– Պարոն Աբրահամյան, ՏԻՄ վերջին ընտրություններում ՀՀԿ-ն շատ մարզերում պարտություն կրեց: Փոխարենը, «Ժողպատգամավորը» վերցրեց բավականին մեծ թվով տեղեր: Ի՞նչ եք կարծում, դրանով իշխանություններն արդյո՞ք հաջորդ ընտրություններում նոր մեծամասնություն ձեւավորելու խնդիր չեն լուծում:
– Ձեր ունեցած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը եւ Հանրապետական կուսակցությունն այս ընտրություններում եւս իր ստացած տեղերով առաջինն է քաղաքական ուժերի մեջ: Ինչ վերաբերում է հաջորդ ընտրություններում նոր մեծամասնություն ձեւավորելուն, ապա այդ մեծամասնությունը ձեւավորելու են ոչ թե իշխանությունները, այլ մեր ժողովուրդը՝ հաջորդ ընտրություններում քաղաքական ուժերին տրվող իր քվեով: Այնպես որ, միայն 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո կարող ենք ասել, թե ո՞ր քաղաքական ուժն է ունենալու մեծամասնություն: Կանխատեսումներ, իհարկե, կարելի է անել, դատելով այս կամ այն ուժի վարկանիշից, ունեցած քաղաքական կշռից եւ այսօր արդեն տարվող աշխատանքից, սակայն մինչեւ հաջորդ ընտրություններ ժամանակ շատ կա, եւ եկեք այդ ընտրությունների արդյունքներն այսօր չկանխատեսենք:
– Սահմանադրական «այո»-ն ապահովելու համար, դուք, որպես համակարգող նախարար, մարզպետներին եւ ձեր կողմից համակարգվող ոլորտներին ի՞նչ հանձնարարականներ եք տվել: Եվ արդյո՞ք համապատասխանում են իրականությանն այն լուրերը, թե «ոչ»-ի դեպքում սպառնացել եք նրանց պատժել:
– Ես սպառնալիքներով չեմ աշխատում. դա իմ աշխատանքի ոճը չէ: Ինչ վերաբերում է հրահանգներին, ապա միակ հրահանգը եղել է ժողովրդի հետ աշխատելը եւ նրան բացատրելը, թե առաջարկվող փոփոխությունների ընդունմամբ կոնկրետ քաղաքացին ի՞նչ է շահելու, եւ ի՞նչ է կորցնելու, եթե այս փոփոխությունները չընդունվեն: Եվ եթե ժողովրդին իրապես հասանելի դառնան առաջարկվող փոփոխությունները, ես վստահ եմ, որ ժողովուրդը չի քվեարկի սեփական առաջընթացին դեմ: Որովհետեւ, էլի եմ կրկնում, սա իշխանության կամ ընդդիմության հարց չէ. սա պետության հեռանկարի եւ առաջընթացի հարցն է, եւ դա է պետք հստակ բացատրել ժողովրդին, ինչը եւ ես հանձնարարել եմ իմ կողմից համակարգվող ոլորտներին։
– Ի՞նչ եք կարծում, իշխանություններին կհաջողվի՞ ապահովել «այո»-ն:
– «Այո»-ն ապահովելու են ոչ թե իշխանությունները, այլ ժողովուրդը: Իսկ իշխանություններից, որոնք շահագրգիռ են հանրաքվեի դրական ելքով, ընդամենը պահանջվում է մեկ բան՝ օրենքի սահմաններում ապահովել հանրաքվեի կազմակերպման նորմալ ընթացքը, ինչը եւ արվում է: Ժողովուրդը հասկանում է, որ այս փոփոխություններն իշխանության համար չեն. ավելին, եթե հանրապետության նախագահը, ինչպես փորձում է ներկայացնել ընդդիմությունը, կառչած լիներ իր լիազորություններից, նա շահագրգիռ չէր լինի հանրաքվեի դրական ելքով: Եվ պարզապես անլուրջ են խոսակցությունները, թե «ոչ»-ի դեպքում Հայաստանի իշխանությունների հանդեպ միջազգային կառույցները պատժամիջոցներ են կիրառելու: Եթե ժողովուրդը գնաց եւ ազատ ընտրության արդյունքում մերժեց առաջարկվող փոփոխությունները, միջազգային հանրությունն ընդամենը պարտավոր է լինելու արձանագրել, որ ժողովրդավարական ընտրության արդյունքում Հայաստանի հասարակությունը չընդունեց առաջարկվող առավել ժողովրդավարական փոփոխությունները, ուստի պատրաստ չէր դրանց, ինչը, ի դեպ, մենք տեսանք եվրոպական մի քանի երկրում՝ ԵՄ Սահմանադրության հանրաքվեի ժամանակ։ Դա, չեմ թաքցնում, բացասաբար կարող է անդրադառնալ մեր երկրի միջազգային հեղինակության վրա, սակայն կոնկրետ իշխանություններին դրանից ոչինչ չի լինի: Մենք ինչպես մինչ օրս աշխատել ենք, այսուհետ եւս կշարունակենք աշխատել գործող Սահմանադրությամբ:
– Գալուստ Սահակյանը հայտարարել էր` եթե երկքաղաքացիությունն ընդունվի, ապա այն չի գործելու Հայաստանում: Իսկ Աթենքում նախագահն ասաց, որ այն քաղաքական գործիչները, որոնք լուրջ չեն վերաբերվում երկքաղաքացիությանը, լուրջ գործիչներ չեն:
– Երկքաղաքացիության հարցն իսկապես լուրջ խնդիր է, մինչդեռ ընդդիմությունն այն փորձում է տեղափոխել բոլորովին այլ դաշտ` ժողովրդին վախեցնելով այն հեռանկարով, թե Հայաստանի հաջորդ նախագահին ընտրելու է Մոսկվայի կամ Կալիֆոռնիայի միլիոնանոց հայ համայնքը: Մինչդեռ, առաջարկվող փոփոխություններում ընդամենը հանվել է երկքաղաքացիության արգելքը, իսկ մնացած հարցերը՝ երկքաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, կարգավորվելու են օրենքով: Եվ ես վստահեցնում եմ, որ Հայաստանի իշխանություններին ընտրելու են հայաստանաբնակ հայերը:
– Նախագահն ասաց, թե տեր է եւ՛ «այո»-ին, եւ՛ «ոչ»-ին: Հետեւաբար, ինչո՞ւ եք այդքան ռեսուրսներ վատնում «այո»-ն ապահովելու համար:
– Իսկ ի՞նչ է, դուք կուզենայիք, որ հանրապետության նախագահն ասեր, թե ինքը տեր է միայն «այո»-ի՞ն: Կարծում եմ, նախագահն արժանապատիվ պատասխան է տվել եւ նա, որպես երկրի նախագահ, ընդունելու է ազատ եւ արդար ընտրության արդյունքում ժողովրդի ասած թե՛ «այո»-ն, թե՛ «ոչ»-ը: Ինչ վերաբերում է ռեսուրսներ վատնելուն, ապա իշխանությունն «այո»-ի քարոզչության համար վատնում է այնքան ռեսուրս, որքան ընդդիմությունն է վատնում իր «ոչ»-ի քարոզչության համար, ինչը միանգամայն տեղավորվում է «Հանրաքվեի մասին» օրենքի շրջանակներում:
– Տիգրան Թորոսյանն ասել էր, թե դուք ՀՀԿ-ում դիրք չունեք: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ: Եվ ինչպե՞ս եք աշխատում հանրապետական վարչապետի հետ, եթե ՀՀԿ-ում որեւէ դիրք չունեք:
– Ես Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում չորրորդն եմ եղել եւ կարծում եմ, սրանով կուսակցությունում իմ ունեցած դիրքի մասին դատողությունները կարելի է համարել սպառված: Եվ Տիգրան Թորոսյանը, որքան տեղյակ եմ, իր արած այդ արտահայտության կապակցությամբ եւ թե այն ինչ կերպ է ներկայացվել մամուլում` պարզաբանումներ տվել է: Ինչ վերաբերում է վարչապետի հետ աշխատանքին, ապա ինչքան էլ ոմանք փորձեն պարբերաբար վարչապետ-Հովիկ Աբրահամյան հակասություններ հորինել, նման հակասություններ չկան եւ չեն կարող լինել:
– Ինչպե՞ս եք վերաբերվում Սամվել Բաբայանի քաղաքական դաշտ մտնելուն:
– Ցանկացած ոք ինքն է որոշում իր անելիքը:
– Ընդդիմությունը ծրագրել է նոյեմբերի 27-ը վերածել իշխանությունների վստահության հանրաքվեի: Հնարավոր համարո՞ւմ եք, որ հանրաքվեի «ոչ»-ը վերաճի իշխանափոխության:
– Ես չգիտեմ, թե ի՞նչ է ծրագրել ընդդիմությունը. դա նրանց գործն է, որը չեմ ցանկանում մեկնաբանել: Սակայն մի առիթով ասել եմ՝ նոյեմբերի 27-ին հանրաքվեի դրված հարցը հստակ է՝ մերժել կամ ընդունել առաջարկվող սահմանադրական փոփոխությունները: Այլ հարց հանրաքվեի դրված չէ եւ, եթե հանրաքվեի արդյունքում պարզվի, որ ժողովուրդը «ոչ» է ասել առաջարկվող փոփոխություններին, դրան կհետեւի ընդամենը մեկ եզրակացություն՝ ժողովուրդը «ոչ» է ասել առաջարկվող փոփոխություններին: Որին էլ կհետեւի հաջորդ տրամաբանական եզրահանգումը՝ Հայաստանի Հանրապետությունը կշարունակի գործել 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրությամբ: Այլ հետեւանքներ «ոչ»-ը, անկախ ընդդիմության նախապատրաստություններից, ունենալ չի կարող:
– Եթե ընդդիմությունը սկսի զանգվածային գործողություններ, իշխանությունը կկիրառի՞ բռնի ուժ, ինչպես 2004-ի ապրիլի 12-ին էր:
– Իշխանությունն ապրիլի 12-ին ոչ թե բռնի ուժ է կիրառել, այլ կատարել է օրենքով իրեն վերապահված գործառույթներն այն դեպքում, երբ մարդկանց մի խումբ փակել էր գլխավոր պողոտաներից մեկը, այն վերածելով պարահրապարակի: Եթե ընդդիմությունը որոշել է նոյեմբերի 27-ին նույնպիսի պարահանդես կազմակերպել՝ խախտելով օրենքները, ապա իշխանությունը կրկին պարտավոր կլինի իրականացնել օրենքով թույլատրված միջամտություն: Եվ եթե օրենքի կիրառումն ընդդիմության համար նշանակում է բռնի ուժի կիրառում, դա արդեն թողնում եմ ընդդիմության մեկնաբանությանը:
– Ձեր կարծիքով, ընդդիմությանն ու իշխանությանը սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի համար հավասա՞ր հնարավորություն է տրված:
– Որքան տեղյակ եմ, միջազգային մի քանի կազմակերպություն մոնիտորինգ են անցկացնում, եւ վստահ եմ, որ արդյունքները հաստատելու են, որ թե՛ «այո» եւ թե՛ «ոչ» քարոզողների համար ստեղծված են հավասար պայմաններ: Որեւէ մեկը չի կարող ասել, որ որեւէ ընդդիմադիր ուժ ցանկացել է այս կամ այն բնակավայրում հանդիպել ժողովրդի հետ, եւ նրան արգելել են կամ չեն տրամադրել համապատասխան դահլիճ: Չկա նման բան. ընդդիմադիրների ավտոշարասյունը շրջում է հանրապետության բնակավայրերով, եւ որեւէ տեղ իր տեսակետը քարոզելու խնդիր ընդդիմությունը չի ունեցել: Այլ հարց է, որ բոլորս էլ տեսնում ենք, թե այդ հանդիպումներին ինչքան մարդ է գալիս եւ իրականում որքան է ընդդիմության հեղինակությունը: Սահմանադրական հանրաքվեի այս քարոզարշավը ցույց տվեց, որ մարդիկ հոգնել են դատարկ խոսակցություններից: Վերամբարձ խոսքերը շատ կարճ ժամանակի համար կարող են էֆեկտիվ լինել, բայց երբ ժողովրդին անընդհատ մատուցվում է նույն ֆոնոգրաման՝ նույն կատարողներով, ժողովուրդը պարզապես ձանձրանում ու երես է թեքում։ Ինչ վերաբերում է հեռուստաեթեր տրամադրելուն, ապա ընդդիմադիր գործիչները պարբերաբար հրավիրվում են հեռուստաբանավեճերի. այլ հարց է, որ նրանց լիդերները պայման են դնում՝ կա՛մ կբանավիճեն հանրապետության նախագահի հետ, կա՛մ պահանջում են մենախոսություն: Որեւէ օրենքում ուլտիմատումի դրույթ գոյություն չունի, եւ ընդդիմության լիդերների այդ ուլտիմատումներն իշխանությունը բավարարելու քաղաքական որեւէ պարտավորություն չի ստանձնել:
– Ինչպե՞ս եք գնահատում այն, որ ընդդիմությունը վերջապես միավորվեց եւ կայացրեց հանրաքվեն բոյկոտելու միասնական որոշում:
– Դատելով ընդդիմության գործողություններից, որեւէ երաշխիք չկա, որ վաղը կամ մյուս օրն ընդդիմությունը չի որոշի կայացնել տրամագծորեն հակառակ մեկ այլ որոշում: Միայն այն, որ ընդդիմությունն ուղիղ մեկ ամիս ժողովրդին համոզում էր, թե պետք է գնալ եւ քվեարկել «ոչ», իսկ հանրաքվեից ընդամենն օրեր առաջ նույնպիսի եռանդով բոյկոտի կոչեր է անում, բավական է, որպեսզի ժողովուրդը հասկանա, թե ում հետ գործ ունի։ Գործընթացի ավարտին խաղի կանոններ փոխելը ցայտնոտի եւ պարտության նշան է: