Նախագահը չգիտի, որ ես Հայաստանում եմ ապրում

06/12/2011

Կիրակի օրը կառավարությունը` Հանրապետական կուսակցության անունից, մեծ շուքով ինչ-որ տնտեսական ծրագիր էր ներկայացնում, խոստանում էր նոր աշխատատեղեր բացել, բարձրացնել մարդկանց կենսամակարդակը: Սակայն ոչ այդ, ոչ էլ կառավարության մյուս ծրագրերում չկա, բացակայում է ՀՀ քաղաքացին, մարդը, ով ապրում է ոչ թե ընտրությունից ընտրություն, այլ ամեն օր: Ոչ թե ապրում, այլ գոյատեւում է: Այդ բացակայողներից մեկն էլ ութամյա այս աղջնակն է` Մարիամը, ով առանց չափազանցության, շատ ավելի խորը ներաշխարհ, աշխարհայացք, արժեքներ ու արժանապատվություն ունի, քան նման ծրագրեր ներկայացնողներն ու տապալողները: Ծայրահեղ աղքատության մեջ, անտանելի պայմաններում ապրող այս երեխան կարողանում է միաժամանակ դպրոցում սովորել գերազանց գնահատականներով, հաշմանդամ քրոջ համար աշխատանք փնտրել, քաղցած օրեր անցկացնել ու մտածել ապագայի մասին: Ընդ որում, մտածել արժանապատվորեն ու առանց ընկրկելու: Մեր թղթակցի բազմաթիվ փորձերին ի պատասխան` այս երեխան չի խոստովանում, որ հաց չի կերել, այսինքն` խոստովանում է, բայց այնպես, որ իրեն չկարեկցեն: «Ամեն ինչ էլ կերել եմ: Ինչ ուզել եմ` կերել եմ: Մենք հաց ունենք, ամեն ինչ էլ ունենք ու ոչ մի բանի կարիք չունենք»,- ասում է քաղցած երեխան` շեշտելով, որ սիրում է բոլորին, բացի Հայաստանի նախագահից: «Ինչո՞ւ, նախագահը քեզ ի՞նչ է արել» հարցին այսպես է պատասխանում. «Երբ որ մեր տելեվիզըրը աշխատում էր` ես տեսնում էի, որ ինքը Հայաստանի մասին խոսում էր: Ինքը չգիտի, որ ես Հայաստանում եմ ապրում, քույրիկս լավ չի լսում, ու իրան ոչ մեկը չի ուզում ընդունի աման լվացողի գործի, իսկ մամաս էլ փողոցներից վառելիք ա հավաքում: Ես էլ խաբում եմ, որ մենք հաց ունենք ուտելու: Հանկարծ դու իրան չասես, որ ես հաց չունեմ ուտելու, կասես, որ չեմ սիրում էս ժամերին ուտել»,- ասում է ութամյա երեխան` ավելացնելով, որ ուզում է կամ բժիշկ դառնալ, կամ դատավոր: «Ուզում եմ բժիշկ դառնամ, բայց ոչ էն բժիշկներից, որոնք դեղեր են նշանակում, այլ էն բժիշկներից, որ մարդկանց հետ խոսում են, ծիծաղում են, մարդկանց տրամադրությունը բարձրացնում են: Այսինքն` առանց դեղերի բուժող բժիշկ….Մեկ էլ ուզում եմ դատավոր դառնամ: Գիտե՞ս, ես սաղին սիրում եմ, բայց Հայաստանի նախագահին չեմ սիրում: Եթե բժիշկ չդառնամ ու դատավոր դառնամ` անպայման նախագահին կդատեմ»,- ասում է Մարիամը` ամեն նախադասությունից հետո լրագրողին խնդրելով, ավելի ճիշտ` պահանջելով, որ իրեն հանկարծ չխղճա: Սա առանձին վերցրած մեկ ընտանիքի, մեկ երեխայի ճակատագիր է, որի մասին բարձրաձայնելը իշխանությունները հաստատ կորակեն որպես պոպուլիզմ կամ կառավարության աշխատանքը չգնահատելու չարամտություն: Սակայն նորմալ երկրում, նորմալ իշխանությունների, ի վերջո, նորմալ մարդկանց համար պետք է առաջին հերթին կարեւորվեն ոչ թե մուդիսների, համաշխարհային բանկերի, այլ քաղաքացիների, ապագա քաղաքացիների գնահատականները: