ԱՄՆ-ը քննադատում է

08/12/2011

Միացյալ Նահանգների պետքարտուղարը հետխորհրդային տարածքի պետություններին կոչ է արել «ավելի մեծ հարգանք ցուցաբերել մարդու իրավունքների եւ ժողովրդավարական հաստատությունների հանդեպ»: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի` պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նման հայտարարությամբ հանդես է եկել երեկ Վիլնյուսում մեկնարկած ԵԱՀԿ արտգործնախարարների ամենամյա հավաքին: Նրա ուղերձի հիմնական հասցեատերը հետխորհրդային տարածքի սլավոնական եռյակն էր` Ուկրաինան, Բելառուսն ու Ռուսաստանը: «Օրենքի գերակայության, ընտրական գործընթացների եւ ժողովրդավարական հաստատությունների գործունեության առումով մենք ետընթաց ենք արձանագրում: Մենք ականատեսն ենք դառնում դատական այնպիսի գործընթացների, որոնց առումով լուրջ կասկածներ կան, թե դրանք քաղաքական ենթատեքստ ունեն»,- հայտարարել է Հ.Քլինթոնը` հիշատակելով Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դատավարությունը: Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը Վիլնյուսում խոստացել է, որ պաշտոնական Վաշինգտոնը կշարունակի աջակցել բելառուս ընդդիմադիրներին: «Այստեղից ընդամենը 40 կիլոմետր հեռավորության վրա` Բելառուսում, իրավապաշտպանները շարունակում են ենթարկվել անդադար ճնշումների: Իրավապաշտպան Ալես Բելյացկին դատապարտվեց 4.5 տարվա ազատազրկման: Ժողովրդավարական ընդդիմության կողմից նախագահության թեկնածու առաջադրված Անդրեյ Սաննիկովն ու Նիկոլայ Ստատկեւիչը շարունակում են մնալ անազատության մեջ»,- ասել է նա: ԱՄՆ պետքարտուղարն իր ելույթում բավական խիստ քննադատության է ենթարկել նաեւ քաղաքացիական ազատությունների վիճակը Ռուսաստանում` ասելով. «Շատ երկրներում մենք տեսանք, որ անազատ եւ ոչ արդար ընտրությունները խաթարում են մարդկանց վստահությունը: Վերջին օրինակը Ռուսաստանում տեղի ունեցած Պետդումայի ընտրություններն էին, որոնց հետ կապված մենք լուրջ մտահոգություններ ունենք: Ինչպես արձանագրեցին ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչները, ռուսաստանյան ընտրությունների ժամանակ եղել են քվեատուփերի լցոնման, ընտրացուցակների հետ մեքենայությունների փորձեր: Այլ մտահոգիչ փաստեր եւս արձանագրվել են»:

Ի դեպ, երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն` ի պատասխան Հ. Քլինթոնի մեղադրանքներին, հայտարարել է, թե նրա հայտարարություններն «անհարգալից վերաբերմունքի դրսեւորում» են ԵԱՀԿ-ի նկատմամբ: