Ադրբեջանի Ազգային բանկի տվյալներով՝ տարվա սկզբից մինչեւ այսօր երկրի տնտեսական աճը կազմել է 22%, արդյունաբերական արտադրությունում՝ 28%, իսկ նավթային հատվածում՝ 53%: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ երկնիշ թվերով տնտեսական աճը դեռ ոչինչ չի նշանակում, այն պետք է լինի կայուն, որպեսզի երկիրը հնարավորություն ունենա հստակ զարգացման ուղի բռնել: Ի դեպ, Ադրբեջանը վերջին օրերին Հայաստանից առաջ է անցնում ոչ միայն տնտեսական աճով: Նոյեմբերի 15-ին Կիպրոսում Կարատեի աշխարհի չեմպիոնատի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի հավաքականի ներկայացուցչի եւ ադրբեջանցի սպորտսմենի միջեւ լեզվակռիվ է ծագել, որի նախաձեռնողը, Regnum գործակալության տվյալներով, եղել է հայը: Արդյունքում, վերջինս ջարդված ատամներով տեղափոխվել է հիվանդանոց: Կարատեի միջազգային ֆեդերացիան դադարեցրել է երկու երկրների հավաքականների հետագա մասնակցությունը չեմպիոնատին, իսկ ադրբեջանական խմբին արգելվել է մասնակցել տարվա ընթացքում տեղի ունեցող բոլոր մրցաշարերին: Ինչեւէ, հուսանք, որ հաղթանակներ ձեռք բերելու ավելի քաղաքակիրթ մեթոդներ կգտնենք:
Կ. Թ.