Երկխոսել են

08/12/2011

Դեկտեմբերի 6-ին Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպական Միություն մարդու իրավունքների շուրջ երկխոսության երրորդ հանդիպումը: ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` երկխոսությունը, որը ներկայացված էր նաեւ փորձագիտական մակարդակով, անցել է բարեկամական, բաց եւ կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն եւ մտահոգություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ, ինչպես նաեւ տեղի ունեցել քննարկումներ` մարդու իրավունքների ոլորտում կոնկրետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը` Եվրոպական արտաքին գործերի ծառայության Մարդու իրավունքների քաղաքականության ուղենիշների ստորաբաժանման ղեկավար Ռինա Կիոնկան: Երկխոսությունն, ըստ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, հնարավորություն տվեց մտքեր փոխանակել Հայաստանում եւ ԵՄ-ում մարդու իրավունքների վիճակի շուրջ: Մասնավորապես, քննարկումների օրակարգում էին մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգին, դատական բարեփոխումներին, ընտրություններին եւ ընտրական համակարգին, ազատ արտահայտվելու եւ տեղեկատվության ազատությանը, հավաքներ անցկացնելու եւ միավորումներ կազմելու ազատությանը, ներառյալ քաղաքացիական հասարակության գործունեությանը, խոցելի խմբերի իրավունքներին առնչվող հարցեր:

Հայաստանի եւ ԵՄ պատվիրակությունները քննարկել են նաեւ մարդու իրավունքների շուրջ համագործակցությունը` միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի շրջանակներում: Հայաստանը եւ ԵՄ-ն համաձայնել են մարդու իրավունքների շուրջ երկխոսության հաջորդ հանդիպումից առաջ կազմակերպել սեմինար` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար: