Ընտանիքը ոտքի կանգնեց

08/12/2011

Օրեր առաջ «168 Ժամ» թերթը մի նամակ է ստացել, որը վերաբերում է մեր թերթում տպագրված հոդվածներից մեկին: Քաղաքացի Թամարա Գրիգորյանի կողմից ստացված` «Փոքրիկ Վաչիկը մեծանում է իր մայրիկի հետ` շնորհիվ բարի ու սրտացավ մարդկանց» վերնագրով նամակը տպագրում ենք ամբողջությամբ, քանի որ այդ հրապարակման հերոսների ճակատագրով մինչ օրս հետաքրքրվում են բազմաթիվ ընթերցողներ:

«168 Ժամ» պարբերականի նոյեմբերի 8-ի համարում լույս տեսավ Լուսինե Ստեփանյանի` «Մամա ջան, ախր երեխան մեղավոր չի իմ սխալի համար, ինչ ասես` կանեմ, մենակ թե երեխուս չտանես մանկատուն»,- աղերսում էր 4 ամսական երեխայի մայրը» վերնագրով նյութը, որը պատմում էր մանկահասակ մի աղջկա ու իր նորածին երեխայի ծանր պատմությունը: Նշված նյութին ընթերցողը ցանկության դեպքում կարող է ծանոթանալ «168 ժամի» կայքում (168.am): Արմինեի մայրը` տիկին Հասմիկը, 17-ամյա աղջկան հետ էր բերել իր մոտ` փրկելով նրան հարբեցող ամուսնու հարվածներից: 17-ամյա աղջիկը, սակայն, միայնակ չի վերադարձել. նրա հետ է իր 5 ամսական որդին` Վաչագանը: Սկզբում նրանց դրությունն անտանելի ծանր էր: Տիկին Հասմիկը ցանկանում էր փոքրիկին հանձնել մանկատուն, քանի որ Վարդաշենի հանրակացարանի նկուղային հարկում փոքրիկին պահելն ուղղակի անհնար էր թվում: Չկար մահճակալ, չկար վառարան, չկար հագուստ, չկար կեր` երեխայի համար, չկար հավատ: Այդ ժամանակ տիկին Հասմիկի համար միակ խելամիտ լուծումը փոքրիկին մանկատուն հանձնելն էր. նա դա ցանկանում էր անել առաջինը հենց Վաչիկի համար: Սակայն Արմինեն դեմ էր. մայրական բնազդով նա չէր կարող համաձայնել բալիկից բաժանվելուն: Դեկտեմբերի 4-ին այցելեցինք նրանց. շատ բան էր փոխվել: Լուսինե Ստեփանյանի հրապարակած նյութից հետո շատ մարդիկ արձագանքեցին: Ինչպես պատմեց տիկին Հասմիկը, շատ մարդիկ են իրենց այցելել. «Ինչ-որ այստեղ տեսնում ես, օգնություն է, ոչ մի բան չունեինք: Մահճակալ են բերել, վառարան են բերել, փոքրիկի համար` շատ շորեր: Կեր էլ կա հիմա բավականին»,- նշեց նա: «Նյութի հրապարակման հենց հաջորդ օրը մի խումբ ակտիվ երիտասարդներ շորեր ու գումար հավաքեցին ու այցելեցին երեխային: Հետո տարբեր կազմակերպություններից եկան, չնայած կազմակերպությունների անվանումները չեմ հիշում, բայց հիշում եմ մարդկանց անունները` Արամ, Էմմա, Տաթեւիկ…»,- երախտագիտությամբ նշեց տիկին Հասմիկը:

Բայց որ ամենակարեւորն է, այս մարդկանց մոտ վերականգնվել է հավատը, հավատը ապագայի, կյանքի նկատմամբ: «Արմինեն անպայման պիտի աշխատի, պիտի սովորի ինքն իր երեխային պահել, ինքն իր գլխի ճարը տեսնել»,- նշեց տիկին Հասմիկը: Բալիկին մանկատուն հանձնելու մասին այս անգամ արդեն խոսք չկար: Մայր ու աղջիկ իրար լրացնելով պատմում էին, թե ինչպես են խնամում փոքրիկին, ինչպես են լողացնում, ու փոքրիկն ինչպես է խաղում, ծիծաղում…

Հանրակացարանային սենյակում մայր ու աղջիկ արդեն փորձում են ամեն ինչ կարգավորել: Իրենց հարեւանը եկել, մի թեթեւ վերանորոգել է սենյակը, պատերը մաքուր սպիտակ է ներկել: «Դե, տանը երեխա կա, պիտի անենք»,- ասում է տատիկը:

Բավականին օգնություն են ստացել. հիմա իրենց միայն մի պահարան է անհրաժեշտ, քանի որ իրերը գետնին են դրված, մեկ էլ հեռուստացույց չունեն: «Եթե որեւէ մեկը ցանկանար ու հնարավորություն ունենար մեզ այդ հարցում էլ օգներ, արդեն լրիվ նորմալ կկահավորեինք սենյակն ու մարդավարի կապրեինք: Արմինեն էլ անպայման պիտի աշխատի»,- կրկնում էր տիկին Հասմիկը:

Նա շատ բան է տեսել կյանքում, ծանր օրեր շատ են եղել, ինքն էլ մեծ չարչարանքով է պահել-մեծացրել իր աղջկան: «Բայց դե, կյանք է, ամեն ինչ էլ պատահում է: Ի՞նչ անեմ, որ երեխաս սխալվել է, ինքը երեխա` երեխա է ունեցել»:

Արմինեն իրոք դեռ ինքն է երեխա: 16 տարեկանում փախել է իրենից շատ մեծ տղամարդու հետ, ով, պարզվել է, հարբեցող է եղել, ծեծել է Արմինեին ու նրան պահել թշվառության մեջ: Արմինեն ինքն էլ լավ չի հասկանում, թե ինչ է նշանակում` երեխա ունենալ: «Ինձ թվում էր, թե ինքը պետք ա մենակ ուտի ու քնի»,- միամիտ ասում է նա: Երեխային պահում ու խնամում է տիկին Հասմիկը: Նա հավատում է, որ փոքրիկ Վաչիկը կմեծանա ու իրենց թեւ ու թիկունք կլինի, իրենց չարչարանքների արդյունքն իրենք կտեսնեն:

Նա շնորհակալ է բոլոր բարի մարդկանց, որ իրենց ձեռք մեկնեցին, ու իրենք զգացին, որ մենակ չեն իրենց խնդիրների ու դժվարությունների հետ: «Վաչիկի շորերի համար մի հատ էլ պահարան ունենանք, ամեն ինչ գեղեցիկ կդասավորեմ»,- ասում է Արմինեն` մանկական ժպիտը պայծառ, սիրուն դեմքին:

Հավատանք, որ բարի մարդիկ կամ էլ Ձմեռ պապիկը փոքրիկ Վաչիկին մի պահարան էլ կնվիրեն, տատիկին էլ` մի հեռուստացույց… Իսկ Արմինեն կսկսի աշխատել, ու փոքրիկ Վաչիկը վաղը կդառնա մեր երկրի լավ քաղաքացի` բոլորիս օգնությամբ»,- ասված է Թամարա Գրիգորյանի նամակում: