Հարեւանուհու փայտե վառարանին կիպ կպած Սեդա Մնացականյանը երկար ժամանակ անշարժ նստած է: Չի արձագանքում շուրջը կատարվող իրադարձություններին, չի լսում ակտիվ խոսակցությունները: Անզգայացել, վերացել է էս աշխարհից: Ամաչում է, ուզում է աննկատ ծվարել հարեւաններից մեկի տանը, որտեղ մի քիչ լույս ու մի քիչ էլ ջերմություն կգտնի: Հարցերիս դժվարությամբ է պատասխանում` «հա» ու «չէ»-ով: Սառած աչքերով, անզգացմունք ու անտարբեր նայում է մի կետի, որտեղ դատարկություն է: Վառարանի մեջ եփվում է կրակը: Տիկին Սեդան «չտեսի» պես «գրկել» է վառարանը: Դեմքն աստիճանաբար ստանում է վառարանի կարմիր գույնը, քրտինքը ծորում է երեսից, բայց չի հեռանում տաքությունից:
«Ձեր նմանները չեն հասկանա իմ վիճակը»,- արհամարհանքով երեսիս շպրտում է Սեդան ու երեսը թաքցնում է վերարկուի մեջ: «Ի՞նչ չենք հասկանա»,- տարակուսած հարցնում եմ: Սեդա Մնացականյանի լռությունն ավելի ծանր ու կաշկանդող է, քան հանրակացարանի անշունչ, անթթվածին օդը: Իմ ու իր միջեւ սահման է գծել` համարելով, որ ես պաշտոնավոր եմ, ինքը` շարքային աղքատ: Ասում է` «Առոք-փառոք հագած-կապած ման եք գալիս: Ես չեմ հավատում, որ անշահախնդիր գալիս եք էս շենք: Էդ ո՞նց ա պատահում, որ լայեղ եք անում աղքատների հետ շփվել»: Տիկին Սեդան ինձ փաստի առաջ է կանգնեցնում, ու չեմ գտնում այն հարցի պատասխանը, որին սպասում է. «Չգիտեմ իմ շահը որն ա, երեւի ունեմ, բայց գլխի չեմ ընկնում` ի՞նչ շահ ունեմ: Բայց մի բանում սխալվում եք` պաշտոն չունեմ, հարուստ էլ չեմ: Աղքատների հետ շփվել սիրում եմ: Երեւի շահս էն ա, որ անում եմ էն, ինչ սիրում եմ»: Սեդան շրջվում է դեպի ինձ ու աչքերով հաշտություն է առաջարկում: Ուսերից դեն է նետում վերարկուն, որի տակից երեւում են բազմաթիվ տաք սվիտերներ: Ասում է` «Դուք մոռացել եք, չէ՞, ոնց էինք ապրում ցուրտ ու մութ տարիներին: Իմ մոտ դեռ էդ տարիներն են: 88-ը եկել ա իմ տուն ու չի հեռանում»: «Էդ ո՞նց»,- հարցնում եմ: «Հենց տենց: Մի տարուց ավելի անլույս, առանց տաքություն եմ ապրում: Էլ չեմ դիմանում, գիտե՞ս, խելագարվում եմ»: Հարեւանուհին աչքերը լցնում է` հաստատելով նրա խոսքերը: 58-ամյա այս կինը միայնակ է ապրում: Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասում 6-7 տարի առաջ մի սենյակ է գնել: «Իմ հարեւանը Գոհարն էր, որը ծանր հիվանդ ամուսին ուներ: Էդ մարդը երիկամների հիվանդություն ուներ, շատ ծանր էր, բայց չէր մեռնում: Տունը մանր երեխա էլ կար, աղջկա նորածինը: Շատ վատ վիճակում էին, ահագին ժամանակ անլույս էին ապրում, մեղքս շատ էին գալիս: Մի օր Գոհարին ասեցի` արի իմ լույսից քաշի տար ձեր սենյակ, գոնե լույս կունենաք»,- պատմում է Սեդան, ում խիղճը տանջել է թշվառ ու հիվանդ հարեւանի համար: Գոհարը տիկին Սեդայի սենյակից էլեկտրական լարեր է միացրել դեպի իր սենյակ եւ սկսել է սպառել նրա հոսանքը. «Էդ հիվանդ մարդը շատ էր մեղքս գալիս, ցավերից ոռնում էր, մյուս կողմից էլ` ցուրտը, մութը… Գոհարը լույսս վառեց ու… Մարդուն խեղդեց»: «Ո՞նց թե խեղդեց»,- հարցնում եմ: «Հա՛, իրա ձեռքով իրա մարդուն խեղդեց, սպանեց: Մարդը տանջվում էր, մեռնել էր ուզում: Մի օր էլ արթնացանք` աղմուկ-աղաղակ: Գոհարը բարձը դրել էր մարդու դեմքին ու իրա ձեռքով խեղդել էր: Մարդը մեռավ, իսկ Գոհարին տարան բերդ: 6-7 տարի դատեցին, հիմա նստած ա»: Ասում է, որ Գոհարի տունը հիմա դատարկ է, իսկ սպառած էլեկտրաէներգիայի պարտքը մնացել է իր վրա: Տիկին Սեդան ոչ ոքի չի մեղադրում կատարվածի համար` վստահեցնելով, որ ինքն է Գոհարին առաջարկել իր տանից լար տեղափոխել իրենց սենյակ: «Չգիտեմ, խղճում էի: Մտածում էի` բա որ մի օր էլ ես էդ վիճակում լինեմ, կարիք կզգամ, որ մեկն ինձ ձեռք մեկնի, չէ՞: Իրենք պիտի վճարեին իրանց սպառած լույսի գումարը, բայց դե… նենց բան պատահեց, որ գցեցին իմ վրա ու…»: Ու արդեն մեկ տարի է, ինչ տիկին Սեդան անլույս է ապրում, որովհետեւ իր հաշվին պարտք կա կուտակված: «Ինչքա՞ն գումար է»,- հարցնում եմ: Պատասխանում է` «16.000 դրամ ա, բայց դիմում եմ էլեկտրացանց, ասում են` մինչեւ գոնե 11.000-ը չմուծես` չենք միացնի»: «11.000-ի համար մեկ տարի առանց լո՞ւյս եք ապրում»,- զարմացած հարցնում եմ: «11.000-ը քո համար ա 2 կոպեկ, իսկ ինձ համար մեծ գումար ա»,- վիրավորված պատասխանում է տիկին Սեդան` վստահեցնելով, որ հավաքարարություն անելով հանդերձ` մեկ տարի շարունակ չի կարողանում էլեկտրականության 16.000 դրամ պարտքը մարել:
«Էրեբունու շուկան եմ մաքրում: Ամենօրյա աշխատանք չի: Չորս օրը մեկ աշխատում եմ ու ստանում եմ 1500 դրամ: Դե՛, դու ասա, չորս օր ինչո՞վ ապրեմ, որ էդ 1500-ից մի բան էլ հետ գցեմ, հավաքեմ տամ լույսի պարտքը: Եթե ամենօրյա աշխատանք լիներ` չէի նեղվի: Պատկերացրու, տրանսպորտի ծախսը, հացը, օրվա մոմը, ու վերջ: Չորս օրվա համար 1500 դրամով հազիվ հասցնում եմ էդքանն անել»,- ասում է Սեդան` վստահեցնելով, որ անգամ հավաքարարի աշխատանք գոյություն չունի, քանի որ հերթափոխով են աշխատում: Հիմա նա փորձում է մի աշխատանք գտնել, որն ամենօրյա կլինի, եւ օրական ստացված գումարով հնարավորություն կունենա մի քանի հարյուր դրամ ի պահ տալով` հոսանքի գումարը հավաքել: Աղքատության նպաստ ստանալու խնդրանքները մերժվում են Էրեբունու սոցծառայության աշխատակիցների կողմից:
Սեդա Մնացականյանի սենյակն անտանելի թափթփված ու խոնավ է: Ավելի շատ նման է խորդանոցի, քան ապրելատեղի: «Ես մաքրասեր եմ, ուղղակի փայտանում եմ, չեմ կարողանում շարժվել: Գիտե՞ս` մի տարի անլույս, առանց տաքություն ապրելն ինչ ծանր ա… Մարդ ոնց որ խելագարվի, ապրելու իմաստն էլ ա կորում: Բայց դե, իմ անխելքության պատճառով ես տուժեցի: Գոհարի մասին էի մտածում, բայց հիմա Գոհարը բանտում երեւի ավելի լավ վիճակում ա` համ լույս կունենա, համ էլ` տեղը տաք կլինի»,- ասում է Սեդան: