել նման վարքագծի համար, թող առաջինը երդում տա որեւէ կուսակցական զենքի վրա: Քաղաքական անսկզբունքայնության տեսանկյունից ՀՅԴ-ի այս գործելաոճը կարող է համեմատվել միայն ՀԱԿ-ի կողմից ԲՀԿ-ին համագործակցության առաջարկ անելու «քաղաքագիտական վերլուծության հետ»: Իսկ երբ «պետպատվերով» գործող ընդդիմությունը պահանջում է կառավարության հրաժարականը, ապա գործ ունենք ներիշխանական ինչ-որ հակասության կամ պարզապես թամաշա սարքելու` իշխանությունների մտադրության հետ: Ընդ որում, իրավիճակն ավելի զավեշտալի է դառնում, երբ դրան միանալու հավանականությունը չի բացառում նաեւ ԲՀԿ-ն, որը եւս նախօրեին հեզաբար կողմ էր քվեարկել ՀՀԿ-ական թեկնածուներին: Խոսքն, իհարկե, կառավարությանն ուղղակիորեն անվստահություն հայտնելուն չի վերաբերում, այլ այդ հարցով ՍԴ դիմելուն: Տեսականորեն կարող է նաեւ հավաքվել այդ 27 ստորագրությունը, ՍԴ-ն կարող է «բովանդակային» քննարկում կազմակերպել այդ թեմայի շուրջ եւ վերջում հայտարարել, որ կառավարության կողմից իր իսկ ծրագրի տապալումը միանգամայն համապատասխանում է սահմանադրությանը, եւ վերջ: Այնպես որ, ՀՅԴ-ն ընդամենը փորձում է «թույլատրելիության սահմաններում ընդդիմադիր» դեր խաղալ առանձին վերցրած Տիգրան Սարգսյանի մասով: Եվ սա այն բացառիկ դեպքերից է, երբ պետք է զորակցություն հայտնել Տիգրան Սարգսյանին: Նրան, իհարկե, անվստահություն «հասնում» է, սակայն` ոչ դաշնակների միջոցով: