Հավատում են

08/12/2011

ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գայթները հավատում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ծրագրին` փոփոխություններ մտցնել եվրոպական կոնվենցիայում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: «Ես լիովին վստահում եմ Ֆրանսիայի նախագահին եւ ֆինանսների նախարար Ֆրանսուա Բարուենին, որոնք Գերմանիայի իշխանությունների հետ աշխատում են ավելի ուժեղ Եվրոպա ստեղծելու համար»,- նշել է Գայթները Փարիզում Ֆրանսուա Բարուենի հետ ունեցած հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ Ա. Մերկելը եւ Ն. Սարկոզին ավարտել են եվրոպական կոնվենցիայում փոփոխություններ մտցնելու նախագծի աշխատանքները: Նրանք համաձայնել են ավտոմատ տուգանքներ առաջարկել այն երկրների համար, որոնք կգերազանցեն Եվրոպայի պակասորդի սահմանները: «Մերկոզի» նախագծում խորհուրդ են տալիս, որ հատուկ եվրոպական մարմինը կարողանա վերահսկել 17 երկրների ազգային բյուջեն: Դեկտեմբերի 9-ին տեղի է ունենալու ԵՄ գագաթաժողովը, որի ժամանակ քննարկվելու են հարցեր, որոնք վերաբերում են եվրոգոտում պարտքային ճգնաժամի հաղթահարմանը` ներառյալ Մերկելի եւ Սարկոզիի համատեղ առաջարկը: