Ռազմական ուղղաթիռներ` Մոսկվայի օդային տարածքում

08/12/2011

«ՌԻԱ նովոստի» գործակալության հաղորդմամբ` Ռուսաստանի ՆԳՆ ներքին զորքերն ու Ոստիկանության ստորաբաժանումները երեկ երեկոյան կենտրոնացել են Մոսկվայի Հաղթանակի հրապարակում: Բանն այն է, որ հրապարակի պարագծով տեղադրված են եղել մետաղական արգելափակոցներ, իսկ հրապարակին հարող փողոցներից տարհանվել են բոլոր ավտոմեքենաները: Ռուսական Rbc.ru կայքի թղթակիցը հայտնել է, որ հրապարակից ոչ հեռու առնվազն երկու զրահամեքենա է գտնվում: Նրա խոսքով` հրապարակում ճանապարհապարեկային ծառայության մեծ թվով աշխատակիցներ եւ զինվորական համազգեստով անձինք են կենտրոնացել: Իսկ թե ինչո՞ւ են անվտանգության միջոցառումներն այդչափ ուժեղացվել` հայտնի չէ, քանի որ պաշտոնական որեւէ մեկնաբանություն չի հնչել: Ռուսական կայքերի հաղորդմամբ` ՌԴ իշխանությունները Ռուսաստանի ընդդիմության հանրահավաքն արտոնել են դեկտեմբերի 10-ին, սակայն ընդդիմությունը չի պատրաստվում իր բողոքի ալիքը դադարեցնել, եւ հայտարարել են, որ չեն լռելու մինչեւ դեկտեմբերի 10-ը: Եվ ըստ կայքերի` ռազմական ուղղաթիռների առկայությունը Մոսկվայի օդային տարածքում նպատակ ունի վախեցնել հրապարակում հավաքված բազմությանը: Բանն այն է, որ դեկտեմբերի 5-ից Մոսկվայի Հաղթանակի հրապարակում հանրահավաք է անցկացնում Ռուսաստանի ընդդիմությունը` դժգոհելով դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած Պետդումայի ընտրությունների արդյունքներից: Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների պնդմամբ` ընտրությունների ժամանակ տեղի են ունեցել լուրջ ընտրախախտումներ, ուստի պահանջում են չեղյալ հայտարարել դրանք: Նախօրեին ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ այդ հրապարակից ձերբակալվել են շուրջ 600 ընդդիմադիրներ, այդ թվում ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ եւ լրագրողներ, որոնք մինչ երեկ դեռեւս գտնվում էին Ոստիկանության տարբեր բաժանմունքներում: