Հօգուտ միջին խավի

08/12/2011

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ Կանզասում հայտարարել է, որ ամերիկացիների եկամուտների աճող անհավասարությունը սպառնում է երկրի միջին խավին: Այդ մասին հայտնում է «The New York Times»-ը: Ամերիկյան մամուլի գնահատականներով` սոցիալական հետագա շերտավորման դեմ պայքարը եւ միջին խավի պաշտպանությունը լինելու են Օբամայի նախագահական քարոզարշավի գլխավոր թեման: Ինչպես ընդգծել է Օբաման, այժմ որոշվում է հետեւյալ հարցը. Ամերիկան լինելու է երկիր, որտեղ մարդիկ կարողանալու են աշխատե՞լ բավական գումար իրենց ընտանիքների համար, թե՞ լինելու է համեստ խնայողությունների երկիր: Պարբերականը նշում է, որ այս մասին Օբաման ասել է նաեւ Օսավաթոմի քաղաքում: Նա հայտարարել է, որ միայն ուժեղ կառավարությունը կարող է պաշտպանել իր ժողովրդին խոշոր բիզնեսի ժլատությունից: Իսկ Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվող թեկնածուները հայտարարում են դաշնային կառավարության լիազորությունները կրճատելու մտադրության մասին:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության մասին, համաձայն որի` ֆինանսական սեկտորի օրենքում խարդախությունների եւ խախտումների համար պատիժը ավելի խիստ է լինելու: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: «Շատ հաճախ մենք տեսնում ենք, թե ինչպես են Ուոլ Սթրիթի ընկերությունները խախտում հիմնական օրենքները, որոնք ստեղծված են ֆինանսական խարդախությունները կանխելու համար: Դա կապված է այն բանի հետ, որ պատիժը շատ մեղմ է, ընդ որում` ոչ մի պատժամիջոց չի նախատեսված խախտումը երկրորդ անգամ կրկնելու դեպքում: Եկել է ժամանակը այն կանգնեցնելու»,- Կանզասում հայտարարել է Օբաման: Նաեւ հավելել է, թե պահանջելու է ընդունել օրենքի նախագիծ` խախտումների դեպքում նոր պատիժներ մտցնելու համար: