Միացյալ Նահանգները առցանց դեսպանատուն է բացել, որը նպատակ ունի քաջալերել ԱՄՆ-ի երկխոսությունը իրանցի ժողովրդի հետ: Այս կայքը բացվում է Թեհրանում ամերիկյան դեսպանատան փակումից եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզումից ավելի քան երեք տասնամյակ անց: Միայն ինտերնետային տարածքում գործող «դեսպանատունը» դեկտեմբերի 6-ից արդեն ինտերնետում է եւ հասանելի է անգլերեն եւ պարսկերեն տարբերակներով:
Կայքում հրապարակված տեսահաղորդագրությունում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասում է, որ «վիրտուալ դեսպանատան» նպատակն է` լրացնել ամերիկացիների եւ իրանցիների միջեւ հաղորդակցության բացը, որն առաջացել է Թեհրանում Միացյալ Նահանգների դեսպանատան փակման արդյունքում: