«Եթե առագաստանավը գիտի, թե ուր է գնում, ոչ մի քամի չի խանգարի, իսկ ՀՀ կառավարությունը չգիտի, թե ուր է գնում»,- երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Դիմելով ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին, Ա. Ռուստամյանը հարցրել է. «Ո՞րն է Ձեր հողմաղացը եւ ո՞րն է Ձեր վրանը»: 1in.am-ի փոխանցմամբ` Ա. Ռուստամյանը հայտարարել է, թե կառավարության գործունեության ժամկետն ավարտվում է, եւ արդեն պետք է արդյունքներ երեւային, մինչդեռ ներկա կառավարությունն ամեն տարի արտաքին պարտքն ավելացրել է 1.3 մլրդ դոլարով, վարկային միջոցների տեղաբաշխումը չի եղել արդյունավետ, մեր երկիրն ուզում են դարձնել ծառայություններ մատուցող երկիր, սակայն հենց ծառայությունների ոլորտն առավել խոցելին է արտաքին ռիսկերի հանդեպ, իսկ արտագաղթի ահագնացող տեմպերի արդյունքում ազգային անվտանգության առումով ժողովրդագրական լուրջ վիճակ է ստեղծվել: Մասնավորապես, այս տարվա հունվար-սեպտեմբերին ուղեւորահոսքերի բացասական հաշվեկշիռը եղել է 89 հզ.900 մարդ: Ի պատասխան` Վ. Գաբրիելյանն ասել է, որ եթե համընթաց քամի է լինում, նավը նպատակակետին շուտ է հասնում, եթե հակընդդեմ` ուշանում է, փոթորկի ժամանակ արագությունն էլ ավելի է դանդաղում, բայց ուղղությունը մնում է նույնը. «Այս տարիներին կառավարությունը հավատարիմ է եղել կոալիցիոն ծրագրին, ուղղությունները եւ գերակայությունները չեն փոխվել»:
Նրա խոսքով` ցանկության դեպքում կարելի էր տեսնել հողմաղացները, մասնավորապես, տնտեսական ճգնաժամի ժամանակ համաշխարհային պրակտիկայում առկա բոլոր հնարավոր միջոցառումներից ՀՀ-ում չեն իրականացվել 2 միջոցառում`բանկերին աջակցություն եւ բանկերում խնայողություններ կորցնող սպառողների համար լուսաբանումներ: Ըստ նախարարի` ՀՀ-ում վարկերի էական աճ է տեղի ունեցել` տարեկան 20-30%-ով, ինչն աննախադեպ է, եւ միայն ծավալների ոլորտը չի զարգացվում, այլ էապես ավելացել է նաեւ արդյունաբերության աճը: