ԵԱՀԿ-ն ՌԴ-ում դեկտեմբերի 4-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները ճանաչել է ոչ բավարար մրցակցային եւ արձանագրել խախտումներ` ընտրաթերթիկները հաշվելու գործընթացի ժամանակ: «Քվեարկությունն ընդհանուր առմամբ լավ է կազմակերպվել, սակայն ընտրական գործընթացի որակն ակնհայտ վատթարացել է քվեաթերթիկները հաշվելու ժամանակ, որն ուղեկցվել է խախտումներով ու մեքենայություններով, ներառյալ` քվեաթերթիկների լցոնման լուրջ դեպքերը»,- նշած է ԵԱՀԿ հայտարարության մեջ: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուն էլ հայտարարել է, որ ԵԽ ԽՎ եւ ԵԱՀԿ միջազգային դիտորդները նշում են ՌԴ Պետդումայի ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումների, ինչպես նաեւ` քվեարկության ընթացքին իշխանությունների միջամտության մասին: «Ընտրություններում նկատվել է իշխանությունների միջամտություն»,- երեկ հայտարարել է Էֆտիմիուն, ըստ որի` խախտումներ են արձանագրվել ձայների հաշվարկի ժամանակ, քվեատուփերում լցոնումներ են նկատվել, ընտրական տեղամասերի ավելի քան մեկ երրորդից չեն ստացվել քվեարկության արդյունքների պատճենները, եւ նույնիսկ հաշվետվություն կա այն մասին, որ խանգարել են դիտորդների աշխատանքներին: Ինչպես եւ կարելի էր սպասել, ԵԽ ԽՎ եւ ԵԱՀԿ դիտորդների կարծիքին հակասում է ԱՊՀ երկրների դիտորդների գնահատականը, որոնք Պետդումայի ընտրությունները համարել են թափանցիկ եւ օրենսդրությանը համապատասխան: «Պետդումայի վեցերորդ գումարման ընտրությունները գնահատում ենք ՌԴ ընտրական օրենսդրությանը եւ ժողովրդավարական համընդհանուր նորմաներին համապատասխան»,- հայտարարել է առաքելության ղեկավար Վլադիմիր Գարկունը: ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից երեկ հրապարակված նախնական տվյալների համաձայն, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ստացել է ձայների մոտ 50 տոկոսը, սակայն նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատ վարչապետ Վլադիմիր Պուտինի գլխավորած կուսակցության օգտին տրված ձայների քանակը զգալիորեն պակասել է: 2007 թ. ընտրություններում կուսակցությունը ստացել էր ձայների 64 տոկոսը: Երկրորդ տեղում է Կոմունիստական կուսակցությունը` 19.16%-ով: «Սպրավեդլիվայա Ռոսիա» եւ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունները համապատասխանաբար ստացել են ձայների 13,3 եւ 11,7%ը: Ընտրություններին մասնակցում էին եւս երեք ուժեր` «Յաբլոկո», «Պատրիոտի Ռոսիի» եւ «Պրավոյե Դելո» կուսակցությունները, որոնք, ստանալով չնչին տոկոսներ,Պետդումայում մանդատներ ստանալու համար անհրաժեշտ 7% նվազագույն շեմը չեն հաղթահարել: «Յաբլոկո» կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկին հայտարարել է, որ համաձայն չէ ընտրությունների արդյունքների հետ եւ մտադիր է բողոքարկել դրանք: ԿԸՀ-ի տվյալներով, «Յաբլոկոյի» օգտին քվեարկել է ընտրողների մոտ 3.3%-ը: Փորձագետների կարծիքով` գրանցված արդյունքները «Եդինայա Ռոսիայի» համար լուրջ պարտություն են նշանակում, եւ կուսակցությունը կարող է հարկադրված լինել կոալիցիա կազմել Պետդումա անցած ուժերից որեւէ մեկի հետ: Ի դեպ, խորհրդանշական է, որ Մոսկվայի hոգեբուժական հիվանդանոցում «Եդինայա Ռոսիայի» օգտին գրանցվել է ձայների 93%-անոց արդյունք: