Առանձին` դեպի Եվրասիական միություն

06/12/2011

«Նոր Ժամանակներ» կուսակցության` ուրբաթ օրը կայացած համագումարում ՆԺԿ-ի նախագահ է վերընտրվել Արամ Կարապետյանը: Ըստ ՆԺԿ-ի տարածած մամլո հաղորդագրության, համագումարն ընտրել է նաեւ 5 հոգուց բաղկացած Վարչություն: Համագումարը ընդունել է նաեւ «երկու կարեւորագույն որոշում»` կապված առաջիկա համապետական ընտրություններին ՆԺԿ մասնակցության հարցին եւ Եվրասիական միությանը ՀՀ-ի անդամագրվելու խնդրին: Կուսակցությունն անհրաժեշտ է համարել Հայաստանի միացումը «Եվրասիական տնտեսական միություն» ստեղծելու մասին հռչակագրին: Մյուս «կարեւոր» որոշման համաձայն, ՆԺԿ-ն առանձին համամասնական ընտրացուցակով կմասնակցի 2012թ.-ի խորհրդարանական, ինչպես նաեւ` սեփական թեկնածուով` 2013 թ. նախագահական ընտրություններին: Համագումարի ընդունած` ընտրություններին վերաբերող որոշման կետերից մեկում էլ ասվում է. «այդ ընտրությունները օգտագործելով որպես քաղաքական պահ եւ համագործակցելով այլ քաղաքական ու հասարակական ուժերի եւ ակտիվ քաղաքացիների հետ, հայկական քաղաքական թատերաբեմից անվերապահորեն հեռացնել բացառապես խմբային շահերով առաջնորդվող գործող վարչակազմին եւ նրա սպասարկուներին»: