«Հայփոստի» բաժանմունքի պետը գումար է յուրացրել

08/12/2011

Լոռիի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` փոստային բաժանմունքի պետի կողմից կենսաթոշակների եւ նպաստի գումարներից յուրացում կատարելու դեպքի առթիվ: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության` պետական շահերի պաշտպանության նկատառումներով նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ մասնավորապես պարզվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության Վանաձորի թիվ N փոստային բաժանմունքի պետը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, քաղաքացիների կենսաթոշակները եւ նպաստը վճարելու համար 2011թ. նոյեմբեր ամսին ստացված, ինչպես նաեւ ազգաբնակչությունից որպես վարձավճարներ գանձված գումարներից յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 6 մլն 420 հազար դրամ գումար: Նյութերի հիման վրա Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործն ուղարկվել է Ոստիկանության Լոռիի մարզի քննչական բաժին` նախաքննություն կատարելու համար: