Հին եգիպտացիների պաշտամունքը՝ ձիթենին

08/12/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Հնէաբանները հավաստիացնում են, թե մարդը արդեն քարե դարում իմացել է ձիթենու հրաշալի հատկությունների մասին։ Գիտնականները գտնում են, որ բույսի հայրենիքը Արեւելյան Աֆրիկան է։ Հին եգիպտական պապիրուսները բազմաթիվ տեղեկություններ են պահպանում ձիթապտղի եւ դրանից ստացված յուղի մասին։ Մարդը սովորել է ստանալ յուղը դեռեւս 8000 տարի առաջ։ Հին եգիպտացիները պաշտել են ձիթենին` որպես արդարության խորհրդանիշ, համարել, որ այն մարդկանց է նվիրել Իզիդա աստվածուհին։

Հին հույները համարել են, թե այս բույսը մարդկանց է նվիրել Աթենաս աստվածուհին եւ պաշտել են այն` որպես իմաստության եւ պտղաբերության խորհրդանիշ։ Ըստ Աստվածաշնչի` Նոյ նահապետին ավետիս հասցնող աղավնու կտուցի մեջ ձիթենու ճյուղ է եղել` դա նշանակել է, որ Աստված ներում է շնորհել մարդկանց ջրհեղեղից հետո։ Հիսուս Քրիստոսը աղոթել է Գեֆսիմանի ձիթենու անտառակում։ Մինչ մեր օրերը Չեռնոգորիայում պահպանվել է սովորույթ, ըստ որի` երիտասարդը կարող է ընտանիք կազմել միայն, երբ ձիթենու ծառ կտնկի եւ կաճեցնի։ Եթե հաշվի առնենք, որ ձիթենու ծառը շատ դանդաղ է աճում, ապա դա պետք է տնկել շատ վաղ հասակում։ Հետաքրքիր է, որ որքան դանդաղ է բույսը հասունանում` այնքան ավելի երկար է ապրում։ Միջերկրականի ափերին ապրող ազգերը համարել են, որ ձիթենին անմահ է, դա հեռու չէ ճշմարտությունից, քանի որ բույսի միջին տարիքը մոտ 1500 տարի է, առավելագույնը` 3000։

Հին Հունաստանում ձիթապտղի յուղն անվանել են «հեղուկ ոսկի», այն կարող էին փոխանակել ցանկացած ապրանքի հետ։ Այն տանը, որտեղ արու զավակ էր ծնվել, դռան շեմին ձիթենու ճյուղ են ամրացրել։ Օլիմպիական խաղերի հաղթողներին հանձնել են յուղով լի անոթ, ընդ որում, յուղը պետք է պատրաստված լիներ Աթենասի տաճարի մոտ աճող ձիթենիներից։ Հին Հռոմում ձիթենի հատողին մահապատժի են ենթարկել, բերքը կարելի էր հավաքել միայն ձեռքերով եւ պարտադիր` հատիկ առ հատիկ, որպեսզի պտուղը չընկնի գետնի վրա։ Բույսի բուժիչ հատկությունները բարձր է գնահատել Արիստոտելը. նա նույնիսկ հատուկ գիտություն է ստեղծել, որի նպատակը ձիթենու հատկությունների ուսումնասիրությունն էր։

Ձիթենին` Olea europala ձիթենազգիների ընտանիքին պատկանող բույս է: Այս ընտանիքին են պատկանում յասամանը, հասմիկը, հացենին։ Ձիթենին չի հանդիպում բնական պայմաններում. առաջին հայացքից նման է ուռենուն։ Ծեր, վատ խնամված ծառերի բները խիստ ոլորված են, կարող են լինել մի քանի պարուրաձեւ բներ։ Տերեւները մշտադալար են, նշտարաձեւ, վերեւից` կանաչ, տակից` արծաթավուն-մոխրագույն։ Ծաղիկը սպիտակ է, քառաթերթ։ Մշակվում է Միջերկրականի բոլոր երկրներում, Հարավային Աֆրիկայում, Չինաստանում, Ավստրալիայում, Ամերիկայում։ Բույսը աճում է նաեւ Այսրկովկասում, Կովկասի սեւծովյան ափում, Ղրիմում, Թուրքմենիայի հարավ-արեւմուտքում։

Ձիթապտղի սննդային արժեքը շատ բարձր է, դրանք բաժանվում են երկու հիմնական խմբի` ձիթենու յուղով հարուստ եւ ուտելի։ Թարմ պտուղը ուտելի չէ, քանի որ դառն է եւ կոշտ, միայն հոկտեմբերի սկզբին Եվրոպայի հարավի բնակիչները կարող են համտեսել պտուղը, քանի որ այդ ժամանակ այն առավել հասունացած է։

Կանաչ կամ սեւ պտուղները քաղում են նույն ծառից, տարբեր է դրանց հասունության աստիճանը։ Կանաչը կամ բաց դեղինը ոչ հասուն պտուղներն են, վարդագույնը եւ շագանակագույնը հավաքում են հասունացման շրջանում, սեւը լիակատար հասունացած պտուղն է։

Ձիթապտղի յուղը (կամ այլ անվանումը` պրովանսի) յուղը ստանում են սառը մամլման եղանակով, այդ յուղը չի չորանում, չունի հոտ, պահպանում է պտղի համը եւ օգտակար նյութերը։ Յուղը պարունակում է մեծ քանակությամբ օլեինաթթու` մի քանի անգամ ավելի, քան այլ բուսական յուղերում։

Քանի որ մարդու ճարպային հյուսվածքում նույնպես շատ է օլեինի քանակը, ապա ձիթապտղի յուղը լավ է յուրացվում օրգանիզմի կողմից։

Յուղը պարունակում է 12-20% լինոլեաթթու, որը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը։ Հագեցած ճարպերի ցածր պարունակության շնորհիվ յուղի օգտագործումը կանխարգելում է վաղաժամ ծերացումը, հիպերտոնիայի զարգացումը, լեղուղիների եւ հաստ աղիի հիվանդությունները, քարերի առաջացումը լեղապարկում եւ միզապարկում։

Հանճարեղ Ավիցենան համարում էր, որ ձիթապտուղը կարող է բուժել գրեթե բոլոր հիվանդություններից։ Այսօր հայտնի է, որ բացի B խմբի, A, E, C վիտամիններից, 100 գ յուղը պարունակում է 50 մգ հակաօքսիդանտ պոլիֆենոլներ` տիրոզոլ, հիդրո-քսիտիրոզոլ եւ այլն։ Այս նյութերը պաշտպանում են օրգանիզմը ազատ ռադիկալների «հարձակումից», հատկապես օգտակար են շաքարախտի, բրոնխների ասթմայի, ռեւմատիկ արթրիտի դեպքում։ Հետաքրքիր է իմանալ, որ յուղի կանոնավոր օգտագործման դեպքում նրա ազդեցությունը համատեղելի է ցավազրկող իբուպրոֆենի հետ` նվազում են ցավերը, կանխարգելվում է կռճիկի հետագա քայքայումը, լավանում հոդերի շարժունակությունը։ Ասթմայի դեպքում նվազում է նոպաների հաճախությունը։

Ձիթապտղի յուղի ճարպաթթուները բաղադրությամբ մոտ են մայրական կաթին` նպաստում են երեխայի նյարդային համակարգի ամրացմանը։

Պտուղը կանխարգելում է քաղցկեղի զարգացումը։ Անցյալ դարում կատարված ծավալուն հետազոտությունները ցույց են տվել, որ Կրետե կղզու բնակիչների սնունդի մեջ մեծ է ճարպերի քանակը, սակայն նրանք երկարակյաց են, չեն տառապում գիրությամբ, սիրտ-անոթային հիվանդություններով եւ քաղցկեղով։

Տերեւները նույնպես հարուստ են պոլիֆենոլով, բացի այդ, նկատվել է, որ տերեւի եւ յուղի մեջ կան նյութեր, որոնք զգալիորեն նվազեցնում են վարակի տարածումը, նպաստում դիմադրողականության բարձրացմանը։

Չինական բժշկության մեջ ձիթապտուղը դասվում է օրգանիզմը «հովացնող» մթերքների շարքին, խորհուրդ են տալիս ուտել այն շոգ եղանակին կամ կծու ուտեստի հետ, օգտագործել ալկոհոլ ընդունելիս։ Զգուշացնում են, որ ձիթապտուղն ունի հակամիզամուղ հատկություն եւ այն չարաշահելու դեպքում օրգանիզմում ավելանում է լորձի քանակը եւ առաջանում մարսողության խանգարում։ Խորհուրդ չի տրվում ուտել ձիթապտուղ քրոնիկական հոգնածության դեպքում։

Ձիթապտղի յուղը լեղամուղ է, պետք է զգուշանան խոլեցիստիտով հիվանդները։

Փորկապության դեպքում. Խմեք 1-ական ճ/գ (փոքր կումերով) ձիթապտղի յուղ` օրը 3 անգամ, սնունդ ընդունելուց առաջ։

Աթերոսկլերոզի դեպքում. Շաբաթական 2-3 անգամ առավոտյան մինչեւ սնվելը կերեք կանաչ ձիթապտուղ, որոնցից մեկը` կորիզի հետ, շարունակեք 1-2 ամիս։ Կորիզը քայքայվելիս արտադրում է անոթները մաքրող նյութեր։

Օստեոպորոզի դեպքում. Խառնեք 1-ական թ/գ գայլուկի կոնի փոշի եւ ձ. յուղ, ավելացրեք 1-2 թ/գ դարչին։ Քսեք մարմնին, ծածկեք թաղանթով, կապեք բրդյա շալով։

Զգուշացում։ Գայլուկը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա, նախապես ստուգեք արմունկի վրա, եթե մաշկը կկարմրի, ապա միջոցը հակացուցված է։

Խռմփոցի դեպքում. Կաթեցրեք յուրաքանչյուր քթանցքը 1-ական կաթիլ քնելուց առաջ։

Աչքերի խնամքի համար. Հայտնի է, որ աչքերի շրջակայքի մաշկը տարբերվում է զգայունությամբ` արյունատար անոթները մոտ են մակերեսին, կոլլագենի շերտը բարակ է, ցածր է էլաստինի պարունակությունը։ Մաշկը հաճախ է այտուցվում եւ ունի հատուկ խնամքի կարիք.

– Խառնեք 1-ական ճ/գ մանրացրած վաղենակի, երիցուկի, լորենու ծաղիկներ, վարդի ծաղկաթերթեր, ազնվամորու եւ ջղախոտ մեծի տերեւներ, ավելացրեք 200 մլ ձիթապտղի յուղ, 15 րոպե պահեք ջրային բաղնիքի վրա, թրմեք 30 օր, քամեք։ Օգտագործելուց առաջ գոլացրեք, քսեք բամբակե խծուծով կամ դրեք թրջոց կոպերին։

Մաքրելու կարգը հետեւյալն է. Թունդ կանաչ թեյի թուրմում թրջված խծուծը շարժեք դեմքի կենտրոնից` դեպի վերին, իսկ քիմքից` ներքին կոպերը։ Նույն կերպ վարվեք այլ գեղարարական միոցներով կոպերը մշակելիս` դրանք մաքրելիս։

Բրոնխիտի, թոքաբորբի դեպքում. Գոլացրեք եւ խառնեք հավասար քանակությամբ մեղր եւ ձիթապտղի յուղ։ Կերեք մեկական թ/գ, օրը 3-4 անգամ։ Օգտակար է երեխաներին` կապույտ հազի դեպքում։

Օնկոլոգիա. Խառնեք հավասար քանակությամբ կոնյակը եւ ձիթապտղի յուղը։ Խմեք մեկական ճ/գ` օրը 3 անգամ, սնվելուց 1 ժամ առաջ։ Շարունակեք 2 շաբաթ, 10 օր ընդմիջեք։ Կրկնեք 3 անգամ, անցեք համապատասխան բժշկական հետազոտություններ։ Ունի կանխարգելիչ եւ բուժիչ կիրառում։ Այլընտրանք կարող է լինել միայն չիչխանի յուղը։

Էկզեմայի դեպքում. Խառնեք չորացրած 2 ճ/գ սխտորի եւ 10 ճ/գ ծիծեռնախոտի փոշիները, 2 ճ/գ ձիթապտղի յուղը, 1-ական թ/գ սեղանի քացախ եւ հեղուկ մեղր, 48 ժամ թրմեք մութ, հով տեղում, զանգվածը ճզմեք, հանեք հյութը, քսեք վնասված մաշկին, ծածկեք պոլիէթիլենային թաղանթով, 1,5 ժամից հեռացրեք թաղանթը եւ թողեք չորանա։

Հիպերտոնիայի դեպքում. Օգտագործեք միայն ձիթապտղի յուղը։

Հոդատապի դեպքում. Ձիթապտղի յուղը խառնեք հալած մեղրի հետ (1։2), տեղադրեք մաշկի հիվանդ հատվածին, ծածկեք թղթով եւ ամրացրեք։ Պահեք 1 ժամ, փոխեք օրը 2 անգամ, շարունակեք 21 օր։

Պսորիազի դեպքում. Օգտագործեք նարդոսի եթերային եւ ձիթապտղի յուղերի (1։5) խառնուրդը` որպես քսուք։

Ստամոքսի խոցի դեպքում. 20 գ մանրացրած սրոհունդի ծաղիկին ավելացրեք 200 մլ ձիթապտղի յուղ, 15 րոպե պահեք մարմանդ կրակի վրա (ջրային բաղնիք)։ Խմեք 1-2 թ/գ, օրը 3 անգամ, սնվելուց կես ժամ առաջ։ Միջոցն օգտակար է ստամոքսաբորբի, կոլիտի, երիկամային քարերի դեպքում։

Ձիթապտղի յուղով պատրաստված գեղարարական միջոցներն ունեն մի շարք առավելություններ։ Հարուստ են մաշկին, մազերին եւ եղունգներին անհրաժեշտ վիտամիններով, միկրո եւ մակրոտարրերով, չհագեցած ճարպային յուղերով։ Քանի որ յուղը չի գոյացնում մաշկի վրա թաղանթ եւ լիովին կլանվում է, այն օգտագործում են այլ բույսերի մեջ պարունակվող նյութերով արյունատար անոթները սնելու համար։ Յուղը չի առաջացնում ալերգիկ ռեակցիա։

Նորմալ մաշկի համար. 1 թ/գ անյուղ կաթնաշոռը տրորեք կեսական թ/գ ձիթապտղի յուղի եւ մաղադանոսի հետ, 20 րոպե անց դեմքը մաքրեք բամբակե խծուծով, լվացեք գոլ ջրով։

Չոր մաշկի համար

– Հարեք 1 ձվի դեղնուցը, 1-ական ճ/գ ձիթապտղի յուղը եւ մեղրը (գոլացրեք մինչեւ 40 C աստիճան), 1 թ/գ սերկեւիլի հյութը։ Քսեք մաքուր դեմքին, 15-20 րոպե հետո լվացեք տաք ջրով։ Կատարեք շաբաթը 2-3 անգամ։ Շարունակեք 1-1,5 ամիս։ Հարթեցնում է մաշկը։

– 1ճ/գ մանր կտրատած սամիթը խառնեք 1 թ/գ ձ. յուղի հետ, ավելացրեք վարսակի ալյուր։ Համասեռ զանգվածը հաստ շերտով քսեք դեմքին, 20 րոպեից լվացեք գոլ ջրով։

Սնուցող դիմակ. Խառնեք 1 ճ/գ վարսակի ալյուրը, ավելացրեք 1-ական ճ/գ ձիթապտղի յուղը, տաք (եփած) կաթը, 1 թ/գ մեղրը։ 20 րոպեից լվացեք տաք ջրով։

Մաշկը հարթեցնող միջոց.

– Հարեք 1 ձվի սպիտակուցը, խառնեք 1 ճ/գ գրեյպֆրուտի հյութը, 1 թ/գ (գոլացրած) ձիթապտղի յուղը, ավելացրեք կաթնասերի մեջ ընկղմված վարսակի փաթիլ, մինչեւ ստացվի համասեռ զանգված։ Քսեք դեմքին եւ պարանոցին, 20 րոպեից լվացեք գոլ կանաչ թեյի թուրմով, մշակեք քսուքով։

– Տրորեք 2 ճ/գ կաթնաշոռը 1-ական թ/գ գոլ ձ. յուղի եւ մեղրի, 1 ճ/գ նարնջի հյութի հետ։ 15 րոպեից լվացեք դեմքը եւ պարանոցը թույլ, գոլ կիտրոնահյութով։

Կնճիռների առաջացումը կանխարգելող միջոց. Կես թ/գ վարդաթերթերի եւ սեւ հաղարջի տերեւի խառնուրդը 30 րոպե թրմեք 50 մլ եռջրում։ Հալեցրեք 10 գրամ մեղվամոմի եւ 50 գ լանոլինի խառնուրդ, երբ գոլանա` ավելացրեք 1-ական ճ/գ ձիթապտղի յուղ եւ (վարդի) թուրմ, 1 մլ A վիտամինի յուղային լուծույթ։

Երիտասարդացնող դիմակ. Խառնեք 1-ական թ/գ փոշիացրած արեւածաղկի սերմեր, ձիթապտղի յուղ, ավելացրեք 1 հարած ձվի դեղնուց։ Պահեք դեմքին եւ պարանոցին 20-30 րոպե։ Լվացեք տաք ջրով։ Մաշկը դառնում է առաձգական։

Քսուքներ

Լայնացած ծակոտիների դեպքում. Հալեցրեք 10գ մեղվամոմ, խառնեք 50գ տավարի ոսկրածուծին, երբ գոլանա` ավելացրեք 1 թ/գ ձիթապտղի յուղ, կաթիլ առ կաթիլ ավելացրեք 50գ կամֆորայի յուղ եւ 2 ճ/գ կիտրոնի հյութ։

Սկրաբ մարմնի մաշկի համար. Խառնեք 180գ շաքարավազ, 150գ մանր աղ, 100 մլ ձիթապտղի յուղ։ Օգտագործեք ցնցուղ ընդունելու ընթացքում։ Լողանալուց հետո քսեք մարմնի մաշկին հարմար քսուք։

Մազերի թեփի դեմ. Խառնեք ձիթապտղի յուղը կիտրոնի հյութին (2։1), շփեք գլխամաշկին, 8 ժամից լվացեք օճառահեղուկով։

Չոր մազերի համար. Աղացեք մեկ միջին սոխը, խառնեք 1-ական ճ/գ մեղրի եւ ձիթապտղի յուղի հետ։ Շփեք մազարմատներին, լվացեք 30-40 րոպեից։

Մազարմատներն ամրացնող դիմակ. Խառնեք 70 մլ գոլ զտված ջրի մեջ 2-ական ճ/գ կակաոյի փոշին եւ ձիթապտղի յուղը, 10 մլ կոնյակը։ Շփեք քսուքը մազարմատներին (մաքուր լվացած), ծածկեք գլուխը թաղանթով, 20-25 րոպեից լվացեք գոլ ջրով։

Մազերի աճին նպաստող միջոց. 2 ճ/գ եղինջի չոր խոտը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ, խառնեք մանրացրած կծու պղպեղի կեսը, ավելացրեք 1 թ/գ ձիթապտղի յուղ եւ 2-3 կաթիլ գիհինի եթերային յուղ։ Մերսելով (5-10 րոպե) շփեք գլխամաշկին, անմիջապես լվացեք գլուխը։

Ձեռքերի մաշկը հարթեցնող միջոց.

– Խառնեք բանանի 1/4 մասը, 1 թ/գ ձիթապտղի յուղը եւ հարած ձվի դեղնուցը, շիլայատիպ զանգվածը բարակ շերտով քսեք ձեռքերին, լվացվեք 20 րոպեից։

– Խառնեք 0,5 ճգ վարսակի փաթիլները, 1-ական ճ/գ տաք ջուրը եւ ձիթապտղի յուղը, 1 թ/գ բժշկական գլիցերին եւ կիտրոնահյութ։ Քսեք ձեռքերին, պահեք 15-20 րոպե։

Պաշտպանիչ քսուքներ ձեռքերի համար

– Հարեք 1 ձվի դեղնուցը 100 մլ ձիթապտղի յուղի, 1 ճ/գ մեղրի հետ, ավելացրեք 2-3 կաթիլ վարդի յուղ։ Օգտագործեք երեկոյան, հագեք բամբակե ձեռնոցներ։

– 50 գրամ մանրացրած թարմ ռեհանը 15 րոպե պահեք (40-50 աստիճան) ջրային բաղնիքի վրա 200 մլ ձիթապտղի յուղի մեջ, թրմեք 1 շաբաթ սառնարանում։

Եղունգների խնամք.

– 2 ճ/գ եղեսպակի խոտը 30 րոպե թրմեք 100 մլ եռջրում, ավելացրեք 40 մլ ձիթապտղի յուղ, 1 թ/գ ծովի աղ, 5-10 կաթիլ կիտրոնի հյութ, 5-10 րոպե եղունգները պահեք թուրմի մեջ։ Ամրացնում է եղունգները։

– Եղունգներն իջեցրեք գոլ ձիթապտղի յուղի մեջ։ Կատարեք շաբաթը 1 անգամ, կրկնեք 6-7 անգամ:

– Եթե մատը փուշ է մտել, ապա մշակեք ձիթապտղի յուղով։

– Խաշած ձվի դեղնուցը տրորեք 1-ական թ/գ մեղրի եւ ձիթապտղի յուղի հետ, կաթեցրեք մի փոքր կիտրոնի հյութ։ Քսեք եղունգներին, պահեք 15-20 րոպե։