ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել է, որ թեեւ Օհանյանը չի ընդունում իրեն ներկայացվող մեղադրանքը, այդուհանդերձ, վերականգնել է պետբյուջեին հասցված վնասը: «Ընտանիքի կողմից, մեր կողմից այդ գումարը հավաքվել է եւ վերականգնվել է… մի քանի տասնյակ միլիոն դրամները»,- ասել է նա: Հարցին, թե ինչո՞ւ է Օհանյանը վճարել այդ գումարները` եթե իրեն մեղավոր չի ճանաչում, փաստաբանը պատասխանել է. «Քանի որ իր ղեկավարած ՃՈ-ում է դա կատարվել, եւ իր պատվի եւ արժանապատվության խնդիրն էր դա, այդ իսկ պատճառով վերականգնվել է»: Շրջանառվող լուրերի համաձայն, հնարավոր է` առաջիկայում փոխվի Մ. Օհանյանի խափանման միջոցը, եւ նա շուտով ազատության մեջ կլինի: Հիշեցնենք, որ Մ. Օհանյանը մեղադրվում է մարզային ոստիկանությանը տրամադրված խոշոր չափերի բենզինը յուրացնելու մեջ: Նշենք, որ Մ. Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը մոտենում է ավարտին, եւ առաջիկայում այն կուղարկվի դատարան: