Դիմակները հանեք, իջեք ձոր

08/12/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ընդդիմադիր դաշտում հերթական սկանդալն է հասունանում: Այս անգամ դա կարող է տեղի ունենալ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների` «Ժառանգության» եւ «Դաշնակցության» միջեւ:

Ազգային ժողովի նախագահի ու փոխնախագահի ընտրությունները հակասություններ են առաջացրել այս երկու խմբակցությունների մեջ: Բանն այն է, որ նախօրեին տեղի ունեցած ԱԺ նախագահի եւ փոխնախագահի ընտրությունների ժամանակ ՀՅԴ խմբակցությունը քվեարկել է ոչ թե ընդդիմադիր գործընկեր «Ժառանգության» թեկնածուներ Լարիսա Ալավերդյանի եւ Արմեն Մարտիրոսյանի, այլ Հանրապետական կուսակցության թեկնածուներ Սամվել Նիկոյանի եւ Էդուարդ Շարմազանովի օգտին: Դրանից հետո «Ժառանգության» շարքերից հայտարարություն հնչեց, թե այդպիսով «պատռվեց ՀՅԴ-ի դիմակը»: Երեկ արդեն իրենց գործընկերներին հակադարձում էին դաշնակցականները: Պարզվեց, որ ՀՅԴ-ին դուր չի եկել Լ.Ալավերդյանի թեկնածուական ելույթի այն հայտարարությունը, թե Գարեգին Նժդեհն ու Դաշնակցությունը հակադիր տեսակետներ են ունեցել Լեռնային Հայաստանի անկախացման հարցում: «Տիկին Ալավերդյանն ամենաթունդ բոլշեւիկներին հատուկ մի հայտարարություն է արել, եւ հազիվ ենք կանխել, որ ՀՅԴ-ն նրան լուրջ չհակազդի: Բացարձակ անտեղյակ պատմությունից: Այսքան բանից հետո ՀՅԴ-ից ո՞ւմ ձեռը կգնա քվեարկել նրա օգտին: Դրա համար էլ Արմենն ավելի շատ ձայն է ստացել: Հակառակը, նախագահի դեպքում Ա.Մարտիրոսյանի թեկնածությունը պիտի առաջադրվեր»,- ասում է ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Լ.Ալավերդյանին կողմ էին քվեարկել 4 հոգի, եւ ենթադրվում էր, որ քվեարկողները «Ժառանգության» 4 պատգամավորներն են եղել: Խմբակցության մյուս անդամներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Զարուհի Փոստանջյանն այդ օրը Հայաստանում չէին: Ա.Մարտիրոսյանի օգտին քվեարկել էին 6 հոգի: Եվ ՀՅԴ-ից ակնարկում էին, թե մյուս երկու քվեարկողներն իրենց խմբակցությունից են եղել: Ավելին, Ա.Ռուստամյանը նույնիսկ ակնարկեց, թե Լ.Ալավերդյանի 4 ձայներից մեկն իրենք են տվել: Այսինքն` «Ժառանգության» ո՞չ բոլոր անդամներն են Լ.Ալավերդյանի օգտին քվեարկել: «Մենք իրենց լեզվով չենք ուզում խոսել, թե` պատռվեց դիմակը: Եթե դա այդ պատճառով է արված, ուրեմն ամբողջությամբ մանկական խաղեր են: Իրենց քայլերը լուրջ կուսակցությանը վայել չեն: ՀՅԴ-ն պարտավո՞ր է երկուսի դատարկ, անլուրջ խաղը լրջացնել: Թե կոալիցիայի, թե «Ժառանգության» կողմից անլուրջ մոտեցում է ցուցաբերվում: ՀՀԿ-ի կողմից անլրջությունն այնքան է, որ ասում են, թե ԱԺ նախագահից ավելի կարեւոր պաշտոն կա` շտաբի պետի պաշտոնը: Վերջապես «Ժառանգությունն» իր մեջ այդ մոբիլիզացիան չկարողացավ կատարել, 6 հոգի են, թող 6-ն էլ ներկա լինեն: Ոչ մի պատճառաբանություն չի անցնում: (Ր.Հովհաննիսյանը մեկնել էր Մարսել` ԵԺԿ-ի համագումարին մասնակցելու.- Ա.Ա.) Թող ետ գցեին: Ո՞րն է ավելի կարեւոր, իրենք այստեղ լուրջ պայքար են տանում ԱԺ նախագահի համար: Սա անլրջացում չի՞:

Եթե նրանք ամբիոնն են օգտագործում, մեր դիմակն ի՞նչ կապ ունի այդտեղ: Փոխանակ պատռեն իշխանությունների դիմակը, ընտրություններին մասնակցում են, որ պատռեն իրենց գործընկերների դիմակը: Ամոթ չի՞: Մենք էլ հատուկ որոշում ենք կայացրել, որ ազատ քվեարկություն անենք, որովհետեւ մեր կողմից քաղաքական կարեւորություն չի տրվել այս ընտրությանը»,- ասում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Իհարկե, Ա.Ռուստամյանի այս հայտարարությունները անպատասխան չէին կարող մնալ «Ժառանգության» կողմից: Եվ մեզ հետ զրույցում նրան հակադարձեց Անահիտ Բախշյանը: Նա նախ շատ զարմացավ ՀՅԴ-ի այն հարցադրման առնչությամբ, թե եթե ԱԺ նախագահի եւ փոխնախագահի ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեին, ինչո՞ւ իրենց նախապես չեն տեղեկացրել, իրենց հետ չեն քննարկել, որ հետո էլ մեղադրում են իրենց թեկնածուներին չընտրելու համար: «Ինչո՞ւ պիտի ասեինք: Սա «Ժառանգության» սկզբունքային քայլն էր` հավատարիմ իր բոլոր անցած գործընթացներին: Մենք միշտ հայտարարել ենք մեր մասնակցային գործունեության մասին»,- ասում է տիկին Բախշյանը:

Վերջինս ավելացրեց` եթե ՀՅԴ-ն կարծում է, որ իրենք ընտրություններին մասնակցել եւ ԱԺ ամբիոնն օգտագործել են իրենց տեսակետները հայտարարելու համար, այդ դեպքում թող դաշնակցականներն էլ իրենց քվեարկությամբ իմաստավորեին ընդդիմադիրի իրենց կոչումը: Թե չէ էլ ինչպե՞ս է լինում իշխանության դեմ պայքարը, եթե ոչ նրանց թեկնածուին այլընտրանքային թեկնածու ներկայացնելով: «Լարիսան հիշեցրեց պատմական փաստը, որ Նժդեհը չենթարկվեց Առաջին Հանրապետության կառավարությանը եւ չթողեց Լեռնային Հայաստանը: Դրա շնորհիվ այն այսօր Հայաստանի կազմում է: Այդպիսով տիկին Ալավերդյանը քաղաքական գործչի համար կարեւորեց ընդդիմանալու համարձակությունը, որն ունեցավ Նժդեհը: Իսկ իրենց մոտ այդ ընդդիմանալու համարձակությունն այս պահին բացակայեց: Նրանք պահանջում են արտգործնախարարի, կառավարության հրաժարականը, եւ դրա համար դիմում են նախագահին, ով պատասխանատու է այդ արտաքին եւ տնտեսական քաղաքականության համար: Երեխան էլ է հասկանում, որ այդ գիծն ուղիղ գնում է դեպի նախագահ: Եթե արտգործնախարարի հրաժարական ես պահանջում, դա նշանակում է, որ պետք է պահանջես նախագահի հրաժարական»,- ավելացնում է Ա.Բախշյանը:

Երեկ ՀՅԴ-ն խորհրդարանին ներկայացրեց կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Եվ այդ ներկայացմանը ներկա չէր «Ժառանգության» եւ ոչ մի պատգամավոր: Լ.Ալավերդյանը ներս մտավ այդ հարցի քննարկումից հետո: Արդյո՞ք այդպիսով «Ժառանգությունը» պատասխան է տալիս իրենց թեկնածուին չընտրելու համար: Տիկին Բախշյանը չհամաձայնեց, ասաց, որ իրենք տարբեր գործերով զբաղված էին եւ չէին կարող ներկա լինել: Իսկ այսօր քվեարկության ժամանակ կքվեարկե՞ն ՀՅԴ-ի այդ նախաձեռնության օգտին: «Դեռ չենք որոշել, բայց, կարծում եմ, որ այդ հարցում հաշվի կառնենք ընտրությունների միջադեպը»,- ասաց նա:

Իսկ հնարավո՞ր է, որ այս կոնֆլիկտը ջրբաժան դառնա խորհրդարանական այս խմբակցությունների միջեւ, որ նրանք այլեւս չհամագործակցեն ոչ ԱԺ-ում, ոչ էլ նախընտրական գործունեության շրջանակներում: «Ոչ, մենք այդքան անլուրջ կուսակցություն չենք: Կան գերագույն նպատակներ, որոնք մղում են, որ մենք ամեն այդպիսի մանր հարցերը մի կողմ դնենք եւ հանուն մեր երկրի ազատության, անկախության, ժողովրդավարության համար միավորվենք»,- ասաց Ա.Ռուստամյանը:

«Չեմ կարծում: Կան շատ հարցեր, որոնց շուրջ կարելի է համագործակցել»,- ավելացրեց Ա.Բախշյանը: