Երեկ ԱԺ Հանրապետական կուսակցության ղեկավար Գալուստ Սահակյանն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց խորհրդարանի փոխնախագահ Սամվել Նիկոյանի թեկնածությունը: Այն, որ ԱԺ նախագահ է դառնալու Ս.Նիկոյանը, արդեն հայտնի դարձավ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից անմիջապես հետո: Նախորդ շաբաթ պարզապես ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերում պաշտոնապես հայտարարվեց այդ առաջադրման մասին: Իսկ երեկ խորհրդարանում տեղի ունեցան նրա առաջադրման հետ կապված քննարկումները: Ընտրությունը տեղի կունենա այսօր: Իսկ Ս.Նիկոյանի ընտրվելուց հետո, երբ թափուր կմնա փոխնախագահի պաշտոնը, ՀՀԿ-ն այդ տեղի համար կառաջադրի խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը: Այսօր երեկոյան խորհրդարանը կկազմակերպի նաեւ երկրորդ ընտրությունը` ԱԺ-ն պատգամավորների առաջարկությամբ նիստից հետո արտահերթ նիստ կհրավիրի: Այնպես որ, այսօր մինչեւ երեկոյան խորհրդարանը կունենա հանրապետական նոր նախագահ եւ փոխնախագահ: Եվ սա խնջույքասեր այս կուսակցության համար կդառնա մինչեւ Ամանոր եւս մեկ անգամ լավ «տժժալու» առիթ:
Ինչպես նախորդ, այդպես էլ այս անգամ ԱԺ նախագահի պաշտոնի համար ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունն առաջադրեց Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը` չորրորդ գումարման ԱԺ-ում երկրորդ անգամ ՀՀԿ-ի թեկնածուին պարտվելու երաշխավորված հեռանկարով. նրան ընտրելու են միայն իր խմբակցության 6 անդամները: Լավագույն դեպքում կարող են լինել եւս մի քանի ընտրող այլ խմբակցություններից կամ, այսպես կոչված, անկախ պատգամավորներից: Երեկ փորձեցինք «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանից տեղեկանալ, թե ինչու են նրանք առաջադրում իրենց թեկնածուին, եթե նախապես գիտեն, որ նա չի ընտրվելու: Չէ՞ որ ԱԺ նախագահի պորտֆելը պատկանում է իշխող ՀՀԿ-ին: Այդ առաջադրմամբ խորհրդարանի նախագահի ընտրության համար ազատ մրցակցությո՞ւն են ապահովում, թե՞ այդ առաջադրումն այլ նպատակ ունի: «Հայ ժողովուրդը եւ հայոց քաղաքացին երբեք պիտի չմտածի, որ իր քվեն կապ չունի, որ անկապ է մեր պետության հետ, որ վերեւներն արդեն որոշել են: Մեր ժողովուրդը պիտի օրինակներ տեսնի, պետք է պայքարել այլընտրանքային լուծումների համար, որ որեւէ բան անհույս չէ, եւ երբ մենք դառնանք իրավատեր, մենք կունենանք վերջապես հաղթանակ քաղաքական գործընթացներում: «Ժառանգությունը» ցույց է տալիս, որ մենք ունենք թեկնածու, որը կրում է այդ իրավական, բարոյական, քաղաքացիական եւ ազգային հատկանիշները, որոնցով օժտված պետք է լինի ԱԺ նախագահը: Եթե մենք հիմիկվանից խոստովանենք ճակատագրապաշտորեն, որ ամեն ինչ որոշված է, ուրեմն մեր երկիրը հեռանկար չունի»,- ասաց պարոն Հովհաննիսյանը:
Խորհրդարանական մյուս` «Դաշնակցություն» խմբակցությունը դեռ չի որոշել, թե որ թեկնածուին է ընտրելու` ՀՀԿ-ական Ս.Նիկոյանի՞ն, թե՞ Լ.Ալավերդյանին: Սակայն երեկ ՀՅԴ-ի շարքերից արդեն կցկտուր տեղեկություններ էին հնչում, թե խմբակցությունը ներքին որոշում է ընդունել` քվեարկել Ս.Նիկոյանի օգտին: Միգուցե այդ մասին բացահայտ հայտարարություն չանեն` թողնելով դա իրենց անդամների ազատ ցանկությանը: Իսկ կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունները հայտարարեցին, որ ընտրելու են Ս.Նիկոյանին: Հիշեցնենք, որ վերջինս ԱԺ փոխնախագահ է ընտրվել 2009թ. մայիսի 18-ին: Այդ ժամանակ` 2,5 տարի առաջ Հայաստանի քաղաքական դաշտում այլ իրավիճակ էր: Կոալիցիայում կրքերը խաղաղ էին, որովհետեւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը դեռ չէր հայտարարել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ցանկություն ունեն ստանալ ձայների 50+1 տոկոսը: Ի դեպ Գ.Ծառուկյանն այդ հայտարարությունն արեց անցած տարի հոկտեմբերի 7-ին, երբ ԱԺ-ն Ս.Նիկոյանին փոխնախագահ էր ընտրում: Եվ այդ հայտարարությունից հետո ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ սեւ կատու անցավ: ՀՀԿ-ն, արդեն 1 տարի է, ԲՀԿ-ից պարբերաբար հավատարմության երդումներ է պահանջում: Իսկ վերջին շրջանում թմրամոլության կասկածանքով ձերբակալվել են ԲՀԿ-ի մի քանի անդամներ ու համակիրներ: Եվ հիմա ԱԺ նախագահի ու փոխնախագահի ընտրություններն անցկացվելու են այս երկու կուսակցությունների լարված հարաբերությունների մթնոլորտում: Այդ լարվածությունը զգացվում էր նաեւ ԱԺ վերջին նիստերի օրերին: Երեկ, երբ ՀՀԿ-ն առաջադրում էր Ս.Նիկոյանի թեկնածությունը, ԲՀԿ ոչ մի պատգամավոր դահլիճում չէր: Մի քանիսը ներս մտան ավելի ուշ: Կարծես թե ԲՀԿ-ն բոյկոտում էր ՀՀԿ-ին ու ԱԺ նիստերը: Եվ դժվար է ասել, թե այսօր նրանք ինչպես են մասնակցելու այս երկու ընտրություններին: Հատկապես որ, Ս.Նիկոյանը նախագահ Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդկանցից մեկի համարումն ունի, ինչը վերջին շրջանում չուներ Հովիկ Աբրահամյանը: Վերջինիս, տարածված կարծիքների համաձայն, Ս.Սարգսյանը ստիպեց հրաժարական տալ, որովհետեւ չէր վստահում ԲՀԿ-ի հետ ունեցած անձնական եւ գործնական կապերի պատճառով: Երեկ ԱԺ դահլիճը հնարավորինս լցնելու համար ՀՀԿ-ն բերման էր ենթարկել իր գրեթե բոլոր պատգամավորներին: Հիշեցնենք, որ Ս.Նիկոյանը փոխնախագահ է ընտրվել 104 «կողմ» եւ 3 «դեմ» ձայներով: Այդ պատճառով էլ հիմա նա է ԱԺ նախագահի պաշտոնակատարը: Նախագահ ընտրվելիս կունենա՞ նման ճոխ պատկեր: Դժվար է ասել: Հ.Աբրահամյանը ստացել էր 110 ձայն: Բացի այն, որ ԲՀԿ-ն կարող է ոչ ամբողջ կազմով մասնակցել ընտրություններին, այսօր մի շարք պատգամավորներ նաեւ գործուղումների մեջ են: Իսկ Հ.Աբրահամյանի ընտրության ժամանակ ՀՅԴ-ն դեռ կոալիցիայում էր եւ քվեարկեց նրա օգտին: Այնպես որ, Ս.Նիկոյանին այսօր դժվար կլինի ապահովել այդքան ձայն:
Իսկ երեկ խորհրդարանում նաեւ քննարկվում էր, թե քանի ձայնով փոխնախագահ կընտրվի Է.Շարմազանովը: Այս հարցը բավականին սկզբունքային է ՀՀԿ-ի համար, քանի որ հենց այդ ձայների քանակից է կախված, թե ով է լինել ԱԺ առաջին նախագահը: Հիշեցնենք, որ Ս.Բալասանյանը երկրորդ փոխնախագահն է, որովհետեւ Ս.Նիկոյանից պակաս` ընդամենը 74 ձայն էր ստացել: Այդ ժամանակ նույնիսկ խոսում էին, թե ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Գագիկ Մելիքյանը մի կերպ է ապահովել Ս.Բալասանյանի ընտրությունը, որովհետեւ պատգամավորների զգալի մասն այդ օրերին «հավես չուներ» մասնակցել նիստերին, քանի որ դրանք անցկացվում էին Կառավարության Նիստերի դահլիճում: Եվ այսօր ՀՀԿ-ն պետք է ամեն ինչ անի, որ Է.Շարմազանովը ստանա ավելի շատ ձայներ, որպեսզի հարկ եղած դեպքում ԱԺ նախագահի պաշտոնակատարը նորից ՀՀԿ-ական լինի:
Ավելացնենք նաեւ, որ իր թեկնածության առաջադրումից հետո ունեցած ելույթում Ս.Նիկոյանը հայտարարեց, թե կհրաժարվի «ԱԺ դերի բարձրացումը» եզրույթից: Հիշեցնենք, որ 2008թ. սեպտեմբերին, երբ իշխանությունները ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին ստիպեցին հրաժարական ներկայացնել եւ նրա փոխարեն առաջադրեցին Հ.Աբրահամյանի թեկնածությունը, դա բացատրեցին «ԱԺ դերի բարձրացման» պատճառաբանությամբ: Եվ անցած 3 տարիներին այդ տերմինը բազմաթիվ լուրջ եւ անլուրջ քննարկումների առիթ էր տվել: Իսկ երեկ Ս.Նիկոյանի այդ հայտարարությունն ընկալվեց` որպես հրաժարում Հ.Աբրահամյանի հռչակած կուրսից: «Ո՞րն է Ձեր չափման կոնցեպցիան, որ նախկին խոսնակի կոնցեպցիան անչափելի համարեցիք»,- հարցրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
«Ես ասել եմ եւ այս դահլիճում, եւ մամուլում, որ այդ մոտեցումը չեմ համարել քաղաքագիտական տերմին, դա անչափելի է: Ինչպե՞ս իմանանք` դա բարձրացվե՞ց, թե՞ ոչ, կամ բարձրացվեց պետական կառավարման մարմիններից որի՞ հաշվին: Այդ պատճառով ես առաջարկեցի օգտագործել զուտ սահմանադրական տերմին` Սահմանադրությամբ ԱԺ-ին ընձեռնված լիազորությունների իրականացման շրջանակներում»,- պատասխանեց Ս.Նիկոյանը` ավելացնելով, թե իր արտահայտած մտքերը չպետք է դիտվեն հակասությունների համատեքստում:
Ս.Նիկոյանը նաեւ հայտարարեց, թե որպես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ` պետք է հանդիսանա Կառավարության քաղաքական հենարանը, որպեսզի գործադիրը կարողանա իրականացնել իր ծրագրերը: Հիշեցնենք նաեւ, որ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի օրոք կարծիք կար, թե նա երբեմն խոչընդոտներ էր ստեղծում Կառավարության ներկայացրած օրինագծերը քննարկելու հարցում, որովհետեւ լարված հարաբերություններ ուներ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: «Կարծում եմ, որ չեն ստեղծվի արհեստական խոչընդոտներ կառավարության համար, այլ կապահովվի գործընկերային հարաբերությունների ամրապնդում: Սա չի ենթադրում կառավարության կողմից ներկայացված նախագծերի եւ ծրագրերի վերաբերյալ խորը եւ բովանդակային քննարկումների բացառում: Ավելին` ստեղծվեն քննարկումների համար անհրաժեշտ բոլոր պայմանները` տարբեր հարթակներում»,- ավելացրեց Ս.Նիկոյանը: