«Նախընտրական շրջանում քաղաքական ուժերը փորձում են իշխանությանը դիմակայելու պատրանք ստեղծել, ինչպես դա անում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Սակայն դա ոչ այլ ինչ է, քան թատերական ներկայացում ժողովրդի համար, որի բեմադրիչը Սերժ Սարգսյանն է»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սէֆիլյանը` կանխատեսելով, որ առաջիկա նախընտրական շրջանն ու բուն ընտրությունները հիշեցնելու են 2007թ. խորհրդարանական ընտրությունները, ընդ որում, ժողովրդի պասիվությունն ավելի մեծ է լինելու, քան նախորդ ընտրությունների ժամանակ: «Թատերական ներկայացումը շարունակվելու է մինչեւ 2012թ. խորհրդարանական ընտրությունները, ընդ որում, միլիոններ են ծախսվելու ոչ միայն կաշառքի, այլեւ տարբեր միջոցառումների, համերգների եւ շոուների կազմակերպման համար»,- ասել է նա: Ըստ Սէֆիլյանի, Հայաստանում ընտրությունները վերածվել են իշխանության վերարտադրման գործընթացի, եւ դրան նպաստում են նաեւ ընտրություններին մասնակցություն ունեցող կուսակցությունները: «Իրավիճակը երկրում ծայրահեղ է, եւ հենց դրանով է պայմանավորված, որ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը մենք անդրադառնում են ներքաղաքական թեմաներին: Ամոթի եւ մեղքի զգացումով հաստատում ենք, որ 23 տարի անց հազարավոր մարդիկ շարունակում են մնալ առանց տանիքի»,- ասել է Սէֆիլյանը: