Եվս մեկ ԲՀԿ-ամոլ

08/12/2011

Եթե ՀՀԿ-ն Միացյալ աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանին հրավիրի իր նախընտրական ցուցակ, նա կհրաժարվի: Երեկ նման հայտարարություն է արել Գ. Արսենյանը` անդրադառնալով 2012-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: «Քաղաքական դաշինքների կողմնակից եմ, եթե գաղափարական են, եթե պատեհապաշտական նպատակներ ունեն, ապա չեմ ողջունում,- ասել է նա` ավելացնելով,- Քաղաքական դաշտում պետք է լինի երկխոսություն, բանավեճ, որպեսզի Հայաստանի քաղաքացին հասկանա, թե ինչ է ուզում»: Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերի հնարավորություններին, ՄԱԿ-ի նախագահը նշել է. «Իմ վերլուծությունները ցույց են տալիս, որ Հայաստանի ընտրությունների պարագայում մենք ականատես կլինենք իշխող կուսակցության ձայների անկման»: Նա ասել է, որ վերջին շրջանում իշխանական դաշտում կադրային փոփոխությունները հասարակության կենսամակարդակը չեն բարձրացրել: Անդրադառնալով Ռուսաստանի Պետդումայի ընտրություններին, Արսենյանը նշել է. «Այդ ընտրությունները կանխատեսելի չէին, դրանք մտորումների տեղիք են տալիս թե Ռուսաստանի, թե Հայաստանի քաղաքական վերնախավին: Ռուսաստանի ընտրողներն էական նշանակություն են տվել ընդդիմադիր ուժերին, ինչի շնորհիվ նրանք մեծացրեցին իրենց ներկայությունը Պետական դումայում: Դա սոցիալական բողոքի դրսեւորման արտահայտություն էր»: Գ. Արսենյանը երեկ նաեւ վստահություն է հայտնել, որ առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ն քիչ ձայներ կհավաքի: «Հասարակության հիմնական դերակատարը` հայ ընտրողը` Հայաստանի քաղաքացին, դժգոհ է վարվող քաղաքականությունից»,- ասել է նա` վստահություն հայտնելով, որ ՀՀԿ-ն կեղծելու է առաջիկա ընտրությունները: Արսենյանն իրեն տեսնում է բուրժուադեմոկրատական բեւեռում, որտեղ, ըստ նրա, նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է: Նա հույս ունի, որ այդ բեւեռը կկարողանա վերցնել նրանց ձայները, ովքեր չեն սիրում իշխանությանը, բայց ՀԱԿ-ին էլ ձայն չեն տա: