Հրանտ Մկրտչյան. «Գիտակցաբար անձնազոհությունը հերոսություն է»

08/12/2011

1992թ. օգոստոս: Հացի գյուղի դիրքերը պաշտպանելիս չորս ազատամարտիկ զոհվեցին` Հրանտը, Գարիկը, Աբելն ու Սամվելը, երկուսը ծանր վիրավորվեցին` ստեփանակերտցի Արայիկն ու Հացի գյուղի Արայիկը: Թշնամին ետ մղվեց, գյուղ չմտավ եւ չկարողացավ Հացի-Նոր Շեն-Ավդուռ ճանապարհով գնալ դեպի Ստեփանակերտ:

Արցախի պատերազմում կարեւոր նշանակություն ունեցող այս մարտը ադրբեջանցիները ձախողեցին արմավիրցի ուսանող Հրանտ Մկրտչյանի շնորհիվ, որն իմանալով, որ դիրքերը գրավվել են, եւ հասկանալով, որ ուր որ է` կկոտորեն գյուղի բնակիչներին` առաջ գնաց (թեեւ կարող էր ընկրկել) ու մենակ մարտի մեջ մտավ:

Առաջինը Գարիկը հետեւեց Հրանտին, եւ տանկիստ Արայիկը, որը տանկը շրջեց նրանց կողմն ու կրակ բացեց թշնամու վրա: Հետո մյուս տղաները կռվի մեջ մտան: Ադրբեջանցիները պարտվեցին:

Այսօր, երբ մեն-մենակ դիրքում կանգնելը կամ դասարանում զուսպ նստելն արդեն հերոսություն է, ուրիշ ի՞նչ անուն տալ այն զինվորագրվածներին, ովքեր իրենց վրա են վերցնում կրակը: Այդպիսի մարտիկներ, փառք Աստծո, մեր ազգն ունի: Սխրանքը սկսվում է այնտեղ, երբ վերջանում է ամեն մի հնար: Ու եթե զինվորը ուրիշ քայլ անելու ընտրություն ունենալով հանդերձ է անձնազոհության գնում` միանգամայն գիտակցելով, որ իր երկրային կյանքում դա իր վերջին քայլն է լինելու, բնականաբար սխրանք է գործում, որի բնորոշիչ բառն է` հերոսություն: Այս էր վիճակվել Հրանտ Մկրտչյանին Հացի գյուղի պաշտպանության գործում` երիցս ապացուցելով, որ մարտադաշտում մեկն էլ զինվոր է: Եվ թշնամին գյուղ չմտավ ու չկարողացավ դեպի մայրաքաղաք հաղթարշավ իրականացնել, որովհետեւ մի հայորդի առյուծի սիրտ ուներ, համապատասխան պահին գտնվել էր համապատասխան վայրում եւ իր անձնազոհությամբ թեժացրել հակառակորդի ջախջախումը:

Անցել են տարիներ… Իր հերոսներից շատերին դեռ չի ճանաչում մեր ազգը, աշակերտությունն ու ուսանողությունը, եկող սերունդը: Ինչո՞ւ բազում քաջեր տված մեր ազգը այսօր աչքի չի ընկնում հայրենասիրությամբ: Գուցե դեռ կան հերոսներ, որոնք գնահատական չե՞ն ստացել: Գուցե դպրոցական մատյաններում կիսատ լրացված էջե՞ր կան, որոնցում ներկաներն են նշվում ու պակասեցվում է բացակաների ու թերացողների թիվը: Հերոսությունը հերոսություն անվանելով, լավ զինվորին լավ զինվոր ասելով է լցվելու այդ մատյանը, որը երկրի հզորության անկյունաքար է: Իսկ գնահատականները ոչ թե զոհվողների համար են, այլ ապրողներիս: Զոհված բոլոր ազատամարտիկները Աստծո արքայությունում են, ավելի բարձր գնահատական չկա: Բայց այդ դռներին հասնելու համար մարդ նախ` արժանապատիվ ապրելու գաղտնիքը պիտի իմանա: Դեռ աշակերտական նստարանից: Նախ մի դասաժամ որեւէ երեւույթ ուսումնասիրելու կամք պիտի կոփվի, որ մեր կրթած աշակերտները դառնան մարտիկներ` կյանքի բոլոր բնագավառներում:

Ազդեցության մյուս զորեղ բնագավառը ֆիլմերն են: Իսկ մեր հաղթանակած երկրի նոր սերունդը, ցավոք, այսօր հայրենասիրության լավագույն դասերը ստանում է այլ ազգերի պատմությունների էկրանավորումներից: Սա կարելի է համեմատել ուրիշի սեղանի առատ փշրանքների հետ, որոնք սեփական տան ցամաք հացի համն ու հոտը չունեն: Մինչդեռ, պատմելով մեր ակնհայտ հերոսների մասին` կճանաչենք ինքներս մեզ, ու մեր հետնորդները սրտանց կհպարտանան այն մարդկանցով, որոնց կյանքի գնով են իրենք անհոգ ապրում: Արդյունքում` կունենանք իր ոտքերի տակ հող ունեցող մարդ, որին հնարավոր է կրթել:

Ժամանակին խառը իրավիճակ էր, իսկ հիմա, ականատես մարտական ընկերների գրավոր վկայություններով հաստատված հերոսությունը արդեն պետք է ընդունվի, եւ քանի որ Հրանտը գիտակցաբար է անձնազոհ քայլ արել, նրա անունը եւս պետք է հայտնվի դասագրքերում: Թեկուզ` մեկ նախադասությամբ:

Հրանտը լծվել էր ազատագրության գործին: Իր էությամբ, օրինակով ու հորդորներով բարձրացնում էր մարտական ընկերների եւ գյուղացիների ոգին: Հրանտի նման տղերքը բոլոր իրավիճակներում տեր են կանգնում ազգային արժեքներին` մտքով, խոսքով, հոգով ու գործով: Հրանտը սրտի մղումով էր Հացիում ազգանվեր գործում, երբ վստահեցնում էր, որ հաղթելու են, համոզում` գյուղը չլքեն: Նա պատրաստ էր ամեն ինչ անել, միայն թե մարդիկ չհուսալքվեն, այլ համախմբվեն: Հավատք ուներ: Աղոթքների փոքրիկ գրքույկ կար մոտը։ Մարտական ընկերները վկայում են, որ հաճախ հրաշքով են փրկվել, հավատում էին, որ Հրանտի աղոթքներն են օգնում: Իսկ ավելի ակնհայտ` Հրանտը աղոթել է ու հուզախռով հոգիները խաղաղվել են: Ասում են, որ Հրանտը զինվորականի տվյալներ չուներ, բայց ոգեւորում էր, նա գաղափարի մարդ էր, «իրենք ընկնում Հրանտի ջրերը, գնում էին մոտակա պատմամշակութային կոթողները նայելու»:

Ծոցատետրի գրառումներից էլ է երեւում, որ Հրանտը ամեն ինչին պատասխանատվությամբ է վերաբերվել («18.07.92. Չգիտեմ` տղերքը երբ կգան։ Մինչեւ չգան, ես տուն չեմ գնալու»): Հրանտը կյանքով լեցուն էր. հերթապահում էր, հետախուզության էր գնում, ուրիշների օրերին մինչեւ գիշերվա ժ. 3-4-ը մնում էր դիրքերում, ցերեկը ուղղում էր խոնարհված խաչքարեր, կարգի բերում եկեղեցիների շրջակայքը: Երկու ամսվա ընթացքում (23.06.-15.08.1992թ.) հասցրեց ընտելանալ պատերազմին, բայց մնալ բարի («22.06.92. Տրամադրությունս մի քիչ ընկճված է, բայց ամեն ինչ լավ կլինի: Ճնշում է… 23.06.92. Արդեն հանգիստ եմ ու կարողանում եմ սառը նայել… Տղերքը շատ լավ տղերք են…»), կարողացավ զենք գործածել սովորել («23.06.92. Տղերքը այսօր երեւի ինձ կսովորեցնեն օգտվել դրանցից»), մասնակցել մարտերի («24-25.06.92. Առաջին մարտի համար շատ ծանր մարտ էր։ Ես պուլիմյոտչիկի օգնականն էի…»), կանգնել դիրքերում («27-28.06.92. Առաջին անգամ գնացի պոստ: Աղդամի դիմացն ենք: Տղերքը Նախիջեւանիկի ուղղությամբ հարձակվել են։ Մենք պետք է պահենք, որ թուրքերը այստեղից օգնություն չուղարկեն»), համախոհներ ձեռք բերել (Մարգարիտ էր անունը, Հրանտի զոհվելուց հետո ինքն էլ կռիվ գնաց): Բոլորը սիրեցին Հրանտին, եւ նա այնպես զոհվեց, որ հավերժ մնաց Հացի գյուղի սրտում: Գուցե մի օր գյուղացիները հուշարձան կանգնեցնեն նրա եւ բոլոր զոհվածների հիշատակին, քանզի զինվորի մահը ազգային վիշտ է, հերոսին հարգանքի տուրքը` ազգային արժանապատվություն եւ ոգու ամրացում, երկրի հզորացում: Բոլոր պայքարներում ոգով ուժեղներն են հաղթում, իսկ մենք դեռ շատ պայքարներ ունենք: Եվ կրթելու ձեւերից ամենահեշտը հերոսների օրինակը մատնանշելն ու նրանց մարդ-էությունը բացահայտելն է:

Հրանտը ասում էր, որ մարդը նախ պիտի գեղեցիկ լինի ոչ թե արտաքուստ, այլ իր էությամբ ու արարքներով: Ինքն այդպես էր ապրում: Մեր պարտքն է դեռ մեր մեծերից ավանդված այս սկզբունքները փոխանցել եկող սերնդին, որ հասարակությանը պիտանի մարդիկ կրթվեն: Այդպիսի մի կիրթ մարդ էր Հրանտ Մկրտչյանը, երբ մենակ հաջողացնում էր վերացնել 5-6 ոսոխ: Այդպիսի պահերին Հրանտի ուժը բազմապատկվում էր` շուրջն էին հնամենի բնակավայրեր (ասում են` Հացի գյուղից է սկիզբ առել տարածաշրջանի բնակությունը, իսկ Նորաշենի եւ «Ուղտի մեջք» բարձունքի արանքով անցել է Մետաքսի ճանապարհը), թիկունքում` հավատքի ու պատմամշակութային հնագույն օջախներ (այնտեղ ինքը Մեսրոպ Մաշտոցն է եղել), առջեւում` «Անահիտ» աղբյուրի սարալանջը (այդ սարալանջի աղբյուրից է Անահիտը իր փարչով ջուր տվել արքայազն Վաչագանին), իսկ ծոցագրպանում` ազգի ապագան (ընկերոջ բալիկի լուսանկարը հետը կռիվ էր տարել` երեխան մանկասայլակի մեջ նստած, մի ձեռքում հաց, մյուսը բռունցք արած ու թեւը պահանջկոտ կանթած, ասես բղավում է «առա՜ջ»):

Հրանտը հանգիստ երեխա էր, դպրոցում էլ էր քչախոս, բայց ակտիվ մասնակցում էր միջոցառումներին, հանրահաշվի ու ֆիզիկայի օլիմպիադաներին, դեռ պատանի, արդեն հետաքրքրվում էր, թե հայոց գաղտնի բանակի մասին ինչ նամակներ են գրում ավագ եղբայր Միքայելն ու նրա ընկերները, առանձնանում, ինչ են փսփսում: Ավագ եղբոր նման Հրանտն էլ դպրոցը հինգերով ավարտեց: Ուսանող դարձավ, գիտությամբ զբաղվող մտավորական, գեղեցիկի ձգտող զգայուն իդեալիստ, բայց եւ երկրի դարդ ու ցավով ապրող իրատես մարդ, որը դեռ աշակերտական նստարանից էր հետաքրքրվում հազարամյակների պատմություն ունեցող իր ազգի ճակատագրով: Խորը հոգի ու պրպտող միտք ունեցող այդ զուսպ տղան տիեզերքով էր տարված. գալակտիկաներն էր ուսումնասիրում, աստղադիտակով հետեւում էր աստղերի դասավորությանն ու շարժին, գիտական հոդվածներ էր գրում, ուղարկում Մոսկվա: Նոր տեսություն էր առաջարկում: Հրանտը քննում էր նաեւ ժամանակի եւ տարածության, նյութի ու տարածականության հարցերը եւ դրանց հետ մարմնի, մտքի ու հոգու առնչությունները: Հրանտը բավական լուրջ ուսումնասիրություններ է թողել ֆիզիկայի բնագավառում, որոնք կարոտ են մասնագիտական արժեւորման:

Հրանտը բարձր ոգի ուներ, հաստատակամ ու բռնած գործում հետեւողական մարդ էր, եւ նրա հերոսական քայլը պատահական չէր: Իսկ թշնամիներով շրջապատված ու շատ քաջեր զոհաբերած մեր երկրին նոր մարտիկներ են պետք: Մարտիկներ, որոնք վստահ լինեն, որ հերոսությունը խրախուսվում է եւ դուրս չի մնում պատշաճ ուշադրությունից: Որ վաղը, Աստված չանի, եթե պետք լինի հանուն հայրենիքի կռիվ գնալու, գնան ու կռվեն, կռվեն ու հերոսանան: Բայց դրա համար այսօր է նրանց կրթել պետք, քանի դեռ հնարավորություն ունենք, որովհետեւ «Մահ իմացեալ» հերոսները մարդու տեսակ են ու կյանքի որոշակի ուղի են անցած լինում: Հրանտ Մկրտչյանը քիմիկոս-թունաբան Ռաֆիկ Մնացյան եւ սերոլոգ Որմիզդուխտ Սարգսյան-Մնացյան մտավորականների ընտանիքում, ինչպես նաեւ Արմավիրի թիվ 2 միջնակարգ դպրոցում նորմալ դաստիարակություն էր ստացել, լավ մարդ էր դարձել ու, ամենակարեւորը, ճիշտ ազդեցությունների տակ էր:

Մի օր ձմեռվա կեսին վերարկուն ու տաք բլուզը տվել էր փախստականների, ինքը մնացել շապիկով։ Երկրաշարժի օրերին ամեն առավոտ գնում էր Գյումրի, օգնում փրկելու փլատակների տակ մնացած մարդկանց: Մարդկայնությունն ու հայրենասիրությունը նրա ներսում անթեղված էին, խիզախությունը ազգի ու իր պապերից էր ժառանգել։ Մորական պապը` Սարգիս Սարգսյանը, Անդրանիկի զինվորն էր եղել, մասնակցել էր Սարդարապատի ճակատամարտին։ Հրանտը հաճախ էր վերընթերցում Անդրանիկի մասին պապի գրած ձեռագիր հուշերը, որ նաեւ տպագրվեցին «Գարուն» ամսագրում: Հորական պապը` Մկրտիչ Միքայելյանը, զոհվել էր 1943-ին: Թաղված է Դերբենտում։ Հայրն ամեն տարի որդիներին տանում էր Դաղստան` այցելելու պապի գերեզմանին։ Հրանտը հայրենասեր էր մեծանում: Եվ նրա ազգային-ազատագրական նկրտումները միանգամայն հասուն էին, երբ մասնակցում էր հայոց համազգային շարժման միտինգներին ու կողմ էր անկախության հանրաքվեին: Հրանտը վախը հաղթահարել էր Սպիտակաշենում, ուր տնեցիներից թաքուն գնացել էր լքված տները վերականգնելու եւ հրաշքով էր փրկվել ռուսական զինվորականների ու ադրբեջանական ՕՄՕՆ-ի ձեռքից: Եվ երբ պաշտոնապես պատերազմ սկսվեց, զուր էր ավագ եղբայր Միքայելը փորձում նրան հեռու պահել կրակի բերանից, զուր էր հայրը համոզում, թե` մնա հզոր զենք ստեղծելու ուղղությամբ աշխատիր, քո նմանները պետք են հայոց գիտությանը: Հրանտը պնդում էր, որ ինքը այդ պահին ռազմի դաշտում է պետք: Ծանոթ-բարեկամներից «աֆղանկա» ու ճտքակոշիկ վերցրեց (ինչ-որ տեղից էլ ավտոմատի դատարկ պահունակ էր ճարել), կամավորագրվեց ու գնաց կռիվ:

Զինվորական չէր, բայց զինվոր էր: Նրա ճակատագիրն էլ էր, ինչ խոսք, ի վերուստ կանխորոշված, նա էլ իր առաքելությունն ուներ էս կյանքում` որպես հարյուրավորներից մեկը, որ, ինչպես Թումանյանը կասեր, կոչված են իրենց գործով անմահանալու: Եվ անմահացավ: Մնում է վերեւներում ուղղակի արձանագրվի կատարվածը: Որ, չմոռանալով ոչ ոքի, հիշենք բոլորին` անուն առ անուն եւ ըստ արժանվույն: Հրանտ Ռաֆիկի Մկրտչյանն արժանի է բարձրագույն պարգեւի:

Անահիտ ԱՐՓԵՆ