Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն վրացական «Ասավալ-դասավալի» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանն Աջարիայի հետ կապող ուղիղ ավտոճանապարհի կառուցմամբ կարող է լուրջ ժողովրդագրական խնդիրներ ստեղծել Վրաստանի համար: «Նայեք Աբխազիային, այնտեղ հայերն ավելի շատ են, քան աբխազները»,- ասել է նա: Շեւարդնաձեն նաեւ չի բացառել, որ Վրաստանի իշխանությունները զիջման կգնան եւ Հայաստանին կվերադարձնեն, այսպես կոչված, վիճելի եկեղեցիները: Վրացական կայքերի հաղորդմամբ` Վրաստան կատարած այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մ. Սահակաշվիլիի հետ քննարկել էր նաեւ այդ ճանապարհի կառուցմանն առնչվող հարցեր, եւ պայմանավորվել էին արագացնել այդ ճանապարհի կառուցման գործընթացը, որը Գոդերձի լեռնանցքի միջոցով Հայաստանն ու Բաթում քաղաքն իրար է կապելու: Ի տարբերություն Շեւարդնաձեի` Սահակաշվիլին համոզված է, թե ճանապարհի կառուցումը կմեծացնի Վրաստան այցելող հայ զբոսաշրջիկների թիվը: