Նաեւ վրացիները

08/12/2011

Վրաստանի բնակիչների մեծ մասը երկրի խորհրդարանում նախընտրում է տեսնել իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը: Ըստ վրացական լրատվամիջոցների, այդ մասին են վկայում Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած ուսումնասիրությունների արդյունքները: «Ում կտաք Ձեր ձայնը, եթե հաջորդ շաբաթ Վրաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեն» հարցին ի պատասխան` Վրաստանի քաղաքացիների 42 տոկոսը նշել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության անունը, 18 տոկոսը` քաղաքականությամբ զբաղվելու մտադրություն հայտնած վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի համակիրների անունները, 8 տոկոսը` Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությանը: Վրաստանի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությանը խորհրդարանում տեսնելու ցանկություն է հայտնել հարցման մասնակիցների 3 տոկոսը:

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ վրացիների շրջանում ընդդիմության ներկայացուցիչներից առավել մեծ վստահություն է վայելում Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Գեորգի Թարգամաձեն (22%), որին հաջորդում է Բիձինա Իվանիշվիլին (21%): Հարցման մասնակիցների 4%-ի կարծիքով` ընդդիմության ներկայացուցիչներից առավել շատ վստահության արժանի է լեյբորիստների առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին, 3 տոկոսի կարծիքով` ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան, «Մեր Վրաստանը-Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան: