Նախօրեին ԵԱՀԿ Վիլնյուսյան գագաթաժողովում ընդունված հայտարարությամբ արցախյան հակամարտության կարգավորման միջնորդներն ու կողմերը եւս մեկ անգամ հաստատեցին, որ Մինսկի խմբի ձեւաչափը միակ ընդունելին է ԼՂ հարցի կարգավորման գործընթացում: Երեկ «Ա1+»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը: Ըստ նրա, սա նաեւ հարված էր ադրբեջանական քաղաքականությանն այն իմաստով, որ միանշանակ բացառվեց ռազմական հռետորաբանությունը: Մարգարովը համոզված է, որ 2012-ին եռանախագահող երկրներում եւ Հայաստանում սպասվող ընտրությունները դրական ազդեցություն կունենան ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա: Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն էլ իր հերթին դրական է գնահատել վիլնյուսյան փաստաթուղթն այնքանով, որքանով այն ամրապնդում է առկա ստատուս-քվոն: Նախկինում առաջարկված` հակամարտության լուծման տարբերակներն, ըստ նրա, չեն բխում Արցախի շահերից եւ հետեւաբար` հեռանկարային չեն: «Քանի դեռ նոր մոտեցումներ չեն մշակվել, նման փաստաթղթերը գոնե հնարավորություն կտան խուսափել ավելորդ զոհերից»,- նշել է Ա. Մելիքյանը: Ինչ վերաբերում է Իրանում հնարավոր պատերազմի դեպքում տարածաշրջանում Ադրբեջանի դերի մեծացման մասին տարածված կարծիքին, ապա Ա. Մելիքյանն այն համարում է ադրբեջանական քարոզչության արգասիք. «Եթե Իրանի դեմ գործողություններ սկսելու խնդիր առաջանա, ապա այս փոքրիկ հողակտորն այն տարածքը չէ, որը պետք է դառնա ռազմական գործողությունների թատերաբեմ»: