Համբերության բաժակը լցված է

08/12/2011

Ադրբեջանի անկախության 20-ամյակին նվիրված կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւը հայտարարել է, թե ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների գործունեությունը չի կարելի գոհացուցիչ համարել: Նրա խոսքով` ադրբեջանցի ժողովուրդը վաղուց արդեն հասկացել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները գաղտնի պաշտպանում են «հայկական օկուպացիոն քաղաքականությունը». «ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները պետք է իմանան, որ ադրբեջանցի ժողովրդի համբերության սահմանն այդքան էլ մեծ չէ, համբերության բաժակն արդեն լցված է»,- ըստ «Թրենդի»` ասել է նա: Իսկ ադրբեջանական anspress.com կայքը` հղում անելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, գրել է, թե ադրբեջանական կողմն առաջարկում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում անցնել հաջորդ փուլին եւ սկսել աշխատանքը խաղաղ համաձայնագրի շրջանակներում: «ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները, 20 տարի է` շարունակվում են: Ցավոք, տարածքները դեռեւս օկուպացված են, էթնիկ զտումներ են կատարվել… Ընդհանուր առմամբ` հասկանալով, որ մեզ չի հաջողվել առնչման վերջնական կետեր գտնել, եւ գիտակցելով, որ մադրիդյան սկզբունքները լավ հիմք են առաջ գնալու եւ խաղաղ համաձայնագրի կնքման համար, ադրբեջանական կողմն առաջարկում է հաջորդ փուլին անցնել եւ սկսել խաղաղ համաձայնագրի վրա աշխատանքը»,- ասել է Մամեդյարովը: Նրա դիտարկմամբ` ԼՂ հակամարտությունը բարդ, բազմակողմ հակամարտություն է, որում ռազմական գործոն է առկա, հողերի վերադարձի խնդիր, ինչպես նաեւ` ֆինանսական խնդիրներ: «Այսօրվա դրությամբ կողմերի միջեւ վստահության ամրապնդմանն ուղղված տարբեր նախաձեռնություններ կան, ադրբեջանական եւ հայկական համայնքների միջեւ շփումներ են նկատվում։ Այդպիսով ելքի միակ ուղին ոչ միայն բանակցությունները շարունակելն է, այլեւ շփումները հաճախակի դարձնելը»,- նշել է նա: