«Facebook» սոցիալական ցանցում անձնական գաղտնիության կարգավորումների խափանումից տուժել է նաեւ «Facebook»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Բանն այն է, որ նրա անձնական լուսանկարները, որոնք նա տեղադրել է ոչ բոլորին տեսանելի կարգավիճակում, հասանելի են եղել բոլորի համար: Պարզվել է, որ դա տեղի է ունեցել «Facebook»-ի ծրագրային կոդի հերթական թարմացման հետեւանքով: Հասանելի դարձած, բայց ոչ հրապարակային լուսանկարներում Մարկ Ցուկերբերգը եղել է իր ընկերուհու` Պրիսցիլա Չանի հետ: Կան նաեւ լուսանկարներ, որտեղ նրանք Մարկ Ցուկերբերգի առանձնատանն են, հարմարավետ միջավայրում: Կան նաեւ ընկերական խնջույքների լուսանկարներ, այլ լուսանկարներում երեւում է, թե ինչպես է Մարկն ընկերուհու հետ ժամանակ անցկացնում, խաղում շան հետ: Լուսանկարներից մեկում Ցուկերբերգը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ ուտում է միայն իր ձեռքով սպանած կենդանիների միսը, ավանդական հնդկահավ է պատրաստում: Հնարավոր է, այն եւս սեփական ձեռքով է մորթել, քանի որ մեկ այլ նկարում նրա ձեռքին դեռեւս ողջ թռչունն է: Լրագրողները պարզել են, որ նոյեմբերի 27-ին Bodybuilding.com ֆորումի մասնակիցներից մեկը հրապարակել է քայլերի հաջորդականություն, որոնց միջոցով հնարավոր է դառնում «Facebook»-ում դիտել օգտատերերի լուսանկարները, նույնիսկ, եթե դրանք փակ են: Ընդ որում` դա բավական հեշտ է անել. անպատեհ բովանդակությունից գանգատվող օգտատերը, «Բողոքել/Արգելափակել» կոճակը սեղմելով, կարող է կայքի կարգը իբրեւ թե խախտած մասնակցի նկարներից յուրաքանչյուրն ընտրել: Դրանից հետո տվյալ օգտատիրոջ փակ նկարներն առանց նրա գիտության եւ համաձայնության բացվում են: Սակայն ցանցի ադմինիստրատորները հայտարարել են, որ արդեն անջատել են խոցելի համակարգը եւ այժմ շտկումներ են կատարում: