Թռիր վերեւ, բայց մի իջիր ցած

08/12/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում երեկ` դեկտեմբերի 7-ին, արտարժույթի առուվաճառքի գործարքներ չեն կայացել։ Ասում են՝ պատճառը դոլարի նկատմամբ պահանջարկի կտրուկ անկումն է:

Բանն այն է, որ պահանջարկի փոխարժեքը չի գերազանցել 373.5 դրամը, այլ կերպ ասած՝ դոլար գնել ցանկացող բանկերը պատրաստ են եղել մեկ ԱՄՆ դոլարի համար վճարել առավելագույնը 373.5 դրամ։ Մինչդեռ առաջարկը (դոլար վաճառողները) իր դիրքերից նույնպես չի նահանջել. դոլարի վաճառքի գինը կազմել է 384.75 դրամ։ Կարճ ասած՝ արտարժույթի գնորդներն ու վաճառողները երեկ ընդհանուր հայտարարի չեն եկել։

Բորսայական իրադարձությունները աննշան ազդեցություն են ունեցել նաեւ արտարժույթի կանխիկ շուկայի վրա, որտեղ այն փոքր-ինչ թանկացել է։ Ըստ rate.am կայքի՝ երեկվա դրությամբ առեւտրային բանկերը մեկ ԱՄՆ դոլարը գնում էին միջինը 382.55 (դեկտեմբերի 6-ին՝ 382.38 դրամ), վաճառում՝ 385.93 դրամով ((դեկտեմբերի 6-ին՝ 382.88 դրամ)։

Մի խոսքով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը շարունակում է բարձր մնալ, եւ հակառակ որոշ կանխատեսումների՝ շարունակում է բարձրանալ։ Եթե նոյեմբերի 24-ից մինչեւ դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ամերիկյան արժույթի առքի գինը կայուն կերպով իջնում էր՝ 382-ից հասնելով 379 դրամի, ապա դեկտեմբերի առաջին շաբաթում փոխարժեքի շուկան սկսեց շարժվել հակառակ ուղղությամբ։ Դոլարը սկսեց անշեղորեն թանկանալ՝ առքի գինը հասցնելով մինչեւ 383 դրամի։

Ընդ որում, այս դինամիկան հակասում է թե՛ կանխատեսումներին, թե՛ նախորդ տարիների փորձին։ Սովորաբար դեկտեմբեր ամսին դոլարի փոխարժեքն անկում էր ապրում, քանի որ Ամանորի տոներին ընդառաջ` շուկան լցվում էր արտարժույթով (մարդիկ դոլարը վերածում են դրամի՝ առեւտուր անելու համար)։ Բացի այդ` տարեվերջին Հայաստան են վերադառնում արտագնա աշխատանքի մեկնածները՝ իրենց հետ բերելով զգալի ծավալների արտարժույթ։ Եվ չնայած այս ամենին՝ դոլարը, ինչպես տեսնում եք, չի արժեզրկվում։

Դժվար է կանխատեսել, թե առաջիկա շաբաթների ընթացքում՝ մինչեւ տարեվերջ, փոխարժեքի շուկայում ինչ զարգացումներ կարձանագրվեն։ Ակնհայտ է, որ ֆինանսական շուկայի պատասխանատուները փորձում են «գետնով չտալ» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ տարվա սկզբին արված այն հայտարարությունը, որ դրամը պետք է սահուն կերպով արժեզրկվի։ Սակայն մյուս կողմից՝ դա կարող է բերել մյուս հանձնարարականի տապալմանը. Ս. Սարգսյանը նշել էր, որ գնաճի մակարդակը պետք է մինչեւ տարեվերջ կրճատվի եւ տեղավորվի թույլատրելի միջակայքում՝ առավելագույնը 5.5%։ Դոլարի թանկացումն իր հետ բերելու է ներմուծվող ապրանքների թանկացում։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներմուծումը համախառն սպառման մեջ բավականին մեծ տեսակարար կշիռ ունի, դա կարող է ազդել գնաճի ընդհանուր ցուցանիշի վրա։

Ի դեպ, Ազգային վիճակագրական ծառայության կողմից երեկ հրապարակված «Սպառողական գների ինդեքսը 2011թ. հունվար-նոյեմբերին» զեկույցի համաձայն՝ 12-ամսյա գնաճը դեռեւս թույլատրելի մակարդակից բարձր է՝ 6.4%, այդ թվում` պարենային ապրանքների դեպքում՝ ավելի բարձր՝ 8.7%։

Այդ դեպքում՝ ինչու է կառավարությունը ձգտում արժեզրկել դրամը, եթե դասական տնտեսագիտական ճշմարտություն է այն, որ ազգային արժույթի թուլացումը նպաստում է տեղական արտադրությանն ու արտահանմանը։ Սակայն կարծել, թե մի քանի շաբաթում տեղական արտադրությունը կարող է օգուտ ունենալ դրամի արժեզրկումից, սխալ կլինի։ Փոխարենը՝ դրամի արժեզրկումը օգտակար է Հայաստանի բնակչության մի զգալի շերտի համար, որը գոյատեւում է հիմնականում արտերկրից ստացված դրամական փոխանցումների հաշվին։ Որքան էլ ցավալի լինի, այդ շերտը (որն ամենախոցելին է եւ անապահովը), Հայաստանում կազմում է բնակչության 25-30%-ը։

Կենտրոնական բանկի հոկտեմբեր ամսվա տեղեկագրի համաձայն՝ այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ոչ առեւտրային նպատակով կատարվող փոխանցումները արտերկրից դեպի Հայաստան կազմել են շուրջ 1.24 միլիարդ դոլար։ Դա փոքր-ինչ զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին, սակայն բավական մեծ գումար է։ Միայն հոկտեմբեր ամսին Հայաստան է փոխանցվել 145 միլիոն դոլար։ Այնպես որ, եթե թվում է, թե փոխարժեքի 1-2 դրամ փոփոխությունն աննշան փոփոխություն է, ապա այս թվերը ցույց են տալիս, թե փոխարժեքը որքանով է մեծացնում կամ կրճատում մարդկանց եկամուտը։ Նշենք, որ ամենամեծ «դոնորը» շարունակում է մնալ Ռուսաստանը. հունվար-հոկտեմբերին այս երկրից Հայաստան կատարվող փոխանցումները գերազանցել են 1 միլիարդ դոլարը։ Ինչեւէ, այս տարի անհնար կլինի մեղադրել իշխանություններին, որ նրանք Նոր տարվա շեմին փոխարժեքի հետ խաղալով՝ «մսխում են» տրանսֆերտների հաշվին ապրող թոշակառուների փողերը։

Նշենք, որ չնայած տարվա ընթացքում արձանագրված փոխարժեքի տատանումներին՝ Հայաստանի բնակչությունը շարունակում է ավելի շատ վստահել արտարժույթին, քան հայկական դրամին։ Նույնը կարելի է ասել բանկերի պարագայում. ԿԲ-ի հրապարակած տեղեկանքի համաձայն՝ տրամադրված վարկերի 62%-ը արտարժույթով է, եւ տարվա ընթացքում նկատվել է դոլարիզացիայի աճ։ Ավելացնենք նաեւ, որ որոշ կանխատեսումների համաձայն՝ 1 ԱՄՆ դոլարի գինը հաջորդ տարի կարող է հասնել 420 դրամի։