Շահդ քաշի

08/12/2011

Երեկ Aravot.am-ը հրապարակել էր մի տեղեկություն, որի համաձայն` նախօրեին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի Արաբկիրի տարածքային կառույցի ակտիվի հավաքը` ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամների մասնակցությամբ: Հավաքի ժամանակ ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանն իր խոսքում անդրադարձել է նաեւ մամուլին: Հրապարակելով 3 թերթերի անուններ` Ա. Մանուկյանը ակտիվին իրազեկել է, որ դրանք «թշնամի թերթեր են, քանի որ չեն ներկայացնում Կոնգրեսի շահը»: Aravot.am-ը միտումնավոր չէր հրապարակել այդ թերթերի անունները: Aravot.am-ի հետ զրույցում Ա. Մանուկյանը հաստատել է, որ ինքը նման հայտարարություն արել է, սակայն հրաժարվել է մեկնաբանություններից: Մեր տեղեկություններով, Ա. Մանուկյանը որպես Կոնգրեսին թշնամի թերթեր նշել է «168 Ժամի», «Ժամանակ» եւ «Հրապարակ» թերթերի անունները: Երեկ մեր թղթակիցը եւս Ա. Մանուկյանին հարցրել է, թե որո՞նք են Կոնգրեսի թշնամի թերթերը: Վերջինս, որքան էլ տարօրինակ է, անմիջապես հրաժարվել է իր իսկ հայտարարությունից` ասելով. «Տենց բան չկա»: Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանն էր լրատվամիջոցների հետ կապված մի հայտարարություն արել, ասելով, որ «Ժամանակ»-ը, «1in.am»-ը եւ դրանց խմբագիր Արման Բաբաջանյանը որեւէ կապ չունեն ՀԱԿ-ի հետ: Ի դեպ, մեզ հետ զրույցից որոշ ժամանակ անց մեր թղթակցին է զանգահարում ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը եւ խնդրում այս կապակցությամբ պարզաբանում ավելացնել: Այն է` «Այն, ինչ տպագրել է «Առավոտ» թերթը, բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Այս պնդումն անում եմ, որովհետեւ այդ տեղեկատվության մեջ կա առնվազն 3 սխալ: 1. Լրագրողը ասում է, որ դա եղել է ՀՀՇ ժողով: Դա ՀՀՇ ժողով չի եղել, եղել է ՀԱԿ-ի Արաբկիրի շտաբի նիստը: 2. Լրագրողն ասում է, որ այնտեղ է եղել Դավիթ Շահնազարյանը: Ոչ միայն Դ. Շահնազարյանը, այլ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ոչ մի անդամ այդ նիստին չի մասնակցել: Եվ երրորդը` նիստին «թշնամի» բառը չի հնչել, ձեւակերպումն այսպես է եղել` Կոնգրեսի շահերը չներկայացնող թերթեր»: Լրագրողի հարցին, թե, ի վերջո, որո՞նք են այդ թերթերը, նա պատասխանել է. «168 Ժամը», «Հրապարակը» եւ «Ժամանակը»: Ի դեպ, Ա. Մանուկյանի վերջին պարզաբանման մեջ թվարկված կետերը պարզապես հնարավոր չէ գտնել «Առավոտի» լրագրողի տեքստում: Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀՇ նախագահը նույնիսկ չի կարդում այն տեքստը, որը հերքում է:

Ավելացնենք, որ երեկ բազմաթիվ մարդիկ իրենց զարմանքն էին արտահայտում ՀՀՇ նախագահի պարզունակության (մեղմ ասած) վերաբերյալ` «Դրանք «թշնամի թերթեր» են, քանի որ չեն ներկայացնում Կոնգրեսի շա՞հը: Չափազանց պարզունակ միտք չի՞ որեւէ կուսակցության նախագահի համար»: