Ֆրենկ Սինատրայի առանձնատունը` 12 մլն դոլար

08/12/2011

«The Business Insider»-ի հաղորդմամբ` երգիչ Ֆրենկ Սինատրայի` Կալիֆոռնիա նահանգի տունը, որի պատերը ամերիկյան աստղերի մի քանի սերունդների են հիշում, եւ որտեղ նույնիսկ Ջուդի Գարլենդի եւ Վինսենթ Մինելիի հարսանիքն է նշվել, վաճառքի է հանվել 12 մլն դոլարով: Երգիչը քոթեջն օգտագործել է շամպայնով եւ հրավառություններով ուղեկցվող աղմկոտ խնջույքների համար: Դրանց մասնակցել են Մերիլին Մոնրոն եւ Փոլ ՄըքՔարթնին: Ըստ կայքի` Ֆրենկ Սինատրայի առանձնատունն ունի 4 ննջասենյակ, 5 լոգարան, 200 ավտոմեքենաների կայանատեղի եւ 16 ոտնաչափ բարձրությամբ առաստաղներ: Հոլիվուդյան պրոդյուսերներն այն հաճախ օգտագործել են ֆիլմեր նկարահանելիս: Ըստ gazeta.ru-ի` այնտեղ են նկարահանվել «Խենթերը» եւ «Californication» հեռուստասերիալները, ինչպես նաեւ` «Գաղտնաբառը Թրաձուկ» ֆիլմը: