Երեկ Ֆրանսիայի վարչապետի ներկայացուցիչ Ադրիեն Կութեյրոն Լիբանանում հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ: Ըստ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տարածած մամուլի հաղորդագրության, Կութեյրոն Եգիպտոս, ապա նաեւ Լիբանան էր այցելել` այդ երկրներում տեղի ունեցող իրադարձություններին ավելի մոտիկից ծանոթանալու եւ այդ շրջանակում քրիստոնյա համայնքի ներկայացուցիչների կարծիքը լսելու համար: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, Վեհափառ հայրապետն անդրադարձել է Ֆրանսիայի արտգործնախարարի` վերջերս Թուրքիա կատարած այցի ժամանակ արած այն հայտարարությանը, թե «Ֆրանսիան պատրաստ է հայերից եւ թուրքերից բաղկացած հանձնախումբ հյուրընկալել` 1915թ. պատահած ցավալի իրադարձությունները քննելու համար»: Արամ Ա-ն վարչապետի ներկայացուցչին ասել է, թե նախարարի այդ հայտարարությունը մեծ վրդովմունք է առաջացրել հայ ժողովրդի շրջանում: «Ինչպես է պատահում, որ Ֆրանսիայի խորհրդարանը եւ Ֆրանսիայի վերջին երեք նախագահները պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Ֆրանսիայի նախագահը վերջերս Հայաստանում իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության առնչությամբ, նույն երկրի նախարարը, սակայն, բոլորովին հակառակ հայտարարությունն է անում Թուրքիայում»,- ասել է Արամ Ա. կաթողիկոսը: Վարչապետի ներկայացուցիչը Վեհափառի խոսքերին ի պատասխան` նշել է, թե ինքն ակնկալում էր այդ հարցի արծարծումը, ապա հավելել, որ, ճիշտ է, Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն մյուս կողմից` չի կարող անտեսել Թուրքիայի դերը տարածաշրջանում եւ Եվրոպայի հետ նրա հարաբերությունները: Արամ Ա. կաթողիկոսը հանդիպման ընթացքում շեշտել է Ցեղասպանության ճանաչման եւ հատուցման անհրաժեշտությունը: