ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Անկարայում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել արագացնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: «Hurriyet Daily News»-ի հաղորդմամբ` Բայդենն ասել է, թե դա թույլ կտա ԱՄՆ վարչակազմին կասեցնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ հետագա օրինագծերը Կոնգրեսում: Ստամբուլում երիտասարդ թուրք գործարարների հետ հանդիպման ժամանակ Ջո Բայդենը` խոսելով իր թուրք գործընկերների հետ կայացած բանակցությունների մասին, ասել է. «Մենք քննարկել ենք մեր սերտ համագործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում, իրավիճակն Իրաքում եւ Աֆղանստանում, արձանագրել ենք, որ Սիրիայի խնդրում համակարծիք ենք Թուրքիայի հետ: Մենք նաեւ հույս ունենք, որ Միացյալ Նահանգների երկու հաստատակամ դաշնակիցները` Իսրայելն ու Թուրքիան, կկարողանան բարելավել իրենց հարաբերությունները: Մենք անդրադարձել ենք Թուրքիայի սահմանադրական բարեփոխումներին, որոնք, մեր համոզմամբ, կամրապնդեն թուրքական առանց այդ էլ բավական ուժեղ ժողովրդավարության դիրքերը»: Բայդենն իր այցի ընթացքում` հանդիպել է նաեւ վարչապետ Էրդողանի հետ շաբաթ օրը երեկոյան, վերջինիս տանը (մի քանի օր առաջ վիրահատել էին Էրդողանի ստամոքսը, եւ նա առայժմ ի վիճակի չէ լիարժեքորեն աշխատել): Հանդիպումն, ըստ թուրքական լրատվամիջոցների, տեւել է մոտ երկու ժամ: